Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում էին, որ ժողովուրդը ճեղքի, աշխատի մսաղացը, հետո կհայտարարեն, որ Սասնա ծռերն են գնդակահարել». Բաղդասարյան

Հուլիս 27,2016 21:54

ԳԽ նախկին պատգամավոր, հակաճգնաժամային խորհրդի համակարգող Ալբերտ Բաղդասարյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե ինչ ծրագրեր ու հաշվարկներ են ունեցել իշխանությունները երեկ ու ինչ է  ստացվել արդյունքում. «Մտածում էին՝ երբ երթը կմոտենա ու ինֆորմացիան հասցրեցին, որ տղաներին գնդակահարել են, հաշվարկը սա էր՝ առաջին շարքում կանգնեցրել էին զինվորների, հետեւում սպասում էր մինչեւ ուղնուծուծը ժողովրդի նկատմամբ թունավորված ոստիկանական շարասյունը: Ուզում էին, որ ժողովուրդը ճեղքի, հետո աշխատի մսաղացը, հետո կհայտարարեն, որ Պավլիկին էլ են գնդակահարել:

Հետո կհայտարարեին, որ Սասնա ծռերն են գնդակահարել ժողովրդին, որ փոխհրաձգության ժամանակ Սասնա ծռերն են գնդակահարել: Այդ մեծ սադրանքին մենք կարողացանք դիմադրել՝ կորցնելով խորհրդի հեղինակությունը: Բայց դա շատ լավ է, ամեն խորհուրդ պետք է իր ժամանակն ունենա, այս խորհրդի ժամանակը սպառվեց: Մեր խնդիրն էր ժողովրդին հանել ոտքի: Ժողովուրդը ոտքի կանգնեց, Սերժ Սարգսյանն ու իր ռեժիմը վախից անցավ տոտալ հետապնդումների, ձերբակալությունների: Արդեն չեն նայում՝ ՀՀԿ ես, ով ես, կարմիր գիծն անցար՝ տանում են»:

Նա ասաց, որ խնդիրը միայն Սերժ Սարգսյանի մեջ չէ: Սերժ Սարգսյանը այս համակարգը ժառանգել է Ռոբերտ Քոչարյանից, Ռոբերտ Քոչարյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից: Եթե պահպանվի այս համակարգը եւ որեւէ մեկը զբաղեցնի իշխանությունը՝ կդառնա մի նոր փորձանք: Այս համակարգը դրսից փաթաթված է հայերի վզին ու հայերի ձեռքով մենք մեզ կոտորում ենք: Քանի դեռ մենք չենք գիտակցել, որ հիմքը գալիս է ազգային ազատագրական պայքարի մտածելակերպից, մենք պայքարելու ենք երեկ Լեւոնի դեմ, պայքարել ենք Ռոբերտի դեմ, այսօր էլ Սերժի դեմ: Կփոխվեն թագավորները, մենք կմնանք նույն ստրուկները»:

Նա ասաց, որ պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը գրաֆիկով փոխելու է ՀՀ տոտալիտար Սահմանադրությունը, ընտրելու է նորմալ Սահմանադրություն, հաստատելու է նորմալ կառավարման համակարգ:

Ալբերտ Բաղդասարյանը նեղվել է, որ լրագրողներից մեկը հարցրել է՝ Սերժ Սարգսյանը չլինի նախագահ, բա ո՞վ լինի. «Պապս լինի, ո՞վ լինի»:

Ազատության հրապարակում գոռում են՝ Պավ-լի՛կ, Պավ-լի՛կ: Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ նա շատ ծանր վիճակում է ու առողջություն մաղթեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031