Անազատության մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դեռ նպատակահարմար չի գտնում բանակցությունների մասին տեղեկություններ հայտնելը:
«Սասնա ծռեր» խմբի անդամները, համակիրները պարբերաբար հայտարարում են, որ իշխանությունները խախտում են բանակցությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես այսօր տարածեցին լուրեր, թե պայմանավորվածության խախտման արդյունքում են Պավել Մանուկյանն ու իր որդին վիրավորվել:
Aravot.am-ը Սեֆիլյանի պաշտպան՝ փաստաբան Արա Զաքարյանից հետաքրքրվեց՝ ժամանակը չէ՞ հրապարակել՝ ինչի մասին են բանակցել, որ պարզ լինի, ինչն է խախտվել, ի պատասխան՝ փաստաբանն ասաց. «Այս պահին որեւէ տեղեկություն բանակցությունների մասին կարող է այդ բանակցությունների գործընթացին խանգարել, արհեստական խոչընդոտներ ստեղծել, այդ իսկ պատճառով այս պահին Ժիրայր Սեֆիլյանը չի ցանկանում բանակցությունների մանրամասների վերաբերյալ տեղեկություններ հայտնվեն»:
Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ Սեֆիլյանին ազատ արձակելու «Սասնա ծռերի» պահանջի իրականացման հիմքեր տեսնո՞ւմ է, ասաց. «Գտնում եմ, որ կան ճանապարհներ, առավել եւս, որ Ժիրայր Սեֆիլյանն ու իր համախոհներն ունեն այս իրավիճակից խաղաղ ճանապարհով դուրս գալու քաղաքական հստակ ծրագիր, առանց արյուն թափելու: Կարծում եմ՝ եթե իշխանությունները Սեֆիլյանի հետ նստեն բանակցությունների ու պատրաստակամություն հայտնեն եւս խաղաղ ճանապարհով հարցի լուծման, ապա եղանակները կան, այս պահին կամքի դրսեւորման հարց է»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ այսինքն` բանակցություններն ավելի շատ ձեւական բնու՞յթ են կրում. «Այս պահին, բացի նշվածից, չեմ կարող ավելացնել, այս հարցին չեմ կարող պատասխանել»:
Երեկվա փոխհրաձգությունից ու զինյալ խմբի վիրավորված անդամների դեպքերի մասին պարոն Սեֆիլյանն իր պաշտպանին դեռ դիրքորոշում չի հայտնել:
Փաստաբանը նաեւ հավելեց, որ իր պաշտպանյալի վիճակը լավ է, ճնշումներ չկան. «Պարոն Սեֆիլյանի տրամադրությունը բարձր է, խնդիրներ չունի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ