Ստորագրելով ՀՕՊ համաձայնագիրը Հայաստանը ՆԱՏՕ-ի համար թիրախ չի դառնում: Այսօր «Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո. հետևանքները Հայաստանի համար» քննարկման ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Վիլիամ Լահուն`պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, արդյոք վավերացնելով ՀՕՊ համաձայնագիրը, Հայաստանը ՆԱՏՕ-ի համար թիրախ է դառնում: Հիշեցնենք, այդ համաձայնագիրը ՀՀ ԱԺ-ն վերջերս վավերացրեց`բուռն քննարկումներից հետո:
Պարոն Լահուն բացատրեց, թե ինչո՞ւ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար թիրախ չի դառնում` քանի որ ՆԱՏՕ-ն պաշտպանության վրա հիմնված համակարգ է. «ՆԱՏՕ-ն որպես հաստատություն իրականացնում է այն որոշումները, որոնք ընդունում են սուվերեն պետությունները: Սա հսկայական տարբերություն է սովետական Վարշավյան պակտից: Եթե պետությունն ուզում է կամավոր մտնել մեր միության մեջ, մենք դեմ չենք դրան: Հայաստանը ունի սուվերեն իրավունքներ իր պաշտպանական անվտանգությունն ապահովելու համար եւ ոչ ոք նրան ոչինչ չի կարող պարտադրել: Դա չի կարող ազդել ՆԱՏՕ-Հայաստանը համագործակցության վրա: Կան երկկողմանի պայմանավորվածություններ եւ Հայաստանն ինքն է որոշում`ի՞նչ չափով ու հետաքրքրությամբ դրանք իրացնել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ