Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Խորենացի փողոցից կարմիր բերետավորները շարունակում են բերման ենթարկել «կասկածելի» քաղաքացիներին: Արդեն հայտարարված հանրահավաքի ժամն է, բայց ոչ մի քաղաքական կամ հասարակական գործիչ այս տարածքում չկա: Միայն Դավիթ Սանասարյանը եկավ: Ոստիկանները նրան էլ բերման ենթարկեցին: Տարածքում ոստիկանական ուժեր են ավելանում: Քիչ առաջ մի քանի ավտոբուսներով ոստիկաններ բերվեցին:
Հիշեցնենք, ոստիկանությունն առաջարկել էր հանրահավաքը տեղափոխել, բայց հակաճգնաժամային խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում հանրահավաքի վայրը փոխել:
Այստեղ է նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա փորձեց հետաքրքրվել, թե ինչո՞ւ են կարմիր բերետավորները մարդկանց բերման ենթարկում: Ասացին, որ հավաքներն արտոնված չեն, այդ պատճառով: «Ես էլ եմ հավաքի մասնակից, ինձ ինչո՞ւ բերման չեք ենթարկում»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը: «Դուք պատգամավոր եք, պարոն Փաշինյան»,- եղավ պատասխանը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մենք ականատեսն ենք լինում նրա, որ ՀՀ իշխանությունները հանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերում հավաքներին այնքան ժամանակ, քանի դեռ դա քաղաքական գործընթացի չի վերածվել: Քաղաքացիներին նման ձեւով բերման ենթարկելը Փաշինյանն ապօրինի է համարում, քանի որ ՀՀ օրենսդրությամբ չի սահմանվում «ապօրինի հավաք» եզրույթը, ինչի համար մարդկանց հիմա բերման են ենթարկում: «Այս հավաքները կազմակերպիչ չունեն, դրանք ինքնաբուխ են, համակարգող խումբ կա հիմա, բայց մարդիկ ինքնաբուխ իրենց դիրքորոշումն են ուզում ասել»:
«Սասնա ծռերի» անդամները պահանջել էին, որ պատգամավորներ այցելեն իրենց: Նիկոլ Փաշինյանն ասում է`ինքը կրկին պատրաստ է այցելել, եթե թույլ տան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ