Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ու «Սասնա ծռերի» տասը օրը

Հուլիս 28,2016 15:00

Հանգուցալուծումը երկա՞ր է ձգվելու

Երեւանի Էրեբունի համայնքում տեղակայված ՊՊԾ գնդի զինված գրավումը «Սասնա ծռերի» կողմից, դրան հաջորդած իրադարձություններն արդեն իսկ քաղաքական գործընթացի տեսք են ստացել: Հասարակության կողմից գոյություն ունեն քաղաքական պահանջներ, հարթակում կանգնած են հանրությանը քիչ թե շատ հայտնի մարդիկ, արդեն Խորենացու ցուցարարների միանալու հայտեր են ներկայացվում կուսակցությունների կողմից:

Սակայն որոշակի պահից սկսած՝ հարթակում որոշ բանախոսների ներկայությունը թույլ է տալիս կանխատեսել, որ քիչ անց Խորենացի փողոցի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը կարող է նվազել: Հարթակի համար, որքան էլ կարեւոր է «Սասնա ծռերի» անդամներին սննդով ապահովելը եւ նրանց համար այլ անհրաժեշտ խնդիրների լուծումը, այնուամենայնիվ, քաղաքական պայքարը շարունակել կառուցել այդ օրախնդիր հարցերի վրա ժամանակ ու «էներգիա» ծախսելով` հնարավոր չէ:

Մյուս կողմից՝ իշխանություն-«Սասնա ծռեր» կամ իշխանություն-Ժիրայր Սեֆիլյան բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս. «Սասնա ծռերի» անդամները զենքը վայր չեն դնում, իսկ Սերժ Սարգսյանն էլ գրոհելու հրաման չի տալիս: Թվում է՝ հանգուցալուծումը դեռ երկար է ձգվելու, ինչի արդյունքում էլ երեւանյան

իրադարձություններն արդեն կարող են ծառայել քաղաքական տարբեր նպատակներով:
Օրինակ՝ երեւանյան իրադարձություններում ռուսական մասնակցության վերաբերյալ հետեւողականորեն կեղծ տեղեկատվություն էր տարածվում «Հիմնադիր խորհրդարանի» կողմից: Մեկ տեղեկություն շրջանառվեց այն մասին, թե «ռուսական «Ալֆա» ջոկատ է գալիս՝ 65 հոգուց բաղկացած», մեկ` ՊՊԾ գնդի վրա Գյումրու ռուսական 102-րդ բազայից եկած ուղղաթիռներ են պտտվում…

Առհասարակ Հայաստանի ներքաղաքական գործընթացներում դրսի դերակատարումը մշտապես մեզանում ցցուն է դրսեւորվել, եւ այս անգամ էլ բացառություն չեղավ: Սակայն չպետք է զարմանալ այդ դերակատարումից, շահերից, որոնք հետապնդում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը: Այլ հարց է, թե այդ դերակատարումից ինչպես են «օգտվում» թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը` արդեն սեփական շահերը հետապնդելիս:

Միջազգային արձագանքը

Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավումից հետո չուշացավ նաեւ միջազգային առաջին արձագանքը: Երբ դեռ Հայաստանի իշխանությունները համառորեն լռություն էին պահպանում, առաջին արձագանքը Վաշինգտոնից հնչեց: Հուլիսի 19-ին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին, թե ինչ տեսակետ ունի ԱՄՆ-ը Հայաստանում շարունակվող անհանգստությունների վերաբերյալ, Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները հայտարարեց. «Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր եւ խրախուսում Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն»։ Հարցին, թե չի՞ կարծում ԱՄՆ-ը, որ Հայաստանում իրականացվող այս գործողություններն աշխարհագրական առումով կարող են ոգեշնչված լինել հարեւան Թուրքիայի գործողություններով, խոսնակն ասել էր, թե ինքը նման բան չի կարծում։ «Հույս ունենք՝ ոչ: Ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարության տապալումը միշտ էլ վատ գաղափար է։ Քաղաքական փոփոխություններ պետք է իրականացվեն ժողովրդավարական եղանակով»։

Հուլիսի 21-ին նաեւ պաշտոնական Մոսկվան անդրադարձավ երեւանյան իրադարձություններին: ՌԴ արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Երեւանի Էրեբունի համայնքում տեղակայված ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նկատեց, որ Մոսկվան դատապարտում է ոստիկանական բաժանմունքի գրավումը եւ աջակցում է ՀՀ իշխանությունների գործողություններին. «Մենք վճռականորեն քննադատում ենք հուլիսի 17-ին Երեւանում ՊՊԾ գնդի զինված բռնազավթումը։ Հույս ունենք, որ ՀՀ իշխանություններն ամենակարճ ժամանակում իրավիճակը կհանգուցալուծեն, պատանդներն ազատ կարձակվեն, միջադեպերի բազմակողմանի հետաքննություն կկազմակերպվի եւ կպատժեն մեղավորներին»։

Նույն օրը հրապարակվեց նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հայտարարությունը, որում ընդգծվում էր, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է: «Մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման եւ ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝ իշխանություններին կոչ ենք անում հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաեւ բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների առնչությամբ: Միաժամանակ ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում: Ի գիտություն ընդունելով նաեւ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված հայտարարությունները՝ հորդորում ենք լիարժեք հետաքննություն կատարել ոստիկանների կողմից իրականացված բոլոր իրավախախտումների մասին հաղորդումների առնչությամբ, այդ թվում` նրանց կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի եւ իրավապաշտպանների եւ բուժօգնության մերժման առնչությամբ»,- ասվում էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տարածած հայտարարության մեջ:

ՌԴ-ի եւ Արեւմուտքի «բախումը» Խորենացի փողոցում

Եթե Արեւմուտքը միաժամանակ մատնանշում էր իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունները, ինչպես նաեւ հորդորում էր ցուցարարներին ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ճանապարհին, ապա Ռուսաստանն ավելի կտրուկ էր:

Երեւանում զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման առնչությամբ արված հայտարարությունը, որին իրենց համաձայնությունն էին տվել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, արժանացավ Մոսկվայի քննադատությանը: «Տարօրինակ կերպով այդ փաստաթղթում տեղ չի գտնվել հանցավոր գործողությունների` ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակման, ոստիկանի սպանության, պատանդառության առնչությամբ ուղիղ եւ հստակ քննադատության համար: Դրա փոխարեն հստակ շեշտադրում է արված իշխանությանն ուղղված պահանջների շուրջ` «պահպանել համաչափություն» եւ «հետաքննել ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները»: Դժվար է ձերբազատվել այն զգացողությունից, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակները բացահայտ խրախուսում են այդ ուժերին, որոնք ձգտում են ցնցել ներքաղաքական իրավիճակը»,- ասվում էր ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Ասել, որ Մոսկվան դարձել է օրենքի պաշտպան երկիր, իհարկե, միամտություն կլինի: Պարզապես Մոսկվան հերթական առիթը բաց չի թողնում Արեւմուտքին հակադրվել, այն էլ` Հայաստանի հարցով: Իրեն Հայաստանի «տեր ու տիրակալը» համարելով` Մոսկվան պարզապես ցույց է տալիս, որ այստեղ հարցերը լուծողը Ռուսաստանն է: Ի դեպ, Հայաստանի թե իշխանական, թե ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների համար նույնպես Ռուսաստանն է Հայաստանի համար «հարցեր լուծողը»:

Ուշագրավ էր, որ ռուսական արձագանքը ԵՄ-ի տարածած հայտարարությանն ի պատասխան՝ պատճառ հանդիսացավ, որպեսզի այն մարդիկ, որոնք այսօր զենքով իշխանափոխության պահանջներին դեմ են հանդես գալիս` նույնացվեն ռուսական իշխանությունների հետ նույն դիրքորոշումն ունենալու մեջ: Սա իսկապես անհեթեթ «հիմնավորում» էր, որովհետեւ ռուսական քարոզչամեքենան այնքան «ընդգրկուն» է, որ նույն տրամաբանությամբ կարելի է գտնել ռուսաստանցի հեղինակի որեւէ վերլուծություն, եւ դրա հիմքում դնել որեւէ անհեթեթություն, երեւանյան իրադարձությունները, հարթակում կանգնած մարդկանց քաղաքական կենսագրությունը ու ավելի գունեղ եզրահանգումներ անել:

Օրինակ՝ համադրելով որոշ փաստեր` կարելի է եզրակացնել, որ Մոսկվային ձեռնտու է բախումը Խորենացի փողոցում, ինչպես դա ակնհայտորեն ձեռնտու էր նաեւ «Սասնա ծռերին» ու նրանց աջակցողներին, եւ հավաքների առաջին օրերին բախումների հասցնելու սցենարը բազմիցս գործարկվեց: Իսկ այդ անկառավարելի իրավիճակում Մոսկվան կցանկանար, որպեսզի Սերժ Սարգսյանը գրոհելու հրահանգ տար` հիմք ընդունելով Մ. Զախարովայի դիվանագիտորեն կառուցված կոչը Հայաստանի իշխանություններին` «ամենակարճ ժամանակում իրավիճակը հանգուցալուծել»:

Այնպես որ՝ դեռ հարց է, թե ով է ում «ջրաղացին ջուր» լցնում:

Իսկ ընդհանրապես նկատենք, որ ռուսաստանցիներն այս օրերին իսկապես բավական մեծ ուշադրությամբ են հետեւում երեւանյան իրադարձություններին: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի»-ի կայքում, օրինակ, հրապարակվել է Ռուսաստանի Պետդումայում, Դաշնային խորհրդում, ՀԱՊԿ, Մաքսային միությունում փորձագիտական խորհուրդների անդամ, «ԵվրԱզԷս» ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի հոդվածը, որը կարելի է ուղղակի «գլուխգործոց» անվանել: Հեղինակն ահազանգում է, թե ինչպես են «Հայաստանը հրում ՆԱՏՕ-ի երախը»: Լեպեխինը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս հակադարձել ԵՄ-ին, վերջ տալ «ժողովրդավարության մասին շաղակրատելուն», որն ըստ նրա` Արեւմուտքը բացառապես ըստ իր շահերի է ընկալում, ու նրանց գործողությունները «կեղծ են» եւ «ուղղված են երկրի ինքնիշխանության դեմ»։ «Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն պետք է ճնշեն ապստամբությունը, այլեւ իրականացնեն երկրում կադրային փոփոխություններ: Ժամանակն է դադարեցնել Արեւմուտքի հետ այդ խաղերը: Ժամանակն է ապրել սեփական ուղեղով եւ սեփական շահերով»,- ասում է Հայաստանի ինքնիշխանության կորստով մտահոգ Լեպեխինը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 27.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031