«Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ադրբեջանն ինչ-որ բան պետք է ստանա: Այն, ինչը կարելի է Ադրբեջանին առանց մեծ կորուստների մատուցել, դա Ղարաբաղի որոշ տարածքների վերադարձն է: Բայց մեզանում մոտեցումը ծայրահեղական է եւ նշանակում է, թե Ռուսաստանը ՀՀ-ին վաճառում է Թուրքիային եւ Ադրբեջանին: Իհարկե, այդպես չէ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր նման կարծիք հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ըստ նրա` ՌԴ-ն ՀՀ-ին փորձում է օգտագործել իր նպատակների համար. «Ռուսաստանի համար կարեւոր է, որ Հայաստանն այստեղ լինի եւ մնա որպես խաղացող, բայց այնպիսի խաղացող, որը քայլեր է անում միայն Ռուսաստանի թելադրանքով: Այս համատեքստում տեսնում ենք հետեւյալը` ՌԴ-ն իր հսկողության տակ է վերցնում ՀՀ արտաքին քաղաքականությունը»:
Նավասարդյանի դիտարկմամբ` Ռուսաստանը ՀՀ-ին առաջարկում է հետեւյալ բանաձեւը` «ՀՀ-ն պետք է գնա զիջումների, փոխարենը ՌԴ-ն վերցնում է ՀՀ անվտանգության պատասխանատվությունը»: Միաժամանակ, ըստ Նավասարդյանի, հայտնի չէ, թե որքանով են ՀՀ իշխանությունները հակված ընդունելու հողեր հանձնելու «ռուսական պլանը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին` ՊՊԾ գնդի վրա զինված հարձակումը որքանո՞վ հետաձգեց Կազանի փաստաթղթի շուրջ քննարկումները, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Քանի որ ներքին քաղաքական անորոշություն կա, որեւէ զարգացում այդ ուղղությամբ հիմա տեղի չի ունենում: Բայց դա չի նշանակում, որ սա խանգարելու է ՌԴ-ին` իր պլանի ուղղությամբ առաջ գնալ: Նաեւ չեմ կարծում, որ քննարկվում է հենց Կազանի տարբերակը. դա լրիվ այլ փաստաթուղթ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Թէ որքան ծախուածութիւնը հասարակ բիզնէս է այսօր Հայաստանի մէջ