Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. «Լավ էս մեկն էլ կգնա, քանի որ ժողովուրդն այնպես չի կանգնում իրենց կողքին, էլի կլինի չէ՞» (Տեսանյութ)

Հուլիս 27,2016 12:27

Հուլիսի 27-ին «Հայելի» ակումբում գրող Լեւոն Ջավախյանը խոսեց մեր երկրում կատարվող վերջին իրադարձությունների՝ մասնավորապես ՊՊԾ գունդը գրավելու, դրանց հետագա զարգացման ու հնարավոր հանգուցալուծման մասին:

«Ինչքան ժամանակ է, վառվող ինքնաթիռի պես ընկնում ենք, այնքան կընկնենք, մինչեւ պայթյուն տեղի ունենա: Հոկտեմբերի 27-ից հետո սա էլ պայթյուն եղավ: Ինչո՞ւ գնդի տարածքը գրավեցին, սա զինված ապստամբություն էր, տղաները գրավեցին, որ հետո գան ուրիշները, սկսվի Սոդոմ- Գոմոր: Սկզբում ժողովուրդը վատ ընդունեց գնդի գրավումը, բայց հետո վերաբերմունքը փոխվեց: Զինյալ տղերքն ունեն մի հզոր «դաշնակից», դա ոչ ժողովուրդն է, ոչ էլ ցուցարարները, դա ալանն է, թալանը, կոռուպցիան, որոնք երկիրը ընկնելու վիճակի են հասցրել, սա սարսափելի է, սրա դեմը պիտի առնել»,-ասում է Ջավախյանը:

«Միլիոն դոլարներով աշխարհի տարբեր կողմերից գումարներ գալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարեն, ո՞վ է պայքարում, մեր սիրելի իշխանություննե՞րը… Չկա մեկը, որ Սերժի եղբայր Սաշիկի մասին չասի, որ ուժեղ փայ մտնող ա…Այս իրավիճակում ամեն մարդ նախ իրենից պետք է սկսեցի, առաջին հերթին նախագահը իրենից պետք է սկսի: 4-5 տարի առաջ մոլորյալս իրեն է ձայն տվել, ու ի՞նչ…Հիմա իջեք փողոց, հարց տվեք, տեսեք մեկը հավատ ունի՞ իր հանդեպ: Երեկ էլի դեպքեր էին տեղի ունենում, իշխանությունները արյունաքամ են անում զինյալներին: Լավ էս մեկն էլ կգնա, քանի որ ժողովուրդն այնպես չի կանգնում իրենց կողքին, էլի կլինի չէ՞, ախր ինչ-որ լուծում պետք է լինի:

Փաստորեն, մարդիկ (ՊՊԾ գունդը գրավածները-Գ.Հ.)ստեղծել են իրական դեմոկրատիա: Իսկ իրական դեմոկրատիան ո՞րն է …Այն է, երբ իշխանության ձեռքին զենք կա, դիմացն էլ զենք կա: Մարդիկ ճիգ են թափում թեկուզ զենքով իրենց իրավունքները իրացնեն, բայց ես որ թուրքի հետ խաղաղության կոչ եմ արել, հայի համար առավել եւս կոչ եմ անում խաղաղության, հանդուրժողականության:

Ու մի բան էլ, եթե իշխանությունները չփոխվեն, «Կոշկին դոմը» կայրվի, երկիրը կդառնա Սոդոմ-Գոմոր: Հիշում ե՞ք՝ ինչ եղավ Ուկրաինայում, Վրաստանում, նրանք զիջումներ արեցին, բայց դրանից ոչ մի օգուտ, էդ գինը մենք չենք կարա տանք, էս հլը մարսեցինք, հողեր են ուզում զիջենք, բա արյունով ազատագրած հողերը ո՞նց են տալու…Ազգային համաձայնության իշխանություն պետք է ձեւավորվի, իշխանությունը պետք է փափուկ-սահուն անցնի ժողովրդի ձեռքը, պետք է ազգային համաձայնության կառավարություն ստեղծվի, թե չէ նման էն ինքնաթիռի պես գահավիժելու ենք»,- հավելում է արձակագիրը:

Նա Ժիրայր Սեֆիլյանին էլ անդրադարձավ. «Ես հետեւում եմ Սեֆիլյանին, բայց նրա կողմնակիցներից չեմ, ինքը հենց մեծ ժողովուրդ է տեսնում, վռազ ասում ա գնանք, իշխանություն գրավենք, դա սրած դանակ է պետության դեմ»

Ինչ վերաբերում է մտավորականներին, Ջավախյանը նրանց մասին հետեւյալ կարծիքի է. «Մտավորականը պիտի մարդու նման խոսա, ոչ թե մոտավորականի, վերջերս հարցազրույց էի տվել, մեկն արձանագրել էր, թե ինչ լավ ա դու մտավորականի պես չես խոսում: Այսօրվա մտավորականերն ունեն մի հիմնական բնակավայր՝ տելեվիզորի ռամկեքը, որ ճմռթես տելեվիզորը, միջից կթափվեն: Մի մասը շողոքորթում է իշխանություններին, մի մասը ժողովրդին, մի մասը իր PR-ն է անում, անկեղծ հույզ ու հորդոր չեմ տեսնում: Ինչ ունենք՝ ունենք…Եթե մածունը յուղալի է լինում, սերուցքը հաստ է լինում, մեր պարագայում վերնաշենքում շատ բարակ սերուցք ունենք: Իշխանությունները չեն սիրում էս երկրին, արտագաղթողները չեն սիրում: Մենք լավ չենք սիրում երկիրը, լավ չենք սիրում…Ես չգիտեմ ինքս ինչքան եմ սիրում, բայց մի բան գիտեմ՝ կմեռնեմ, չեմ գնա Հայաստանից ու գոնե մի բռաչափ ես երկրի հողը կշատացնեմ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031