Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր բոլորս ասում ենք՝ չլինի արյուն, չլինի: Ես էլ եմ ասում՝ զենքով չլինի, բայց…». Եգոր Գլումով

Հուլիս 27,2016 16:51

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Սասնա ծռեր» զինված խմբի շուրջ վերջին իրադարձությունների հետ կապված քննարկման ժամանակ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն, ասաց. «Սասնա ծռեր խմբի տղաները առաջին քայլն արեցին, իշխանությունները պետք է իրենց փոխզիջումն անեին: Հանդիպակաց քայլը չարվեց, դրա համար լարումը մեծացավ: Տան մեջ ինչ կատարվի՝ մեղավորը ծնողներն են, որովհետեւ իրենք են այդ պայմանները ստեղծել, դաստիարակել իրենց երեխաներին: Գնդակը իշխանությունների մոտ է»:

«Ռադիո Վան» ռադիոկայանի մշակութային բաժնի ղեկավար, հաղորդավար Եգոր Գլումովի խոսքերով՝ մենք սիրում ենք միշտ մեղադրել բոլորին. «Եթե վաղը Թուրքիայի կառավարությունն ասեց, որ ընդունում է Հայոց ցեղասպանությունը եւ հետ է վերադարձնում մեզ մեր հողերը, մենք չգիտենք՝ ինչ ենք անելու: Մենք 100 տարի տառապում ենք, բայց չգիտենք՝ ինչի ենք տառապում: Հիմա էլ ասում եք կառավարությունը, 2017-ին ընտրություններ են, համոզված եմ, որ էլի գնալու են ընտրեն մականունով տղամարդկանց, ասելու ենք՝ վախեցնում են: Մի՛ վախեցեք, կարո՞ղ են 1 մլն մարդու սպանեն, կարո՞ղ են ծեծեն 1 մլն մարդու, չեն կարող: Մի՛ փչացեք»:

Նա ասաց, որ Գյումրիում 88- ի ողբերգությունից հետո մարդիկ մինչեւ հիմա դրանով են ապրում. «Բայց ո՞վ է մեղավոր, որ մարդկանց ձեռք է տալիս դոմիկի մեջ ապրել, գրանցելով այնտեղ եսիմ ինչքան մարդ, ստանալով օգնություններ ու բնակարաններ: Մենք մեզ խաբում ենք: Գումարներ են հատկացրել բնակարանի համար, ինչ-որ մեկը կերել է, մի՛ թողեք ուտեն, մենք միշտ սիրում ենք բոլորին մեղադրել, բացի մեզանից»:

Հարցին, թե ինչպե՞ս են իրենք տեսնում «Սասնա ծռեր» խմբի հետ կապված իրավիճակի հանգուցալուծումը, Եգոր Գլումովը պատասխանեց. «Պատմության մեջ ոչ մի դեպք չի եղել՝ միայն ուժով, զենքով եւ արյունով են արել այդ ամեն ինչը: Այսօր բոլորս ասում ենք՝ չլինի արյուն, չլինի: Ես էլ եմ ասում՝ զենքով չլինի, բայց հանգուցալուծումը միայն դա է, ուրիշ ոչ մի բան չկա: Դուք ո՞նց եք պատկերացնում՝ ֆանտաստիկ ֆիլմի պես պիտի կառավարությունը ասեր՝ ժողովուրդ ջան, ներողություն ու պիտի գնա՞ր: Բա պատասխանները ո՞վ պիտի տա, ով պիտի վերադարձնի գումարները: Պարզ է, որ կառավարությունն էլ հենց այնպես չի վեր կենալու գնա»:

Հարցին՝ եթե ապստամբների պահանջները կատարվեին, նրանք բռնությամբ եկան իշխանության, ի՞նչ է մեզ սպասվում՝ Նարինե Թուխիկյանը պատասխանեց, որ նոր ընտրություններ են լինելու՝ ազատ, արդար, այնպիսին, ինչպիսին առաջին ընտրություններն էին: Թուխիկյանը գտնում է, որ Վազգեն Առաջին վեհափառից հետո չի եղել մի մարդ, որը ընդունելի կլինի, վստահելի, անբասիր, հեղինակություն կլինի. «Մեզ հետ չի խոսում ՀՀ նախագահը, չի խոսում մտավորականը, չի խոսում հոգեւորականը: Ուղղակի թքած ունեն, հասկանո՞ւմ եք: Կաթողիկոսը իրենից երեւի ցածր է համարում խոսել իր հոտի հետ: Չկա իմաստուն մի մարդ, սա մեր ողբերգությունն է: Մեզ բանի տեղ չեն դնում, ուրեմն մենք ի՞նչ պիտի անենք՝ չարություն»:

Գլումովը խորհուրդ տվեց, որ յուրաքանչյուր մարդ վերացնի իր մեջ սատանային, որ աշխարհն ավելի բարի լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031