Հուլիսի 17-ի դեպքերից հետո, ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն տարածեց անվճար իրավաբանական ծառայության տրամադրման մասին, որն, ըստ պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի, այժմ էլ շարունակվում է: Ծովինար Խաչատրյանը մեզ հայտնեց, որ քաղաքացիների զանգերը հիմնականում գիշերային ժամերի են լինում` բերման ենթարկված քաղաքացիների հարազատների կողմից: «Նրանք չեն կարողանում գտնել, թե իրենց բարեկամներին որ բաժանմունք են տարել, քանի որ այդ ընթացքում լինում են տարբեր իրարամերժ պատասխաններ:
Մեր փաստաբանները հիմնականում դրանով են զբաղված եղել, այսինքն` որտեղ որ գտնվել է բերման ենթարկված անձը, մինչեւ ազատ արձակելու պահը եղել են հարազատների եւ բերման ենթարկվածի հետ»,-ասաց Ծովինար Խաչատրյանը:
Նրա խոսքերով` անվճար հիմունքներով աշխատում է շուրջ 12 փաստաբան:
Ըստ փաստաբանների պալատի մամուլի խոսնակի` զանգերը շատ են եղել, բայց հիմնականում փաստաբանները զբաղվել են մոտավորապես 20 գործով.«Այսօր էլ զանգ ենք ունեցել, որը փնտրում էր իր հարազատին ու մեր փաստաբանը այժմ զբաղվում է նրան գտնելու հարցով: Դեպք է եղել, որ մարդուն բերման են ենթարկել, դուրս է եկել եւ դրանից հետո նոր է մեզ դիմել, քանի որ նրան կանչել էին քննչական կոմիտե եւ նա փաստաբանի իրավաբանական խորհրդատվության կարիք ուներ»:
Կարդացեք նաև
Ծովինար Խաչատրյանը նաեւ հիշեցրեց իրենց կողմից անվճար իրավաբանական ծառայության հեռախոսահամարը`600-701:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ