Քիչ առաջ Խորենացի փողոցի արգելափակված հատված եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ լրագրողներին տեղեկացրեց, որ գալիս է «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում են գիշերը փոխհրաձգության ժամանակ վիրավորված «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը եւ նրա որդին: . «Մեզ հնարավորություն չտվեցին խոսել բժիշկների հետ, պարզաբանեցին, թե իբրեւ նրանք զբաղված են: Հնարավոր չեղավ տեսնել վիրավորներին: Հիմա էլ փորձեցինք փոխոստիկանապետից տեղեկություններ ստանալ բերման ենթարկվածների մասին, եւ այն մասին, թե ինչ է առհասարակ կատարվում, բայց հրաժարվում են պարզաբանումներ տրամադրել»,-ասաց նա:
«Ակնհայտ է, որ ոստիկանությունն ինչպես կրակ է բաց թողել մեր հերոսների վրա, նույն կերպ օրեր առաջ հատուկ միջոցներ ձեռնարկեց ցուցարարների դեմ` առանց հիմնավորումների: Հետեւաբար, ոստիկանությունն այսօր գործում է Սերժ Սարգսյանի ձեռքին` մեր դեմ»,-հավելեց Փոստանջյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ