Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի կարծիքով, ՌԴ քաղաքական ղեկավարությունը եւ Պուտինը երեք հետեւություն պետք է անեն ՆԱՏՕ-ի գագաթաժողովից. «Շահելն անհնար է, չկորցնելն անհնար է, խաղից դուրս գալը նույնպես անհնար է»: Այս մասին պարոն Շահնազարյանը խոսեց այսօր, «Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո. հետևանքները Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ:
Արդյունքում, ըստ վերլուծաբանի, ՌԴ-ն գնում է սրացումների Սիրիայում, Հարավ-արեւելյան Ուկրաինայում, մեր տարածաշրջանում`խոսելով ԼՂՀ հակամարտության գոտում նոր սպառազինությունների մատակարարմամբ Ադրբեջանին:
Նա կարծում է, որ Հայաստանի համար շատ դրական է ու գնահատելի պետք է լինի, որ Հայաստանն այս անգամ էլ ամենաբարձր մակարդակով մասնակցեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
Հիշեցնենք, ՀՀ նախագահը մասնակցել էր նաեւ ՆԱՏՕ-ի նախորդ`Ուելսում տեղի ունեցած գագաթաժողովին: Մինչ այդ, ամենաբարձր մակարդակով չմասնակցությունը պատճառաբանվում էր, թե ՆԱՏՕ-ի բանաձեւերում ԼՂՀ խնդրի համար անթույլատրելի ձեւակերպումների ամրագրմամբ:
Կարդացեք նաև
Մինչդեռ, վերլուծաբանի կարծիքով, այսպիսի մասնակցությամբ, առավել մոտենում ենք կառուցողական շեշտադրումներին: «Հաշվի առնելով ՌԴ-Հայաստան հարաբերություններում զարգացումները, ես մտավախություն ունեմ, որ ՌԴ-ն փորձելու է արգելափակել Հայաստան-ՆԱՏՕ- հարաբերությունները: Հուսամ, դա չի հաջողվի»,- ասաց պարոն Շահնազարյանը՝ նկատելով, որ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ շատ հավանական է ԼՂՀ գոտում նոր պատերազմի բռնկումը, նպատակն էլ պարզ է`ռուս խաղաղապահների տեղակայումը:
Բանախոսն այս իրավիճակում առավել կարեւորում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը նոր սպառազինություններ կստանա ՌԴ-ից այն դեպքում, երբ նոր ստորագրված եւ ուժի մեջ մտած պայմանագրով Հայաստանը ՌԴ-ից այլեւս զենք չի ստանալու: «Ժամանակն է վերանայել Հայաստանի աշխարհաքաղաքական մոտեցումները եւ ինչու ոչ, դիմել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին`սպառազինության համար»,- կարծում է Դավիթ Շահնազարյանը: Բայց, մինչ այդ, ըստ նրա, Հայաստանի ապագաղութացման գործընթացը պետք է սկսել: Այսինքն, դուրս գալ այն միջազգային ձեւաչափերից, որոնք կաշկանդում են Հայաստանին: Նաեւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանի զարգացման առումով ՆԱՏՕ-ն շեշտադրում է կատարում Վրաստանի վրա, ինչից Հայաստանը կարող է օգտվել, Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ Վրաստանի հետ մեզ ռազմավարական հարաբերություններ են պետք:
«Մեզ պետք է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը Հայաստանում շատ լինի, որպեսզի մեր հանրությունն իմանա`ի՞նչ է ՆԱՏՕ-ն իրենից ներկայացնում»,- ասաց բանախոսը: Անդրադառնալով արդեն Վարշավայի գագաթաժողովին, պարոն Շահնազարյանն ասաց, որ մինչ գագաթաժողովը ինքը չէր կարծում, որ այն կլինի պատմական, բայց հիմա համաձայն է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ`Վարշավայի գագաթաժողովը պատմական է:
Դավիթ Շահնազարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ գագաթաժողովն անցնում էր նույն դահլիճում, որտեղ ժամանակին ստորագրվել էր Վարշավյան երկրների պակտը:
«Մինչ Վարշավայի գագաթաժողովը ՌԴ նախագահը հայտարարեց, որ ՌԴ-ի քաղաքականությունը փախվում է, ավելի խաղաղարար քաղաքականություն պետք է վարեն: Կարծում եմ, դա ճնշում էր ՆԱՏՕ-ի վրա, որպեսզի չկայացվեն այն որոշումները, որոնք կայացվեցին: Պարզվեց, որ ՆԱՏՕ-ում խոսքերին չեն հավատում»,- գտնում է բանախոսը::
Իսկ թե ի՞նչ ստացան Վրաստանը եւ Ուկրաինան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարծում եմ Վրաստանի,ՆԱՏՕ ընդունվելուց հետո, Հայաստանի,ՆԱՏՕ-ին
անդամակցությունը ժամանակի հարց է…Վկա է Աստված,Ռուսաստանը «օգնում» է այդ հարցում…