Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացասական եմ գնահատում ՄԻՊ-ի պասիվ դիրքորոշումը, զարմանում եմ միջազգային կառույցների լռությունից»

Հուլիս 28,2016 10:18

Փաստաբան Հայկ Ալումյանը վստահեցրեց, որ ունենք այնպիսի ոստիկաններ,
որոնք գործ սարքելու համար կարող են մարդու գրպանը զենք գցել

Երեկ ՊՊԾ գնդի հարակից տարածքից, Խորենացի փողոցից կարմիր բերետավորները քաղաքացիներին զանգվածային բերման ենթարկեցին: Անհարգալից էին վարվում անգամ կանանց, տատիկների նկատմամբ: Նրանք նույն անհարգալից ձեւով բերման ենթարկեցին նույնիսկ հայտնի կինոդերասանուհի Արսինե Խանջյանին:

Երեկվա իրադարձություններից իրավական առումով զավեշտալի ու թերեւս նախադեպային էր նաեւ «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի մեղադրանքը` «ապօրինի սառը զենք պահել»:

Ապօրինի զենք, զինամթերք պահելու հոդվածով ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը: Նա տեղեկացրել էր, որ գիշերը առեւանգելիս իրեն ձեռնաշղթաներ են հագցրել եւ գրպանը զենք են գցել՝ հակառակ իր կամքին։ Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել էր, որ Արմեն Միքայելյանը մանրամասն նկարագրել է, թե ինչպես են ոստիկանները ոստիկանություն տանելու ճանապարհին նրա գոտկատեղին ատրճանակ տեղադրել, «ընդ որում՝ ոչ մեկ անգամ, քանի որ դժվար է եղել ատրճանակը այդ հատվածում երկար պահել»:

«Առավոտի» հետ զրույցում խիստ բացասական գնահատելով կատարվածը` փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ եթե այս գործերը հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ կլինի քաղաքացիներին ապօրինաբար ազատություններից զրկելու հետ կապված: Ըստ նրա` հետեւողական լինելու դեպքում ՄԻԵԴ-ում կարելի կլինի հասնել հաղթանակի, անգամ նրան, որ ՀՀ-ն տվյալ անձանց կրած ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական վնասները կփոխհատուցի, եւ պատասխանատվության կենթարկվեն նրանք, որոնք այդ հրահանգները տվել են:

Փաստաբանը մանրամասնեց. «Ուղղակի այդ հարցով պետք է հետեւողականորեն զբաղվել: Այժմ տեսնում եմ զանգվածային ձերբակալումներ, կալանավորումներ, բայց համոզված եմ, որ այդ դեպքերի անգամ մեկ տոկոսը Եվրոպական դատարան չի հասնելու»: Մեր հարցին` ի՞նչ պատճառով, պարոն Ալումյանը պատասխանեց. «Չգիտեմ` իրականում պատճառը որն է, որ այդքան քիչ գանգատներ են Հայաստանից հասնում ՄԻԵԴ, բայց իմ դատողությունները հիմնում եմ մինչեւ հիմա եղած իրավիճակի վրա»:

Պարոն Ալումյանը մտահոգություն հայտնեց նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հետ կապված. «Բացասական եմ գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի պասիվ դիրքորոշումը, զարմանում եմ միջազգային կառույցների լռությունից»:

Լեւոն Բարսեղյանին ներկայացված մեղադրանքը պարոն Ալումյանը ծիծաղելի համարեց ու նշեց. «Եթե ինչ-որ մեկին բերման են ենթարկում սառը զենք կրելու համար, ուրեմն նա համարյա բյուրեղյա մաքրության մարդ է. ուրիշ բան չեն կարողացել գտնել, ինչքան էլ փնտրել են: Կասկածելի վարկ ունենար, կարող է գրպանը թմրանյութ գցեին, տանեին, բայց Լեւոն Բարսեղյանն այն մարդը չէ, որին բերման ենթարկելիս թմրանյութ կամ ավելի լուրջ զենք կրելու հետ կապված կարող էին մեղադրանք ներկայացնել, դրա համար նման ծիծաղելի կասկածանքներ են շրջանառության մեջ գցել: Դա վկայում է այն մասին, որ այդ մարդու վրա ընդհանրապես ոչինչ չկա, ուստի ստիպված նման ծիծաղելի պատճառաբանություն են առաջ բերել»:

Մեր հարցին` ոստիկանությունից սպասելի՞ է այն, որ «գործ սարքելու» համար «Հիմնադիր խորհրդարանի» անդամի գրպանը զենք գցեին, ինչպես նա է պնդում, պարոն Ալումյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ ոստիկանությանը չէի ուզի ասել, բայց այո, ունենք ոստիկաններ, որոնք ընդունակ են դրան: Ունենք նաեւ այնպիսի քննիչներ, որոնք նման տվյալների հիման վրա պատրաստ են քրեական գործ հարուցել` վստահ լինելով, որ դա սարքովի գործ է»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

«Առավոտ»

28.07.2016

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031