«Սարգիս Խաչատուրյանի նկարչությունն ինքնատիպ է. նրա գործերում կա բոլոր այն երկրների ազդեցությունը, որոնցում եղել է, բայց նա մնում է հայ նկարիչ:
Խաչատուրյանը շատ հետաքրքիր կոլորիստ էր: Նա ինքն էր ասում, որ դա Հայաստանից է գալիս: Թեև Հայաստանում չէր ապրել, բայց համոզված էր, որ կոլորիտի զգացումը Հայաստանից, հայկական գեներից է գալիս. ժառանգական է»,- ասում է Հայաստանի ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող Գոհար Չեմենյանը:
Հուլիսի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այն նվիրված է արվեստագետի ծննդյան 130-ամյակին: Առաջին անգամ մեկ ցուցադրության շրջանակներում ներկայացվում են հեղինակի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև հնդկական ու պարսկական որմնանկարների ընդօրինակություններ:
Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունները տեղ են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի զանազան թանգարաններում: Դրանց զգալի մասն էլ պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:
Կարդացեք նաև
«Խաչատուրյանի ստեղծագործական տարիները համընկան 1915 թվականի հետ: Նրա գործերի մեծ մասում (հինգ հարյուրից ավելի) գաղթականներ ու Եղեռնի տեսարաններ են: Նկարիչն այդ հավաքածուն եվրոպական երկրներում ցուցադրեց, որպեսզի ցույց տա հայի տառապանքը, ցույց տա՝ ինչ է կատարվում հայի հետ: Եվրոպան տեսնում էր ու լռում»,- նշեց Գոհար Չեմենյանը, որը նաև ցուցահանդեսի համակարգողն է:
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ սփյուռքահայ նկարիչներից հաջորդը Աշոտ Զորյանի ստեղծագործությունները կցուցադրվեն: Առանձին ցուցահանդեսով արդեն ներկայացրել են Արշակ Ֆեթվաճյանի գործերը: Երկրորդը Սարգիս Խաչատուրյանինն են, իսկ Աշոտ Զորյանից հետո կցուցադրվեն նաև Ալխազյանի, Օրագյանի և այլոց աշխատանքները:
«Սփյուռքահայ նկարիչներից Ազգային պատկերասրահում երկու հազարից ավելի գործ ունենք, որոնք պետք է պարբերաբար ներկայացնենք, որպեսզի երիտասարդ սերունդը ճանաչի նրանց, իմանա՝ ինչ հայեր են եղել, ինչպես են ապրել ու ստեղծագործել՝ ի հեճուկս ծանր ժամանակների»,- ասաց Գոհար Չեմենյանը:
Հավելենք, որ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը մի քանի ամիս բաց կլինի, վերջնաժամկետ դեռևս որոշված չէ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ