Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ Երևանը խորը մտահոգություն է հայտնում Լևոն Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության գործողությունների առնչությամբ

Հուլիս 28,2016 12:57

Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը ահազանգում է, որ ցանցի անդամ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին հուլիսի 27-ի լույս գիշերը ժամը 3-ի սահմաններում առանց հիմքի բերման են ենթարկել Երևան քաղաքի ոստիկանական վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցները (կարմիր բերետները)։ Թեև լրագրողները Լ. Բարսեղյանի որդուն հայտնել էին, թե առավոտյան 6։30-ին նրան ազատ են արձակել՝ նրա գտնվելու վայրի մասին մինչև ժամը 16:00 -ը ո՛չ գործընկերները և ո՛չ էլ հարազատները լուր չունեին։ Ինչպես հետագայում պարզվեց նրան Շենգավիթի ոստիկանական բաժնում պահել են մինչև ժամը 8:30-ը՝ զանցառելով 3 ժամից ազատ արձակելու կամ խափանման միջոցը փոխելու հստակ օրենքը: Հետագայում նրան տեղափոխել են Կումայրի բաժին և կրկին բերել Շենգավիթի քննչական բաժին:

Ոստիկանությունը քրեագիտական փորձաքննություն է նշանակել գրպանի ծալովի դանակի առնչությամբ որն ըստ ոստիկանության, գտնվել է Լ.Բարսեղյանի մոտ: Լ.Բարսեղյանի նկատմամբ նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն: Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով: Լևոն Բարսեղյանը ձերբակալվել է:

ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունից ՀՌՀ Երևանը տեղեկացել է, որ միայն նրանց միջնորդությամբ է կայացել Լևոն Բարսեղյանի և իր փաստաբանի հանդիպումը:
ՀՌՀ Երևանը խորը մտահոգություն է հայտնում Լևոն Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության՝բազմաթիվ անօրինականություններով ուղեկցված գործողությունների առնչությամբ՝ դրանում նրա հանդեպ քաղաքական հետապնդման միտում տեսնելով: Լևոն Բարսեղյանը վերջին օրերին քաղաքական ակտիվ և հանրային գործունեություն էր ծավալում՝ աջակցելով հուլիսի 17-ին Երևանի ՊՊԾ գունդը գրաված զինյալների նկատմամբ ուժ չկիրառելու հանրային պահանջը և նրանց կողմից առաջ քաշված Սերժ Սարգսյանի հրաժարականի քաղաքական պահանջը:

ՀՌՀ Երևանը կոչ է անում տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև դիվանագիտական կառույցներին իրենց ուշադրության կենտրոնում պահել Լևոն Բարսեղյանի նկատմամբ ոստիկանական գործողությունները և թույլ չտալ քաղաքական հայացքների հիմքով նրա նկատմամբ հետապնդման փորձերը:

 

Հյուման Ռայթս Հաուս Երևան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031