Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործողությունները ցույց տվեցին՝ ՀՀ-ն պաշտպանված չէ ոչ ներսից, ոչ՝ դրսից

Հուլիս 28,2016 11:20

Խորհրդարանի Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամների գործողություններում կոպիտ սխալներ է արձանագրել:

«Զինյալները պետք է դրսեւորեին բարձր պրոֆեսիոնալիզմ որպես ահաբեկիչ եւ բժիշկներին չվերցնեին պատանդ, դա կոպիտ սխալ էր, պետք է բանագնացների հետ այդպես չվարվեին, շատ կոպիտ էր նաեւ Վիտալի Բալասանյանին մանդատից զրկելը»,- ասաց Ազատ Արշակյանը:

Նա նաեւ կոպիտ սխալներ է առանձնացրել իշխանությունների կողմից. «Կոպիտ սխալ էր, որ բանակցություններում չներգրավեցին հասարակական, քաղաքական ակտիվիստներին:

Ինչ-որ ձեւով պետք է հանգուցալուծում լիներ, պետք է անպայման գործեր ներգրավվածության սկզբունքը, ե՛ւ իշխանությունները ե՛ւ զինյալները պետք է ներգրավեին կողմնակիցներին կամ հակառակորդներին գործի հանգուցալուծման մեջ: Այս իմաստով զինյալներն ավելի ճիշտ էին իրենց պահում՝ յուրայիններին հրավիրելով ասպարեզ, մասնակից դարձնելով իրենց գործին, նկատի ունեմ նաեւ հանրահավաքները: Իսկ իշխանությունները չներգրավեցին հասարակական կազմակերպություններին քաղաքական ուժերին, խորհրդակցություններ չանցկացրեցին»:

Azat_Arshakyan

 

Ազատ Արշակյանը իշխանության գործողություններում պրոֆեսիոնալիզմ է տեսել զինյալներին փուլ առ փուլ զինաթափելիս. «Որոշակիորեն բարձր պրոֆեսիոնալիզմ դրսեւորեց զինյալ խմբի անդամներին նախազգուշացնելիս, փուլ առ փուլ զինաթափելիս, զինյալների ոտքերին կրակելով նրանք սպանելու նպատակ չունեին, այլ միայն զինաթափելու: Պավլիկը խմբի հարվածային ուժն էր, նա կարեւոր գործոն էր. Պավլիկի ու որդու շարքից դուրս գալը ծանր կորուստ էր զինյալների համար, նրանք պետք է լուրջ պաշտպանված լինեին, բայց սխալվեցին՝ չպահպանելով իրենց անվտանգությունը, ինչը նույնպես համարում եմ կոպիտ սխալ: Նրանք տակտիկական լուրջ սխալներ թույլ տվեցին»:

Անդրադառնալով զինյալ խմբի ու իշխանությունների միջեւ բանակցություններին, որոնց մասին Ժիրայր Սեֆիլյանը լռում է, պարոն Արշակյանը շարունակեց. «Դա նույնպես կոպիտ սխալ է, Ժիրայր Սեֆիլյանը պետք է բաց լիներ, անպայման հայտարարեր, որ ինքը չի լինելու դիկտատորը: Այս շարժման անդամները պետք է հայտարարեին, որ իշխանությունը վերցնում են, տալիս ինչ-որ մեկին, ոչ թե վերցնում են իրենց, իրենց հայտարարում հեղափոխական կոմիտե, հետո կերեւա, սա էլ է կոպիտ սխալ: Չի կարող հիմա հեղափոխական կոմիտե լինել, կարելի էր իշխանությունը վերցնեին որեւէ ինստիտուտից՝ օրինակ` Սերժ Սարգսյանից, հանձնել կառավարությանը կամ սահմանադրական դատարանին, բայց իրենց պահվածքով լիկվիդացնում են պետականության բոլոր ինստիտուտները՝ լեգիտիմ, թե կիսալեգիտիմ, դա կարեւոր չէ… Ժիրայրը պետք է ասեր՝ մենք գրավել ենք իշխանությունը եւ հանձնում ենք լեգիտիմ որեւէ մարմնի, իսկ եթե իրենք են իրենց լեգիտիմ համարում, իրենց դիկտատուրան են հաստատում, դատապարտված է կործանման»:

Զինյալ խմբի գործողությունները, նախկին պատգամավորի խոսքով, ցույց տվեցին, որ Հայաստանը պաշտպանված չէ ոչ դրսից, ոչ՝ ներսից. «Բանակը վատ է զինված, սպառազինությունը որակյալ չէ,այսինքն` մեր երկիրը դրսից պաշտպանված չէ, բայց եւ պաշտպանված չէ ներսից, որովհետեւ մի քանի հոգի կարող են երկիրը գրավել: Սա նշանակում է, որ իշխանական համակարգը փտած է, թույլ է: Չէր կարելի նման բան թույլ տալ, այս ամենը պետք է տասը րոպե տեւեր, խափանվեր այդ գործողությունը, պետք է մի թեթեւ իմանայինք՝ փորձ է եղել զորամասի վրա, բայց ամեն բան կանխվել է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031