Հուլիսի 17-ից հետո միակ քաղաքական ուժը, որը հստակ ու ամբողջովին քաղաքական բնույթ ունեցող գնահատական տվեց եղելությանը, ՀՅԴ-ն էր։ Նրա ինչպես պաշտոնական հայտարարության, այնպես էլ անհատ գործիչների գնահատականներում հստակորեն սահմանազատվեցին երկրում ստեղծված իրավիճակի, մեղմ ասած, ոչ այնքան դրական արժեւորումները եւ դրա հաղթահարման օրինական-սահմանադրական ուղին ընտրելու անհրաժեշտության աներկբա հիմնավորումը։
Անշուշտ նման արժեւորումներն ու միաժամանակ՝ իրավիճակի հաղթահարման պահանջները կարող էին դուր չգալ ոչ միայն ՊՊԾ-ն գրավածներին, այլեւ իշխանության գծով սեփական գործընկերներին, բայց դրանք հստակորեն քաղաքական գնահատականներ էին։ Իսկ կուսակցությունները հենց նրա համար են, որ երկրի համար ստեղծված բարդ կացության մեջ կարողանան հանդես բերել որոշակի քաղաքական դիրքորոշումներ ու ներկայացնել իրավիճակի հաղթահարման հստակ դեղատոմսեր։
Որքան էլ տարօրինակ է, Հայաստանի քաղաքական դաշտի մյուս քաղաքական ուժերի շրջանում գերակայող դարձավ կոնյունկտուրային բնույթի կեցվածքը, հաճախ էլ՝ դրա վրա հիմնվող «լուսանկարվելու մարտավարությունը»։
Այս առումով տարբեր ուժերի որդեգրած մոտեցումների սկզբունքային տարբերությունը թերեւս միայն այն էր, որ ապրիլյան պատերազմի օրերի Ղարաբաղին փոխարինել էր ՊՊԾ-ն։ Այսինքն՝ եթե ապրիլին նրանց համար «լուսանկարչատունը» Ղարաբաղն էր, ապա հուլիսի 17-ից հետո՝ ՊՊԾ-ին հարակից Խորենացի փողոցը։
Կարդացեք նաև
Փաստորեն վերջին օրերին իրար հետեւից Խորենացի փողոց այցելած կուսակցական գործիչների մեծ մասն ընդամենը «երեւալու» հարց էր լուծում։ Առավել տիպականը նորաստեղծ «Համախմբումի» առաջնորդի ու կուսակտիվի այցն էր, որն իրականացվեց միայն տեսախցիկների առջեւ «խորիմաստ» դատողություններ անելու համար:
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում