2016թ. հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի զավթման տասներորդ օրը զինված խմբի անդամները ձեռնարկել են ընդգծված հարձակողական գործողություններ՝ իրական սպառնալիք ստեղծելով մարդկանց կյանքին և անվտանգությանը։
Իրավիճակի նման կտրուկ փոփոխության հետևանքով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկադրված է կիրառելու զինված խմբի հանցավոր գործողությունները կանխելուն կամ խափանելուն ուղղված՝ օրենքով սահմանված համարժեք միջոցներ։
Այս կապակցությամբ ԱԱԾ-ն լիազորված է նախազգուշացնելու զինված խմբի անդամներին, որ սույն թվականի հուլիսի 27-ի ժամը 00.00-ից սկսած՝
Առաջին. ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքից խմբի կամ դրա որևէ անդամի զինված դուրս գալը կանխվելու է հրազենի կիրառմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ խմբի անդամը տարածքից դուրս է գալիս 2016 թվականի հուլիսի 24-ին զինված խմբին տրամադրված՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հրահանգներին համապատասխան.
Երկրորդ. Հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածքի սահմաններում խմբի որևէ անդամի կողմից հրազեն կիրառելու, այդ թվում անկանոն կրակոցներ արձակելու դեպքում՝ զինված խմբի կամ դրա անդամների հակաիրավական գործողությունները խափանվելու են հրազենի կիրառմամբ։
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ ՀՀ ԱԱԾ-ն նախազգուշացնում է նաև, որ հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածք առանց թույլտվության մտնելու փորձերը նույնպես կանխվելու են հրազենի կիրառմամբ։
Հրազեն կիրառելիս հիմք է ընդունվելու այդ պահին առկա իրավիճակը, հաշվի են առնվելու
կատարվող հակաիրավական արարքների բնույթը, ինչպես նաև յուրաքանչյուր իրավախախտի անձը։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերջին անգամ խստորեն պահանջում է զինված խմբից դրսևորել ողջախոհություն, կամովին վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին։ Հակառակ դեպքում հնարավոր ծանր հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է զինված խմբի անդամների վրա
Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի՝ «Ազգային անվտանգության ծառայությունը ՊՊԾ գնդի տարածքում գտնվող խմբին զենքը վայր դնելու և հանձնվելու պահանջը ներկայացնում է պարբերաբար և ամենատարբեր եղանակներով, որպեսզի խմբի յուրաքանչյուր անդամին հասանելի լինի պահանջի էությունը, հանձնվելու ընթացակարգը և իրավական հետևանքները»: