Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմինե Ֆանյան. Միջազգային հանրությունը կդատապարտի ոստիկանության չարդարացված բռնությունը (Տեսանյութ)

Հուլիս 28,2016 14:21

Այսօր երկրորդ օրն է, որ Շտապօգնության ծառայության բժիշկները, որոնք ՊՊԾ գնդի տարածք են մտել «Սասնա ծռեր» խմբի անդամներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով, գտնվում են գնդի տարածքում: Փաստաբան Արմինե Ֆանյանը, սակայն, գտնում է, որ դեռ վաղ է խոսել նրանց` պատանդի կարգավիճակում լինելու մասին, քանի որ կան հակակշիռ տեղեկատվություններ, որոնք համադրելով, հստակ չի երեւում նրանք պատա՞նդ են, թե` ոչ: «Հենարան» մամուլի ակումբում Արմինե Ֆանյանն ասաց, որ դեռ վաղ է այդպիսի իրավական գնահատականները տալը:

«Մենք ունենք, պարզապես հայտարարություններ լրատվամիջոցների, Ազգային անվտանգության ծառայությունների, որոնք դեռեւս որեւէ կերպ ստուգված չեն եւ այս պահին միանշանակ ասել, որ այնտեղ պատանդներ են եւ որեւէ մեկն այնտեղից իր կամքով դուրս գալու հնարավորություն չունի, կարծում եմ դեռ վաղ է»:

Իսկ եթե պատանդ պահելու փաստը հաստատվի, ապա, ըստ փաստաբանի, այն դասվում է ծանր հանցագործությունների շարքին, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է եւ բավական լուրջ պատիժ է սպասվում:

Արմինե Ֆանյանի խոսքերով, պետության պարտականությունն է ապահովել կյանքի իրավունքը: Aravot.am-ի հարցին, թե պետությունը չի հրաժարվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին բուժօգնություն տրամադրելուց, պարզապես պայմանը եղել է չեզոք գոտում, պետությունը պե՞տք է կատարի նրանց պահանջը, փաստաբանն ասաց, որ այս պահին կյանքի իրավունքը գերակա է եւ նրա պահպանությունը պետության գործառույթն է եւ անկախ նրանից, որ խմբի անդամները գնդի տարածքում են պահանջել այդ բուժօգնությունը, իշխանությունը պետք է տրամադրի նրանց:

Նրա խոսքերով, այդ բժիշկների ազատությունը նույնքան կարեւոր է, որքան գնդի տարածքում գտնվող անձանց կյանքի իրավունքը:

Փաստաբանի մեկնաբանությունները` տեսանյութում

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի երեկ ոստիկանության զանգվածային բերման ենթարկելու գործողությունները, եւ ոստիկանության այն պատճառաբանությունը, թե հենց տվյալ քաղաքացու անվտանգության համար է դա արվում, Արմինե Ֆանյանն ասաց, որ բերման ենթարկելու հիմքերը օրենքով սահմանված են եւ առանց որեւէ պատճառի անձին բերման ենթարկելը նրա իրավունքների կոպիտ խախտում է. «Վերջին օրերին այդ մասով անձանց իրավունքները զանգվածային խախտումների են ենթարկվել: Անձինք սահմանված օրենքով, սահմանված ժամկետից ավել պահվել են բաժիններում, անհայտ վայրերում, որտեղ անգամ նրանց պաշտպանները չեն կարողացել տեսակցել, հարազատները նրանց գտնվելու վայրը չեն իմացել»:

Մեր այն հարցին, թե այս ամենն ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրի հեղինակության վրա, փաստաբանն ասաց, որ միջազգային հանրությունը, որեւէ կերպ, պետության կողմից իրականացվող չարդարացված բռնությունը, ոչ չափավոր բռնությունը, որը կապված չէ հանցագործության կանխարգելման հետ, չի արդարացնի:

Տիկին Ֆանյանը չբացառեց, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ եւս բռնություն է եղել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031