Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է հետախուզվում Ծովինարը

Հուլիս 28,2016 14:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը օրեր առաջ հետախուզում հայտարարելու մասին որոշում է կայացրել:

Դատարանը որոշել է 46-ամյա ամբաստանյալ Ծովիկ Մելքոնյանի՝ հետախուզելու մասին որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ոստիկանությանը եւ նրան հայտնաբերելիս` ներկայացնել դատարան: Ո՞վ է Ծովիկ Մելքոնյանը, ինչո՞ւ է դատարանը գնացել նման քայլի: Պարզվեց հետեւյալը:

Այս տարվա մայիսի 27-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր մուտքագրվել Ծովիկ Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։ Նրան մեղադրանք էր առաջադրվել փետրվարի 16-ից մինչեւ ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում դիտավորությամբ կատարած ուրիշի գույքը վնասելու, Ծովակալ Իսակովի փողոցի բնակիչ Սամվել Հարությունյանի հողամասի քարե պարիսպի որոշակի հատվածը, վերջինիս պատկանող հայելին, փայտյա սեղանը, նստարանները, ջահը, ծաղկամանը եւ այլ առարկաները վնասելու համար: Մեղադրանքի կողմի գնահատմամբ՝ տուժողին պատճառվել է զգալի չափերի հասնող` 283.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
«Առավոտի» տեղեկությունների համաձայն, Ծովիկ Մելքոնյանն ու Սամվել Հարությունյանը հարեւաններ են, լարված հարաբերություններ են ունեցել:

Այնքան վատ, որ փետրվարի 16-ին «մի քանի անգամ մուրճով հարվածել է իր եւ վերջինիս տարածքը բաժանող քարե պարսպին», վնասել պարսպի մի հատվածը` պատճառելով 12.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Ըստ հետախուզման որոշման նկարագրական մասի՝ Ծովիկ-Ծովինարը մտել է Սամվել Հարությունյանի տարածք եւ կոտրել վերջինիս պատկանող հայելին, փայտյա սեղանն ու նստարանները, ջահը եւ ծաղկամանը` պատճառելով 40.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Իսկ մարտի 5-6-ն ընկած ժամանակահատվածում «արմատախիլ է արել» թվով 12 տնկիներ` պատճառելով 30.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Մեկ այլ դրվագով էլ, զայրացած կինը կոտրել է հարեւանի փայտյա սեղանն ու աթոռները, թվով 8 վազերը, ծորակը, 2 փայտյա աստիճանները, մետրը, շինության պատուհանը, շինության մուտքի դուռն ու փականը, շինության մուտքի դռան վերեւի հատվածում առկա լուսամփոփը եւ վնասել դարպասի փականը` պատճառելով 186.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Ըստ մեղադրանքի, Ծովիկ Մելքոնյանի կողմից «միասնական դիտավորությամբ կատարած շարունակական բնույթ կրող հանցավոր գործողությունների» հետեւանքով Սամվել Հարությունյանին պատճառվել է ընդհանուր` 283.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Ծովիկ Մելքոնյանի նկատմամբ քրեական գործի նախաքննության ընթացքում ապրիլի 27-ին խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու վերաբերյալ ստորագրություն:

Նա մայիսի 30-ին ներկայացել է դատարան, նրան առձեռն հանձնվել էր քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշման օրինակը, ինչպես նաեւ՝ մեղադրյալի իրավունքների եւ պարտականությունների մասին հուշաթերթիկը, հունիսի 24-ին կայանալիք 1-ին դատական նիստի ծանուցագիրը, սակայն ամբաստանյալ Ծ. Մելքոնյանը, պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին, առանց հարգելի պատճառի նիստի չի ներկայացել։

Նրա նկատմամբ դատարանը բերման մասին որոշում էր կայացրել, սակայն հուլիսի 1-ին նշանակված դատական նիստին ամբաստանյալ Ծովիկ Մելքոնյանին բերման չեն ենթարկել, քանի որ, ըստ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների, իրենք այցելությամբ պարզել են, որ տան դուռը փակ է, իսկ ամբաստանյալ կնոջ գտնվելու վայրն էլ հայտնի չի:

Դատարանը որոշում էր կայացրել հուլիսի 13-ին նշանակել հերթական դատական նիստը, բերման ենթարկել Ծ. Մելքոնյանին:

Սակայն ոստիկանությունը նույն պատճառաբանությամբ չի կարողացել կատարել դատարանի որոշումը: «Դատարանը այլեւս զրկված է ամբաստանյալ Ծովիկ Մելքոնյանին դատական նիստերի վայրի եւ ժամանակի վերաբերյալ ծանուցելու, ինչպես նաեւ նրա մասնակցությունը դատական նիստերին, նաեւ բերման ենթարկելու որոշման կայացմամբ ապահովելու փաստացի հնարավորություններից, վերջինս թաքնվում է դատարանից եւ նրա գտնվելու վայրն անհայտ է»,- արձանագրել էր դատավոր Ա. Վարդանյանը:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

27.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031