Թուրքիայում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտին Էրդմանն իր պարտականություններն իրականացնելիս որոշակի խնդիրներ ունի Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ու այդ երկրի կառավարության այլ մարմինները դադարել են շփվել Թուրքիայում Գերմանիայի դեսպանի հետ՝ այդպիսով արտահայտելով թուրքական պետության բողոքը՝ ուղղված Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն։
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երբեմն ընդունում է Գերմանիայի դեսպանատան այլ՝ դիրքով ավելի ցածր աշխատակիցներին, բայց չի հանդիպում դեսպան Էրդմանի հետ։