Այս գիշեր՝ հուլիսի 27-ին, ժամը 2-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը Խորենացի փողոցից ընտանիքով տուն վերադառնալիս ապօրինի զենք, զինամթերք պահելու հոդվածով` 235, ձերբակալվել է:
Նրա ներկայացմամբ` ճանապարհը փակել են 2 սեւ մեքենաներ, որոնցից դուրս եկած 8-10 քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարձակվել են Արմենի վրա եւ բռնի ուժ կիրառելով առեւանգել նրան՝ նստեցնելով մեքենան եւ տանելով անհայտ ուղղությամբ:
Արմեն Միքայելյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Արմեն Միքայելյանը մանրամասն նկարագրել է, թե ինչպես են ոստիկանները ոստիկանություն տանելու ճանապարհին նրա գոտկատեղին ատրճանակ տեղադրում, ընդ որում ոչ մեկ անգամ, քանի որ դժվար է եղել ատրճանակը այդ հատվածում երկար պահել:
«Իմ կողմից բոլոր իրավական միջոցները ձեռնարկվել եւ ձեռնարկվում են: Արմենի ձերբակալման օրինականությունը, հիմնավորվածությունը դատարանում կբողոքարկվի»,-նշեց փաստաբանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ այս պահին` պաշտպանական մարտավարությունից ելնելով որեւէ բան չի մեկնաբանի. «Ապացուցման պարտականությունը կրում է հենց մեղադրող կողմը. թող փորձեն ապացուցել: Ինձ համար ակնհայտ է, որ սա կապված է Արմեն Միքայելյանի «Հիմնադիր խորհրդարանի» անդամ լինելու հետ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ