100 տարի անց, դստեր խոնարհումով
Անունը՝ ի պատիվ Ավարայրի ճակատամարտի հերոս նահատակ Տաճատ Գնթունու, եւ ոչ պատահականորեն՝ հայագետ Նիկողայոս Ադոնցն է անունը կնքել 1916 թվականին հայրենի Բռնակոթ գյուղ այցի ժամանակ: Ադոնցի նախապապը՝ Ադին, երկու եղբայր ուներ՝ Սահակը եւ Աղաբեկը, նրանք եղել են Դավիթ-Բեկի զինակից Տեր-Ավետիսի ծոռները՝ ըստ տոհմի հավաստի պատմության ու տոհմածառի: Եվ այսպես՝ Տաճատ Սահակյան (1916-1999)՝ պատմաբան, հայագետ, պրոֆեսոր, մանկավարժ՝ կյանքի դժվարին ճանապարհ, խորհրդային գաղափարական բռունցքի դեմ առճակատում, ազնիվ վաստակ ու պայքար, բարի անուն, որն այսօր «այցեքարտ» է դարձել…
«Խորհրդային տարիներին հայ ժողովրդի պատմության դպրոցական դասագիրքը լղարիկ մի բան էր, որից հայոց պատմության ո՛չ հոտն էինք զգում, ո՛չ համը, դասաժամերը քիչ էին, պահանջները` նվազ: Գլխավորը ՍՍՀՄ պատմությունն էր: Բուհում էլ վիճակը շատ տարբեր չէր, հենց առաջին կուրսից ՍՄԿԿ պատմություն էինք անցնում (այո՛, հենց անցնում): Բայց նրա կողքին հայագիտական կարեւոր առարկաներ էլ ունեինք, -հիշում է լեզվաբան, Վ. Բրյուսովի անվ. լեզվահասարակագիտական համալսարանի եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանն ու շարունակում,- դրանց թվում էր հայ ժողովրդի պատմությունը, որի դասախոսը պատմաբան Տաճատ Սահակյանն էր: Մեր հանդիպումները հաճախադեպ չէին, եւ երեւի դա էր պատճառը, որ դասախոսը չէր ուզում րոպե անգամ կորցնել: Դասը սկսում էր դուռը բացելուն պես: Երբ մենք` 18-19 տարեկան պատանիներ, ողջ հոսքով ոտքի էինք կանգնում դասախոսին ողջունելու համար, Սահակյանը ձեռքի շարժումով նստելու հրահանգ էր տալիս եւ արագ քայլերով մոտենում ամբիոնին: Դասերն անցնում էին լարված զբաղվածության մեջ: Աչք թարթելու կամ կողքինի հետ զրուցելու հնարավորություն ուսանողները չունեին…Հատկապես տպավորվել է այն, թե որքան բարձր էր գնահատում հայ մշակույթի գործիչներին: Երեւի րաֆֆիապաշտ էր, քանի որ Րաֆֆու մասին խոսելիս ընտրում էր մեծահանճար բառը` մեծահանճար Րաֆֆին… Մինչեւ օրս դասախոսիս ջերմորեն եւ հարգանքով եմ հիշում»:
Ցավոք, այսօր նվազել է դասախոս-ուսանող հարաբերության արժեքը, դասախոսի հանդեպ բացակայում է խոր հարգանքը, բացասական եւ իրոնիկ հուշերն ավելի են գերակշռում հետագայում ուսանողների մոտ՝ սա իմ դիտարկումների արդյունքում: Իսկ ինչպես էր անկեղծորեն հպարտանում հայրս իր դասախոսներով. 1936 թվականին ընդունվել եւ 1940 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Խ. Աբովյանի անվան Երեւանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: «Դոկտոր-պրոֆեսոր Աբգար Հովհաննիսյանը (հետագայում՝ ակադեմիկոս, ԳԱ փոխնախագահ) դասավանդում էր Նոր պատմություն, օբյեկտիվ դասախոս էր եւ մեր կուրսի քննության ժամանակ երեսուհինգ ուսանողներից «Գերազանց» գնահատական է նշանակել միայն մեկ հոգու՝ տողերիս հեղինակին»,- գրում է հայրս իր հուշերում:
Ուսումնառության տարիներին ոգեւորվել է հայ ժողովրդի պատմության դասախոս, Բեռլինի համալսարանի շրջանավարտ, պրոֆեսոր Հակոբ Զորյանի (1894-1942) դասախոսություններով: Վերջինս կալանավորվեց եւ ցմահ աքսորի դատապարտվեց Սողոմոն Թեհլերյանին Բեռլինում աջակցելու համար: Ակնածանքի, հարգանքի ջերմ զգացումներով է հայրս վերհիշում նաեւ պրոֆեսորներ Վահան Ռշտունուն, Առաքել Առաքելյանին, Խաչատուր Կանայանին, Արշավիր Շավարշյանին, Մուշեղ Սանթրոսյանին, Սողոմոն Սողոմոնյանին, Զավեն Գրիգորյանին, Համո Հարությունյանին, Գրիգոր Միքայելյանին, Աշխարհաբեկ Քալանթարին, ում բեղմնավոր գիտական եւ մանկավարժական գործունեությունն ընդհատվեց ստալինյան բռնաճնշման տարիներին. կալանավորեց հենց լսարանում ուսանողների ներկայությամբ: Մի դրվագ Խաչատուր Կանայանի (Դրոյի հորեղբոր որդին է) դասից. «Մեր կուրսի ուսանողներից մեկը, որ «բանֆակ» էր ավարտել եւ հայտնի էր իր ձախությամբ, դիմելով Խաչատուր Կանայանին, ասաց. «Հայաստանի մայրաքաղաք Երեւանը շատ է մոտ սահմանին, պետք է մայրաքաղաքը տեղափոխել թիկունք»: Պրոֆեսորը հակադարձեց. «Միամիտ, ոչ թե մայրաքաղաքը պետք է տեղափոխել, այլ սահմանը հեռացնել մայրաքաղաքից»: Իսկ Առաքել Առաքելյանը ղարաբաղցի էր եւ շատ էր սիրում ղարաբաղցի ուսանողներին: Մի օր նրա դասախոսության ժամանակ վերջում նստած համակուրսեցիներիցս մեկը խանգարում է դասը, Առաքելյանը թե՝ «Ո՞վ է այդ թյուրիմացությունը»: Առաջին շարքից ընկերներիցս մեկը միտումնավոր խորամանկում է՝ ասելով իբր՝ «Ընկեր Առաքելյան, ղարաբաղցի է»: Դասախոսիս արձագանքը չուշացավ՝ «Ջանիկս, հոյակապ տղա է»:
Կարդացեք նաև
Հայրս երախտագիտության զգացումով է նշում լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հետ բարեկամությունը. «Նրա բնակարանը 1940-ական թվականներին դարձել էր երիտասարդներիս համար ընթերցասրահ, օգտվում էինք նրա հարուստ գրադարանի գանձերից, գրքեր, որոնց մեծ մասը սովորական գրադարաններում փակի տակ էին: Նա շատ հյուրասեր էր: Չարաչար սխալվում էին նրանք, ովքեր ստոր նախանձով բամբասում էին, թե իբր Հրաչյա Աճառյանը ժլատ է: Նա ոսկի հոգի ուներ, մարդասեր էր, բոլորիս հյուրասիրում էր սուրճով ու մրգերով: Նա հարգում էր ճշտապահությունը: Օրագիր էր պահում նրանց համար, ովքեր պարտքով փող էին խնդրում իրենից, խնամքով նշում պարտքի վերադարձի օրն ու ժամը, չէր հարգում նրանց, ովքեր խախտում էին խոստումը: Նա ամենայն սիրով էր աջակցում նրանց, ովքեր պատրաստվում էին ատենախոսություն պաշտպանել, շեշտադրում էր առավելապես երկասիրության դրական կողմերը՝ չկենտրոնանալով թերությունների վրա»: Հուշերից իմացա, որ Աճառյանը երբեք փողկապ չէր կրում, նույնիսկ մի անգամ խնդրել էին լուսանկարվելու համար մի քանի րոպեով փողկապ կապել, կտրականապես մերժել էր:
Ի թիվս այլ աշխատությունների, պրոֆեսոր Տաճատ Սահակյանի գիտական բեղուն աշխատանքի արդյունք են «Սյունիքը 13-15-րդ դարերում», «Սյունյաց նախարարության դերը Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում», «Սյունիքը մարզպանական շրջանում», «Արշակունյաց թագավորության անկումը», «Րաֆֆու հայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսությունը»…
Իսկ իր շիրմաքարի վրա հայրս խնդրել է փորագրել Րաֆֆու բանաստեղծական տողը. «Արդյո՞ք գալու է մի օր ժամանակ…»:
ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ
«Առավոտ»
27.07.2016