«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Գերագույն խորհրդի (ԳԽ) պատգամավոր Ազատ Արշակյանը հայտարարեց, թե երեկ գիշեր կատարվածից հետո անպայման պետք է լինեն ակցիաներ, որովհետև ՀՀ քաղաքացիներն այլևս նահանջելու տեղ չունեն. «Մենք հասկանում ենք, որ մեր երկիրը տեր չունի: Մանավանդ վերջին քվեարկությունից հետո, երբ օդը հանձնվեց Եվրասիական միությանը»:
Ազատ Արշակյանը փաստեց, որ երեկ կատարվածը լուրջ պարտություն էր հայ ժողովրդի համար: Պատճառների մասին խոսելով` նա նշեց. «Թե՛ մարդիկ, ովքեր գրավել են զորամասը, թե՛ իշխանությունները, երկուսն էլ մտան փակուղի, քանի որ երկու կողմն էլ պատրաստ չէր առանց արյունահեղության լուծել խնդիրը: Վիտալի Բալասանյանի առաքելությունն ավարտվեց նրանով, որ պատանդներն ազատ արձակվեցին»:
Ըստ ԳԽ պատգամավորի` ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն էլ հեղինակությունների բացակայությունն է. «Կրակոցներ, արյունահեղություն: Սա լուրջ պարտություն էր մեր հասարակության համար: Պետք է գտնվեին մարդիկ, որոնք կառաջարկեին լուծումներ, և արյունահեղություն չէր լինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ