Ինչպես հայտնի է, այսօր ժամը 3.00-ին բերման է ենթարկվել նաև Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: Ու չնայած ոստիկանությունը հայտարարել է, որ նա առավոտյան 6.30-ի սահմաններում ազատ է արձակվել, սակայն նրա մտերիմները, հարազատները մինչ այս պահը ոչ մի տեղեկություն չունեն նրանից:
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ գիշերը ժամը 3-ից ֆեյսբուքով պարբերաբար նամակներ է գրում Լևոն Բարսեղյանին, վայրկյաններ անց տեսնում է, որ նամակները կարդացել են, սակայն ոչ մի պատասխան:
«Արդեն չգիտեմ որերորդ նամակն եմ գրում, նրան բերման ենթարկելու րոպեից պարբերաբար նամակներ եմ գրում, ինքը չպատասխանելու բնավորություն չունի, դա իրենից չէ, ցույց է տալիս, որ նամակը տեսել են, սակայն ոչ մի պատասխան: Տարբեր բովանդակությամբ նամակներ եմ գրում, հետո այնպիսի նամակ եմ գրել, որին պարզապես չի կարող չպատասխանել: Գրել եմ, որ հայրդ շատ վատ է, քեզանից խաբար չունի, մի բան գրի, փոխանցեմ իրեն, մեծ մարդ է, մեղք է, իսկապես վատացել է, նույն վայրկյանին նամակը կարդում են ու անարձագանք: Գիտեք ինչի է նման. նա Ֆեյսբուքը բաց է թողել, չի հասցրել սոցցանցից դուրս գալ, հեռախոսը վերցրել են ձեռքից, ու ինչ-որ մեկն նստած ընթերցում է նամակները: Անգամ գրել եմ՝ եթե դու Լևոնը չես ու կարդում ես ուրիշի նամակները, մի բան գրի, այ մարդ, էդ մարդու հայրը վատացել է, ոչ մի ուշադրություն: Եթե բռնված մարդ է, ինչպես կարող է նույն րոպեին նամակներն անմիջապես կարդալ, վերջին նամակը գրել եմ 14.56, հենց նույն պահին ցույց է տվել, որ կարդացվել է նամակը, բայց ես ենթադրում եմ, որ հեռախոսը իր ձեռքը չէ, որ չի պատասխանում: Գիտեք քանի նամակ եմ գրել, արդեն հաշվել չի լինում… Որդին՝ Հայկը զանգեց, զանգերը գնացին, բայց դարձյալ չպատասխանեց: Եթե հեռախոսը իր ձեռքը լիներ, անհնար է, որ գոնե նամակներից որևէ մեկին չպատասխաներ. ինքը չէր կարող հոր մասին իմանալ ու մի բառ չգրել, թե ես լավ եմ, հանգստացրեք»:
Մենք ևս նամակ գրեցինք Լևոն Բարսեղյանին, սակայն նա այլևս կապի մեջ չէր: Լևոն Բարսեղյանի որդին՝ Հայկը մեզ ասաց, որ հեռախոսն արդեն անհասանելի է, իր տեղեկություններով հայրը գտնվում է Շենգավիթի ոստիկանության բաժանմունքում: Ոստիկանության լրատվական վարչության պատասխանատուից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ են Լևոն Բարսեղյանին պահում ոստիկանությունում, սակայն Աշոտ Ահարոնյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների պաշտպանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը մեզ տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները մամուլով ստացած տեղեկությունների հիման վրա արդեն իսկ այցելություն են կատարել ու գտնվում են ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում: Մեզ խոստացան լրացուցիչ մանրամասներ տրամադրել քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ