Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստեր եւ ընկալումներ

Հուլիս 28,2016 13:23

Մարդ արարածը ռոբոտ չէ՝ ունի զգացմունքներ, զգայական ընկալումներ, եւ ցանկացած փաստ նախ եւ առաջ անցկացվում է զգայական ընկալումների սեփական պրիզմայի միջոցով, նոր հաստատում գտնում ուղեղում:

Կան փաստեր.

ա) Մարդիկ զենքով մտել են պետական հիմնարկ՝ ոստիկանական ստորաբաժանում:

Զգայական ընկալումները տարբեր են.

1.Մեր հերոսները եկել են մեզ ազատագրելու

2.Խաղաղ պայքարն արդյունք չտվեց ՝ նրանք էլ անցան այդ մեթոդին

3.Միակ այլընտրանքը դա էր մնացել

4.Սա սովորական ահաբեկչություն է

5.Զինված հանցագործներ են

 

բ) Փոխհրաձգության ժամանակ զոհվել է ոստիկան

Ընկալումներն էլի տարբեր են

1.Ոստիկանը մարդ չի

2.Թող չկրակեր՝ պատասխան չէր ստանա

3.Դժբախտ պատահար էր

4.Ինքնապաշտպանություն էր

5.Իսկ ո՞վ էր խնդրում, որ ինքը կրակի, թող միանգամից հանձնվեր

6.Հերոսաբար զոհվեց՝ պաշտպանելով իր գունդը

7.Հանցագործները սպանեցին հրաշք մարդու՝ ազատամարտիկի

 

Գ) Բժիշկների խումբը երրորդ օրն է՝ ՊՊԾ գնդում է, նրանց՝ տարբեր պատճառաբանություններով, ԶԻՆՎԱԾ մարդիկ չեն թողնում հեռանալ

1.Բժիշկներին պատանդ են վերցրել

2.Բժիշկները պատանդ չեն, իրենց կամքով են մնացել

3.Եթե պատանդ լինեին՝ հեռախոսները ձեռքից վերցրած կլինեին եւ ձեռքեր-ոտքերը կապած կլինեին

4.Սա չլսված, չտեսնված հանցագործություն է, նույնիսկ պատերազմի հանցագործները բժիշկներին պատանդ չեն վերցնում

5.Ճիշտ են անում, որ թույլ չեն տալիս գնան, թե չէ իրենց պահանջները չեն կատարվի

 

Դ) Հեռուստաընկերություններից մեկը հեռախոսազրույց է հրապարակում մի մարդու հետ, որն ասում է, որ ինքը բժիշկ է եւ պատանդ է:

Զգայական ընկալումներն այսպիսին են

1.Բայց ի՞նչ իմանանք, որ դա հենց բժիշկն էր, որտե՞ղ է ապացույցը, որ լրագրողի հետ զրուցողը կոնկրետ Սալվադոր Խեչոյանն էր եւ ոչ թե որեւէ այլ մարդ, ոչ պատկեր կա, ոչ հեռախոսահամար, ոչ մի բան

2.Եթե պատանդ է՝ որտեղից հեռախոս եւ ինչո՞ւ է այդքան հանգիստ խոսում

3.Սարքած հարցազրույց է, ձայնը տարբեր է, եւ միայն «Այո» ու «ոչ» է ասում:

4.Տեսա՞ք, բժիշկն ինքը հաստատեց, որ ինքը պատանդ է, սա արդեն լուրջ քրեական հանցագործություն է:

5.Եթե ահաբեկիչ չլինեին՝ բժիշկներին չէին բռնի

Ե) Ոստիկանները՝ լուռ, առանց որեւէ բացատրություն տալու, խոչընդոտում էին մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը եւ բերման ենթարկում բոլորին՝ բացի ԶԼՄ ներկայացուցիչներից, ովքեր գտնվում էին կոնկրետ վայրում

1.Սա բռնապետություն է

2.Ի՞նչ իրավունքով եք մարդկանց բերման ենթարկում

3.Հա լավ, ի՞նչ էին անում, որ, տանում էին քաղմաս, հետո բաց թողնում

4.Սա բոլոր միջազգային նորմերի եւ ՀՀ օրենքների ոտնահարում է:

5.Նրանք կատարում էին իրենց տված հրամանը:

6.Հրամաններ կատարելուց առաջ՝ թող օրենք կարդան, որ իմանան, որ իրենց այս գործողությունները անօրինական են:

 

Զ) Պավել եւ Արամ Մանուկյանները եւ մի ոստիկան հրազենային վիրավորումներով հիվանդանոցում են

1.Ոստիկանները գիշերով թաքուն գրոհեցին ու խփեցին Պավլիկենց

2.Պավլիկենք ուզում էին վիրավորներին հանձնել, բայց իրենց խփեցին

3.Հերոս ազատամարտիկ Պավել Մանուկյանի վրա կրակողը թուրք է եւ ադրբեջանցի

4.Ուզում էին սպանել՝ չկարողացան

5.Փոխհրաձգության արդյունքում վիրավորեցին

6.Սնայպերները խփեցին

7.Խփել են գնդացրով:

 

Որքան էլ դա մեզ դուր չգա՝ դատարանը առաջնորդվելու է (ավելի ճիշտ՝ պարտավոր է առաջնորդվել) զուտ փաստերի քննարկմամբ՝ օրենքի պահանջից ելնելով: Եվ մեր զգայական ընկալումները մնալու են մեզ:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Նախ՝ վերջաբանի մասին: Դատարանը, փաստերի քննարկման արդյունքում վճիռ է կայացնում ներքին համոզմունքի հիման վրա, իսկ դա դատավոր(ներ)ի սեփական, անհատական զգայական ընկալումներն են: Համենայն դեպս օրենքը դա է ասում: Երկրորդ, ինչո՞վ եքհամոզված, որ դատ է լինելու: Ի՞նչ գիտեք ոնց են զարգանալու իրադարձությունները: Եւ երրորդ՝ մի զգայական ընկալում բաց եք թողել, այսինքն՝ հա, հետո ինչ, ի՞նչ կարամ անեմ, կամ եթե ավելի գռեհկացնեմ՝ ինձ ինչ, ինչ ուզում ա անեն, ո՞վ եմ ես:

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      1. Այո, դատարանը ՔՆՆԱՐԿԵԼՈՒ (քննելու) է փաստերն ու ապացույցները եւ ոչ թե զգայական ընկալումները՝ իմ ասածը դա է: Իսկ վճիռը կայացնելու է ոչ թե պարզապես սեփական զգայական ընկալումների հիման վրա, այլ՝ ներքին համոզմամբ` ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա:
      2. Հուսով եմ, որ իրադարձությունների ՑԱՆԿԱՑԱԾ զարգացման դեպքում դատ կլինի, այլապես կարելի է միանգամից խաչ քաշել Հայաստանի Հանրապետության վրա:
      3. Դա թերեւս մի շարք փաստերի հավաքական ընկալումն է, որը, վստահ եմ, մեծ տեղ ունի մեր հասարակության մեջ:

  2. Տիգրան says:

    2րդ կետի վերաբերյալ գուցե հետո խոսենք: Իսկ ՀՀ-ի վրա խաչ քաշելու էնքաաաաաաաաաան առիթ կա, որ էլ ասելու չի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031