Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք` թող Օսիպյանը գա». ցուցարարները հասան Խորենացի փողոց. (Թարմացվում է)

Հուլիս 27,2016 23:54

Ազատության հրապարակից ավելի վաղ մեկնարկած երթի մասնակիցները հասել են Խորենացի փողոց` «Ազատ, անկախ Հայաստան», «միացեք» վանկարկումներով: Նար-Դոս-Խորենացի փողոցների խաչմերուկում եւս քաղաքացիներ էին հավաքվել: Խորենացիում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել: Նար-Դոսից ուղղությունը դեպի Տիգրան Մեծի պողոտա փակվել է ոստիկանական մեքենաներով:

«Սասնա ծռեր» վանկարկելով` երթի մասնակիցները մոտեցան ոստիկանական պատնեշին: Երթը համակարգում են մի խումբ երիտասարդներ: «Բոլորս խաղաղ ենք»,-բղավում են նրանք եւ կոչ անում ծափ տալ: Կանանց եւ աղջիկներին խորհուրդ տվեցին փոքր-ինչ հետ կանգնել, քանի որ չգիտեն, թե ոստիկանությունն ինչպես է արձագանքելու երթին: «Գիծը պահեք»,-իրար կոչ են անում ցուցարարները:

«Սադրելով եւ խաբելով` իշխանությունն այսօր մեզ այստեղից բերման ենթարկեց: Պահանջում ենք, որ մեր տղաներին ազատ արձակեն, որ գան եւ միանան մեզ, որովհետեւ մենք չենք ուզում, որ բռնություն լինի ամեն օր: Գնդակոծեցին Պավլիկ Մանուկյանին եւ նրա որդուն: Հայ ժողովուրդը ինքնակազմակերպված որոշեց, որ պետք է հետ գա Խորենացի փողոց: Խորենացին մերն է: Ոչ մի քաղաքական գործիչ, որի վրայից փողի հոտ է գալիս, չի կարող ասել, որ ժողովուրդը հեռանա: Պահանջում ենք, որ Օսիպյանը գա եւ մեզ պատասխան տա: Եթե չի գալիս, ուրեմն իշխանությունները գոյություն չունեն»,-բարձրախոսով հայտարարեց ցուցարարներից մեկը, ապա հավելեց` «եթե չգան, կպարտադրենք»:

23:50-ին ցուցարարները հայտարարեցին. «Իշխանություններին կողմնորոշվելու համար ժամանակ ենք տալիս: Այս պահից մեկ ժամվա ընթացքում պետք է գան եւ պատասխանեն մեզ: Մինչեւ 00:30 ժամանակ ենք տալիս: Նստում ենք եւ հանգստանում»:

00:05-ին «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը Խորենացի փողոցի տարբեր հատվածներում բարձրախոսով հայտարարում է ցուցարարների պահանջները` Սերժ Սարգսյանի հրաժարական, ժողովրդի վստահության կառավարության ձեւավորում, քաղբանտարկյալների եւ այսօր բերման ենթարկված քաղաքացիների ազատ արձակում:  Ցուցարարների մի մասը նստել է փողոցում եւ սպասում է վերջնաժամկետին ու իրավապահների արձագանքին:

00:15-«Պայքարի մեթոդ է` առանց նրանց գլուխը ջարդելու եւ քաղմաս գնալու»,-«Ազատության» հետ զրույցում ասաց լրագրող Լեւոն Բարսեղյանի որդին` Հայկ Բարսեղյանը, որը մի խումբ քաղաքացիների հետ Խորենացի փողոցում նստել է գետնին: Նա տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխված  հոր հետ կապը փաստաբանի միջոցով է պաշտպանում: «Նա լավ է»,-ասաց Հայկը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031