Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաշաթաղն իմ տունն է» խորագրով ճամբարը սկսեց գործել Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում

Հուլիս 28,2016 13:12

Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Լիբանանում գործող ՀՅԴ «Զավարյան ուսանողական միություն»-ը մայր հայրենիքում կազմակերպում է ամառային դպրոցական ճամբարներ: Այս տարիների ընթացքում նման ճամբարներ գործել են նաև Արցախի Քաշաթաղի շրջանում՝ Բերձորի, Կովսականի քաղաքային, Այգեհովիտի, Տիգրանավանի, Մոշաթաղի և այլ գյուղական համայնքներում: Այս տարվա հուլիսի 25-ից նման ճամբար՝ «Քաշաթաղն իմ տունն է» խորագրով սկսեց գործել Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:

Հուլիսի 27-ին կայացավ ճամբարի պաշտոնական բացումը, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը:

Ճամբարի խմբապետեր Նանար Սարկիսյանը և Նարեկ Սարկիսյանը տեղեկացրեցին, որ առաջին անգամ են Արցախում և հիացած են մայր հայրենիքով:

Qashatax_7 Qashatax_1

-Ինչ կարդացել էինք դասագրքերում, արդեն մեր աչքով ենք տեսնում, -ասացին,-հեքիաթային երկիր է Արցախը:

Տեղեկացրեցին նաև, որ ճամբարը գործելու է մինչև օգոստոսի 5-ը:

Qashatax_2 Qashatax_3

Ճամբարականները՝ մոտ 100 հոգի, բաժանված են 3 խմբերի, որոնք կրում են հայ անվանիների անունները՝ Սիմոն Զավարյան՝ ավագներ, Ստեփան Զորյան՝ միջին դասարանցիներ և Քրիստափոր Միքայելյան՝ կրտսեր խումբ: Յուրաքանչյուր խումբ ունի իր խմբավարը, ովքեր աշակերտների հետ ճանաչողական բնույթի դասընթացներ են անցկացնում: Ճամբարի պաշտոնական բացմանը երեխաները պատրաստ էին, և Արցախի ու ՀՅԴ օրհներգների ներքո աշակերտ բարձրացրեցին Հայոց Եռագույնը և ՀՅԴ դրոշակը:

Ճամբարականներին ողջունեց Լ. Հովհաննիսյանը՝ կարևորելով լիբանանահայերի այս գործունեությունը նաև այն առումով, որ ճամբարում երեխաները կավելացնեն իրենց գիտելիքները: Կարևորեց նաև Քաշաթաղի դերը Հայոց նորագույն և հետագա պատմության համար՝ նշելով, որ այստեղ ծնված ու մեծացող սերունդն է ազատագրված հայրենիքի տերը, վաղվա ուսուցիչն ու գյուղատնտեսը, ղեկավարն ու զինվորը:

Qashatax_6 Qashatax_4

Կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ճամբարի կազմակերպման համար՝ նույնպես կարևորելով Քաշաթաղի դերը և այն, որ այստեղ ծնված մեր շատ տղաներ արդեն հայրենի սահմանն են պաշտպանում:

Հանդիսավոր արարողությունից հետո երեխաներն արդեն դասարաններում էին և ունկնդիր ղմբավարների դասախոսություններին: Դասախոսություններից հետո երեխաները մարզադահլիճում մասնակցում են տարբեր խաղերի: Երեխաները գոհ են, որ արձակուրդներին առօրյան անցկացնում են միասին, հետաքրքիր ու բովանդակալից: Կազմակերպիչները հոգացել են նաև երեխաների սննդի հարցը:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031