Հայաստանի պետական բյուջեն, որի մեծ մասը ձեւավորվում է հարկատուների գրպանից, ստիպված կլինի հերթական դատավորի հերթական ոչ ճիշտ վճռի համար ՀՀ երեք քաղաքացու վճարել 50 հազար եվրո: Այդպես է որոշել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` ՄԻԵԴ-ը, «Զալյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» գործով:
ՄԻԵԴ-ն այդպիսի մի քանի տասնյակ վճիռներ ունի համաձայն որոնց պետբյուջեից հազարավոր եվրոներ են վճարվել կամ վճարվելու մեր քաղաքացիներին: Այս որոշումը վերաբերում է «Մատաղիսի գործով» անհիմն դատապարտված Հայաստանի Զինված ուժերի նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ Մուսա Սերոբյանի՝ ազատությունից ապօրինի զրկված լինելու վերաբերյալ գանգատին:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ դիմումատուների նկատմամբ տեղի չեն ունեցել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ (կտտանքի արգելք), սակայն տեղի են ունեցել նույն հոդվածի ընթացակարգային խախտումներ: Եվրադատարանը գտել է նաեւ, որ Արայիկ Զալյանի նկատմամբ չեն խախտվել պատշաճ բուժօգնություն ստանալու նրա իրավունքը, բայց խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված ազատության իրավունքը, երբ նրան ազատազրկել են 2004 թվականի ապրիլի 21-24 եւ օգոստոսի 24-նոյեմբերի 4 ընկած ժամանակահատվածում:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջին դիմումատուին՝ Արայիկ Զալյանին, պետք է վճարի 20.000 եվրո, երկրորդ եւ երրորդ դիմումատուներին՝ Ռազմիկ Սարգսյանին եւ Մուսա Սերոբյանին՝ 15.000-ական եվրո, ընդհանուր առմամբ 50.000 եվրո գումար: Կառավարության ուրբաթ օրվա նիստում որոշում կկայացվի 50 հազար եվրոն հատկացնել արդարադատության նախարարությանը իննը ամիսների ընթացքում, որպեսզի այս գերատեսչությունն էլ վճարի տուժած քաղաքացիներին:
Կարդացեք նաև
Նշենք, որ ՄԻԵԴ-ը տասնյակ որոշումներ ունի նաեւ իրացման գոտիների բնակիչներին առնչվող, որոնց` Կենտրոնում գտնվող բնակարանները իրացվել են, սակայն նրանք այդպես էլ կամ ընդհանարապես փոխհատուցում չեն ստացել կամ ստացել են ոչ համարժեք, եւ անգամ քաղաքի ծայրամասերում չեն կարողացել բնակարան գնել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ