Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը բարձրախոսով հայտարարեց. «Երեկ եւ այսօր ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` ձեր հավաքների անօրինականության եւ դրանք օրենքով սահմանված կարգով մեկ այլ վայրում անցկացնելու մասին: Այդ կապակցությամբ բերման էին ենթարկվել մի խումբ քաղաքացիներ: Բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել, բացի մի քանի հոգուց, որոնք քրեական գործի շրջանակում ներկա պահին ցուցմունք են տալիս քննչական ծառայությունում եւ ցուցմունքներն ավարտելուց հետո ազատ արձակվեն»:
«Չենք հավատում»,-բղավեցին որոշ ցուցարարներ: «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը դիմեց փոխգնդապետին. «Պահանջներ ենք ներկայացրել, փոխանցեք դրանք»:
«Պատասխանեցի բերման ենթարկվածների մասով, ավելացնելու բան չկա»,-ասաց Այվազյանը եւ հեռացավ ոստիկանական պատնեշից այն կողմ:
«Հարգելի ոստիկանություն, բոլորին ձերբակալում եք` կին, տարեց, երիտասարդ: Մեր նստացույցը խաղաղ է, ապահովեք դրա ընթացքը»,-հավելեց Հարությունը:
Կարդացեք նաև
00:35
«Սասնա ծռեր»-ին պետք է թույլ տան դուրս գալ եւ միանալ մեզ»,-«Ազատության» հետ զրույցում հստակեցնելով պահանջները` ասաց Հարություն Աղլամազյանը:
Նշենք, որ ցուցարարների մատնանշած վերջնաժամկետը մոտենում է: «Մնալու ենք այստեղ, նստացույցը շարունակվելու է: Ճնշելու ենք իշխանություններին, որ մեր պահանջները կատարեն»,-ասաց Հարություն Աղլամազյանը:
00:40
ՊՊԾ գնդի տարածքից օդում կրակոցներ արձակվեցին, ինչին ցուցարարները պատասխանեցին ծափերով եւ սուլոցներով:
00:47
իրավապաշտպան ներկայացած Հայկազ Մակարյանը ոստիկանական պատից այն կողմ գտնվող փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին կոչ արեց. «Եկել եմ խաղաղության կոչ անեմ` նաեւ ոստիկաններին: Որբ տղա եմ, խնդրում եմ ձեզ` թող զսպված լինեն ոստիկանները»: Ապա Մակարյանը ցուցարարներին փոխանցեց Երանոսյանի խնդրանքը` հինգ մետր հետ գնալ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ