«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանին ու իր որդուն՝ Արամ Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Ըստ մեղադրանքի, նախատեսվում է մի դեպքում 6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում: Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ քիչ առաջ դատարանը, որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Հայր եւ որդի այս պահին գտնվում են «Էրեբեունի» ԲԿ-ում:
Այս մասին քիչ առաջ Aravot.am-ին հայտնեց նրանց պաշտպան` փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Ըստ նրա, ԱԱԾ-ն արդեն միջնորդություն է ներկայացրել նաեւ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, սակայն, դեռ հայտնի չէ, թե երբ է կայանալու դատական նիստը։
Ինեսա Պետրոսյանի խոսքով, Պավլիկ Մանուկյանը, չնայած առողջական ծանր վիճակին, ցանկություն է հայտնել լինել դատարանում, փաստաբանից հետաքրքրվեցինք` ինչու է ցանկանում, ինչ է դա իրեն տալու, ասաց. «Յուրաքանչյուր մարդ, ում նկատմամբ դատարանում խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում, իրավունք ունի մասնակցել միջնորդության քննարկմանը: Պավել Մանուկյանն էլ մասնակցելու ցանկություն է հայտնել: Երկուսի վիճակն էլ վատ է, միացված են արհեստական շնչառության»:
Փաստաբանն ասաց` դեպքի վերաբերյալ զրուցել է իր պաշտպանյալների հետ, բայց ասաց` զրույցը հրապարակման ենթակա չէ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ