Այս պահին Գյումրու Թատերական հրապարակում հավաքվել են մի խումբ գյումրեցիներ՝ իրենց բողոքն արտահայտելով մայրաքաղաքում կատարվող զանգվածային ձերբակալությունների դեմ: Հավաքը դեռ նոր է սկսել, մարդիկ հերթով գալիս են՝ արտահայտելու իրենց վրդովմունքը: Նախատեսվում է նաև երթ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հարուցվել է քրեական գործ Գյումրու ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն. «ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։ Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն։ Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող բավարար հիմքեր՝ Շենգավիթի քննչական բաժնում հուլիսի 27-ին հարուցվել է քրեական գործ»:
Սա արդեն իսկ հարուցել է գյումրեցիներից շատերի զարմանքն ու զայրույթը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ