Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու տնտեսագիտական համալսարանի անձնակազմը դուրս կգա կառավարության նախաձեռնության դեմ

Հուլիս 28,2016 14:40

Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, որը կայացած բուհ է, 20 տարվա պատմություն ունի, պատրաստվում են միավորել Գյումրու մանկավարժական ինստիտուտին՝ ստեղծելով համալսարան: Արդեն մի քանի օր է՝ Aravot.am-ը տարբեր ահազանգեր է ստանում բուհի դասախոսներից, ուսանողներից, որոնք նշում են, որ իրենք դեմ են այս մտադրությանը, պատրաստվում են ամբողջ բուհով ոտքի կանգնել ու ձախողել այն: «Շուտով կլրանա մեր բուհի 20-ամյակը, կառավարությունը պատրաստվում է շատ ինքնատիպ ձևով շնորհավորել՝ այն լուծարելով, երևի սա խրախուսելու, պարգևատրելու նոր մեթոդ է հա՞: Կասեք ի՞նչ կապ ունի տնտեսագիտական համալսարանը մանկավարժական բուհի հետ, ինձ համար ինչքան որ ՀՀԿ-ՀՅԴ «կոալիցիան» է համատեղելի, այնքան էլ այս երկու բուհերը: Թող բարի լինեն գան ու մեր կարծիքը լսեն»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Կարեն Պետրոսյանը:

Նշենք, որ մի քանի օր առաջ Գյումրի այցելած կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած գերատեսչությանը երեք ամիս ժամանակ է տրվել, որպեսզի Շիրակում համալսարան ստեղծելու ծրագիրը ուսումնասիրեն: «Խնդիրը հետևյալն է, մենք նաև «Բարձրագույն կրթության» օրենքով նկարագրում ենք համալսարանների ձևերը, իմ կարծիքով՝ ճիշտ չէ, որ Գյումրին՝ որպես երկրորդ քաղաք, չունենա համալսարան: Հիմա խնդիրը հետևյալն է, ինչպե՞ս անել, որ որևէ դժգոհություն չլինի, կրճատումներ և այլն տեղի չունենան և կարողանանք ձևավորվել նոր որակի կրթական հաստատություն: Մենք ունենք երեք բլոկ՝ մեկը, օրինակ, ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղն է, որն իր տեխնոկենտրոնով կայացած է, շատ լավ աշխատում է և ինստիտուտի կարգավիճակ ունի, այսինքն՝ այստեղ ձևաչափը խախտելը կարող է բավականին բարդություններ ունենալ: Ունենք արվեստի բլոկը, որը ինքն իր հետ խնդիր ունի, այսինքն՝ երեք հարկում, երեք հաստատություններ, այսինքն նրանց մոտ կարող է գնալ իրենց միավորման գործընթաց: Եվ ունենք մանկավարժական ինստիտուտը և տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը, հիմա այս երկուսի բլոկի վրա նոր մասնագիտությունների ներառմամբ կարող է ձևավորվել համալսարան: Այսինքն տարբերակներից մեկը սա է, որ քննարկում ենք: Որովհետև այսօր մանկավարժական ինստիտուտը տեսնում ենք մեկ էլ ունի կադաստրային գործ, ըստ էության, ինքն իր առաքելությունից շեղվել է և մտել է համալսարանական դաշտ: Տնտեսագիտական մասնաճյուղը ունի մասնագիտություններ, որոնք համալսարանական են, հիմա ձևաչափը ինչպես կլինի՝ ցանցային համալսարանի ձևո՞վ, հնարավոր է լինի Գյումրու համալսարան, որն ունենա մանկավարժական ինստիտուտ, տնտեսագիտական ինստիտուտ, արվեստի ինստիտուտ: Ձևաչափերի համար դեռ կխոսենք, երկու ամիս ժամանակ ունենք, այնպես կլինի, որ քաղաքը և կունենա իր հպարտությունը, և որևէ մեկը չի տուժի այս գործընթացներից, որովհետև շատ սուբյեկտիվ գործոն կա Գյումրիում, դուք բոլորդ գիտեք՝ մարդիկ շատ մեծ դեր են խաղում այս քաղաքում ու այս իմաստով այնպես պետք է անենք, որ համալսարանը դրական ֆոնի վրա առաջանա»,-ասաց նախարարը:

Նշենք, որ Գյումրու տնտեսագիտական համալսարանի անձնակազմի ու ուսանողների կարծիքը չլսելու դեպքում այստեղ բողոքի ակցիաներ են սկսվելու: Այս մասին մեզ տեղեկացրել են բուհից:

Զարգացումներին ու բուհի անձնակազմից յուրաքանչյուրի կարծիքին կանդրադառնանք առաջիկայում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Բայց տնտեսագիտականից կան դասախոսներ, որոնք շատ են շահագրռգված մանկավարժականի հետ միավորվելու հարցում: Օրինակ, Արտակ Հովհաննիսյանը շատ է ուզում, որ այդ միավորումը լինի և ամենուր այդ մասին է խոսում: Ասում է, որ տնտեսագիտականի Գյումրու մասնաճյուղի շահերից է բխում այդ միավորումը: Նրան թվում է, որ մանկավարժականի նոր ռեկտորի նշանակումը իր համար կապահովի երջանիկ ու բարգավաճ ապագա՝ ապահովելով մուտիլովշիկության լայն դաշտ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031