«Նիկոլը քննադատեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, որին համարում էր իր քաղաքական ծնողը: Բայց նա ունի ուղղակի ծնողներ` իր հայրն ու մայրը»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով Խորենացի փողոցում ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ելույթներին:
«Երբ Նիկոլը երիտասարդ էր, մոտեցավ ինձ որպես լրագրող ու ասաց` «պարոն Հայրիկյան, հայրս ու մայրս Ձեզ են ընտրել»: Հարցրեցի` իսկ դո՞ւ: Ժպտաց…ենթադրում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եթե այն ժամանակ իր հայրիկին ու մայրիկին լսած լիներ, իր կյանքի ուղին բավականին ճիշտ կգնար»,-նկատեց Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն իր դեմ տրամադրեց բոլորին` հայտարարելով, որ իրենք միակ ընդդիմությունն են. «Բայց չեմ կարծում, որ Փաշինյանը կամ որեւէ մեկը մի սխալի համար արտամղվեն…Ուրախ կլինեմ, որ Նիկոլն իր ներկայությամբ հարստացնի…Նրա նահանջը ծանր հարված էր: Չեմ կարծում, որ նա այդ հարվածը ծրագրել էր»:
ԱԻՄ առաջնորդն անդրադարձավ նաեւ Ազատության հրապարակում ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի ելույթին. «Նա ինքնուրույն որոշում ընդունեց, որ խոսափողը փոխանցում է անորոշ մարդկանց: Այնքան էլ ճիշտ չեմ համարում այդ քայլը, թեւ սիրում եւ գնահատում եմ նրան: Չի կարելի թողնել պատահական մարդկանց հույսին: Ինչ խորհուրդ ենք տալիս եւ կոչ անում, պետք է պատասխանատու լինենք դրա համար, ոչ թե անհետանանք»:
Կարդացեք նաև
Պարույր Հայրիկյանը նաեւ կարծիք հայտնեց, որ «Սասնա ծռեր» զինված խմբի շուրջ ստեղծված իրավիճակից խաղաղ ելք հնարավոր է իշխանությունների հրաժարականի դեպքում. «Իշխանությունները հասկանում են, որ իրենց համար վնասակար է մարդ սպանելը»:
Բանախոսը նաեւ քննադատեց իրավապահների գործողությունները, մասնավորապես` լրագրող Լեւոն Բարսեղյանին բերման ենթարկելը եւ «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի ձերբակալությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ