Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող փողատերն ինքը հետաքրքրված լինի թատրոնին օգնելով»

Հուլիս 28,2016 13:30

Ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի դիտարկումները

Վերջին շրջանում անընդմեջ խոսվում է «նշաձողն իջեցրած» հայ թատրոնի մասին: Հիմնականում նման խոսքուզրույցները կրում են կուլիսային բնույթ: Միայն, առանց չափազանցության, մեկ-երկու թատերագետ են, որ այդ հարցի շուրջ ԶԼՄ-ների միջոցով կիսվում են թատերասերների հետ:

«Առավոտի» հետ զրույցում, օրինակ, թատերագետ Արա Խզմալյանը մի առիթով հետեւյալ մտքերն էր արտահայտել. «Թատրոնն այսօր ամենաքիչը ինտելեկտուալներին է հետաքրքրում: Կամ՝ այսօր թատրոնը լուրջ մրցակցության մեջ է կյանքի հասարակական մտահոգությունների հետ: Իսկ հասարակական կյանքն այսօր շատ ավելի հետաքրքիր ու հակասական է, քան որեւէ մրցակցություն: Ու այս կամ այն հանրահավաքում ավելի շատ թատերայնություն, կրքերի բախում կա, քան որեւէ թատրոնում»: Մասնագետը ասում է նաեւ, որ եթե թատրոնում հայտնվի նույնիսկ մեկ հետաքրքիր դերասան, նա ունակ կլինի արդարացնել անգամ ապաշնորհ թատերախումբը:

Հայ թատրոնի ներկայիս վիճակի եւ մասնագետի կողմից հնչեցրած հարցերի շուրջ զրուցեցինք նաեւ ճանաչված դերասան, ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի հետ: «Նախ՝ թատրոնը միշտ եղել է ու կա,- ասաց մեր զրուցակիցն ու շարունակեց,- ինչպիսին պետությունն է, այնպիսին էլ թատրոնն է, մեկը մյուսի արտացոլումն է: Անկասկած, կայացած պետությունն ունի կայացած թատրոն կամ՝ եթե կա հզոր պետություն՝ կա հզոր մշակույթ… »:

«Մշակույթ ասելով ես նկատի չունեմ միայն արվեստը, մշակույթը դա գիտությունն է, կրոնը, իհարկե՝ արվեստը: Ես առանձին տեղ եմ տալիս գիտությանը: Եթե չկա գիտություն, չի կարող լինել զարգացող երկիր, որի հիմքն, անկասկած, կրթությունն է: Ի վերջո, չկա գիտություն՝ չի լինի կրթված հասարակություն: Վերջինիս չլինելու դեպքում էլ չի լինի արվեստ, էլ չեմ խոսում հոգեւոր արժեքների ճիշտ ընկալման մասին»,- հայտնեց ռեժիսորը:

Սամսոն Ստեփանյանը որոշ վերապահումներով է համակարծիք թատերագետի այն մտքին, թե թատրոնն այսօր ամենաքիչը ինտելեկտուալներին է հետաքրքրում. «Ինտելեկտուալ մարդը ավելի մեծ հաճույք կստանա դասական կամ ժամանակակից ընտիր գրականություն թերթելով կամ, ասենք, համացանցում բարձրարվեստ ներկայացումներ դիտելով»: Հարցին, թե Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, թե շուրջ 20 պետական թատրոն ունեցող մեր երկրում բացակայում են բարձրարվեստ ներկայացումները, մեր զրուցակիցը նշեց, թե ունենք որոշ թատրոններ եւ շնորհալի դերասաններ, օրինակ բերելով Նարինե Մալյանի ղեկավարած թատրոնը: «Հենրիկ Մալյանի անվան թատրոնը Հայաստանի լավագույն մշակութային օջախներից է՝ անկախ այնտեղ բեմադրված հեղինակների գործերից, որոնց հիմնական մասը հայ ստեղծագործողներ են: Վերջին 5 տարիներին տեսածս լավագույն ներկայացումը հենց այս թատրոնի Պատրիկի «Սիրելի Պամելա» աշխատանքն է»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը: Իսկ թե ինչո՞ւ չի առանձնացնում «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի որեւէ ներկայացում, այն դեպքում, երբ ինքը Արմեն Մազմանյանի, Արթուր Սահակյանի, Արսեն Աբրահամյանի հետ կանգնած է եղել այդ թատրոնի ստեղծման ակունքներում եւ ինչո՞ւ արդեն մեկ տարի Արթուր Սահակյանի կողմից ղեկավարվող «Գոյը» հանդիսատեսին չի ներկայացել որեւէ պրեմիերայով: «Արթուրը բերեց թատերական քաղաքականության հետաքրքիր լուծում, այն է՝ շաբաթվա առաջին 4 օրը, բացի փորձերից, մեր թատրոնում արդեն իրականացվում են «Գոյ-կինո», «Գոյ-հանդիպում», «Գոյ-համերգ», «Գոյ-ազատ բեմ» նախագծերը: Օրինակ՝ ազատ բեմը հնարավորություն է տալիս, որ ցանկացած թատերախումբ, որը բեմ չունի, հանդես գա մեր թատրոնի բեմում կամ՝ «Գոյ-հանդիպումը» հանդիսատեսին հնարավորություն է տալիս շփվելու ոչ միայն դերասանների, այլեւ մշակույթի այլ ոլորտներ ներկայացնող արվեստագետների հետ, այդ թվում՝ քանդակագործների, նկարիչների, երաժիշտների…»,- նշեց արվեստագետը:

Հակադարձելով իր որոշ գործընկերների այն մտքին, թե այսօր շուրջ 20 պետական թատրոն պահելն անիմաստ է, Սամսոն Ստեփանյանն ասաց. «Եթե ուզում են պետության բեռը այդ ձեւով իբր թեթեւացնել, ես նման կոչ անողներին կհորդորեի խնայողության այլ աղբյուր գտնել, որովհետեւ թատրոնի վրա ծախսվող գումարը պետության բյուջեի ընդամենը կես տոկոսն է…»: Ռեպլիկին՝ ըստ մեր տեղեկությունների՝ Դուք եւ թատրոնի ղեկավարությունն ունեք ունեւոր ընկերների շրջապատ, որոնց կարելի է դիմել աջակցելու խնդրանքով, ռեժիսորը չհերքեց, բայց նաեւ հավելեց. «Արժանապատվության գործոն կա, ու թող փողատերն ինքը հետաքրքրված լինի թատրոնին օգնելով, մանավանդ՝ իմ կամ Արթուր Սահակյանի շրջապատից: Ես չեմ խնդրի: Եվ հետո՝ առանց այն էլ մեր ոլորտը հասցված է ծայրահեղ չքավոր վիճակի… Իսկ թատրոնը թանկ արվեստ է եւ հասարակությունը ինքը պետք է շահագրգռված լինի ունենալ զարգացած թատրոն, այլ ոչ թե փնտրի ճանապարհներ՝ ոնց խնայի պետական միջոցները»:

Զրույցի ընթացքում Սամսոն Ստեփանյանը հայտնեց, որ գալիք թատերաշրջանում ինքը կներկայացնի Տոնինո Գուերայի երկերի մոտիվներով սեփական «Խոսիր ինձ հետ սիրո մասին» պիեսը, որտեղ խոսքը պոետի սիրո, մաքուր ու ջերմ հարաբերությունների մասին է: «Այսինքն՝ մարդկության կողմից մոռացված պարզ ճշմարտությունների մասին»,- հավելեց արվեստագետը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

27.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել