Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Մեժլումյան. «Լևոնի բախտը չբերեց ու փաստորեն ընկել է սանտիմետրով չափել չիմացողների ձեռքը»

Հուլիս 28,2016 12:16

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այն գրությունը, որը ձերբակալվելուց հետո թողել է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Հիշեցնենք, ծալովի գրպանի դանակի համար Լեւոն Բարսեղյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու դեպքի առթիվ:

Փաստաբան Կարեն Մեժլումյանն այս առնչությամբ մեկնաբանել է. «Սա սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալված Լևոն Բարսեղյանի թողած գրությունն է, որում նա նկարել է «սառը զենք» դանակը։ Դանակը ծալովի է, իսկ շեղբի երկարությունն է 8.5 սմ կամ 85 մմ։
Դա սառը զենք չէ։

«Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ժա) կետի համաձայն. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է` 1. Որպես քաղաքացիական և ծառայողական զենք` շրջանառության մեջ մտցնել (կարդա՝ կրել)՝ ժա) 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով շեղբավոր սառը զենք և դանակներ, որոնց շեղբը կամ սայրը հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով ինքնաբերաբար դուրս է գալիս բռնակից և ամրակցվում կամ դուրս է գալիս բռնակից ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ և ինքնաբերաբար ամրակցվում»:

Հավանաբար քննիչը սառը զենք կրելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, փորձաքննություն է նշանակել և Լևոն Բարսեղյանին ձերբակալել է մինչև եզրակացություն ստանալը։

Մանրամասն չանդրադառնալով այն հարցին, որ այս դեպքում ձերբակալումն աբսուրդ է, ցանկանում եմ անդրադառնալ այն հարցին, որ քրեական գործ չպետք է հարուցվեր, քանի որ դանակի շեղբի երկարությունը չափելու համար հատուկ գիտելիք չի պահանջվում։

Պարզապես հետաքննիչը, այնուհետև քննիչը պետք է վերցնեին սանտիմետրը, դնեին դանակի շեղբի վրա, չափեին դրա երկարությունը (նկարեին դա) և պարզելով, որ 91 մմ-ից կարճ է, ներողություն խնդրեին անհանգստություն պատճառելու համար և ազատ արձակեին։ Դրա համար կպահանջվեր մի քանի րոպե։

Բայց դե Լևոնի բախտը չբերեց ու փաստորեն ընկել է սանտիմետրով չափել չիմացողների ձեռքը։

ՀԳ Եթե անգամ շեղբը երկար լիներ 90 մմ-ից (1-ին պայման), դա դեռ չէր նշանակի որ դանակը սառը զենք է, քանի որ սահմանված այլ ստանդարտներ էլ կան, որոնց պետք է համապատասխանի 90 մմ գերազանցող շեղբով ծալովի դանակը (դա պետք է լինի ավտոմատ բացվող, շեղբի ամրություն, հաստություն և այլն)։ Լևոնի դանակի դեպքում հենց 1-ին պայմանն է բացակայում, ուստի մնացածին անդրադառնալու անհրաժեշտություն չկա և փորձաքննության անհրաժեշտություն չկար։

ՀԳ2 Կարծում եմ Լևոնի ձերբակալումը և մինչ այդ ապօրինի պահումը պետք է շտապ բողոքարկվի դատարան։ Դատարանը նույն օրն իսկ նիստ է նշանակում և որոշում կայացնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031