Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշե Պետրոսյան. Ոստիկանները, եթե կարողանան ծիտ բռնեն, ծտին էլ բերման կենթարկեն

Հուլիս 28,2016 11:06

Ոստիկանությունը երեկ բերման էր ենթարկել նաեւ երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը: Նա Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենց բերման էին ենթարկել ոստիկանության զորքերի 1033 զորամաս:

«Անընդհատ մարդկանց թիվն ավելանում էր, ինչ որ մարդկանց բաց էին թողնում, ինչ-որ մարդիկ ավելանում էին: Ես հասկացա, որ նպատակն էր՝ ինչքան ակտիվ քաղաքացի կա բերել այնտեղ, աչքները վախեցնել»,- ասաց նա:

Եղիշե Պետրոսյանը նշեց, որ իր, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, «Նոր Հայաստան» միավորման անդամ Անդրիաս Ղուկասյանի եւ մի շարք փորձառու քաղաքական գործիչների ներկայությունը սաստում էր ոստիկաններին: Նա ընդգծեց, որ ոչ մի այլանդակություն չի տեսել՝ բացի ցինիզմից. «Այդ ամեն ինչը ցինիզմի դրսեւորում է, մարդկանց լցնեն «կարտոշկի» նման տեղափոխեն այնտեղ, անմարդկային պայմաններում, ավտոմատների եւ մասկաների տակ տպավորություն ստեղծեն»:

Խնդրեցինք մանրամասնել, թե ինչպես են քաղաքացիներին տեղափոխել ոստիկանության զորքերի զորամաս, Եղիշե Պետրոսյանը պատասխանեց. «Սովետական փլատակ մեքենայով, բնականաբար,փակ ճաղերով, որովհետեւ նույնիսկ օդ չկար շնչելու, բերանը ծռելով խոսելով՝ չգիտես՝ դա պետության ներկայացուցիչ է, թե ինչ-որ մի հատ չգիտեմ ով՝ գիտեք՝ բերանը ծռելով, որ խոսում են: Ահավոր շոգ, մինչեւ տեղ հասանք ամբողջ հագուստս ջուր էր եւ ոչ միայն իմը: Այնտեղ երեւի թե նստեցնում են ավելի շատ քանակով մարդկանց, քան կարելի է, օդ չկա շնչելու»:

Ոստիկանությունը երեկ Խորենացի փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելիս հայտարարում էր, թե բերման է ենթարկում միայն ցույցի մասնակիցներին, իսկ մյուս քաղաքացիներին, պարզապես տանում են ոստիկանական պատնեշից այն կողմ՝ ինքնությունը պարզելու: Aravot.am-ը Եղիշե Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք ոստիկանությունը այդպե՞ս է գործել, նա պատասխանեց. «Սուտ է, բացարձակ սուտ է. եթե կարողանան ծիտ բռնեն, ծտին էլ կտանեն: Այնտեղ հրահանգ է իջեցված՝ով այդ կողմերում կերեւա վերցրեք տարեք, որպեսզի աչքերը վախենան, բայց իրենք չգիտեն, որ վախեցողը այդտեղ չի էլ գալիս, այդտեղ գալիս է այն մարդը, որ այդ ամեն ինչից չի վախենում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031