Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պետք հաղթահարել

Հուլիս 27,2016 10:08

Չնայած առաջին նախագահն ասել է, որ վերլուծությունների ժամանակը չէ, ես, այնուամենայնիվ, փորձեմ մի քանի բառով նշել, թե ինչու ենք մենք հասել այս վիճակին` չկենտրոնանալով որեւէ անձի վրա: Արմատներն, իմ կարծիքով, պետք է փնտրել նորանկախ հանրապետության ակունքներում:

25 տարի առաջ պետական վերնախավը կազմվել է երկու բաղադրիչից. 1/ ազգային-ազատագրական գաղափարներ` Ցեղասպանության ճանաչման համար պայքար եւ Ղարաբաղյան պահանջատիրություն, կրողներից 2/ կոռումպացված, բարոյալքված, ցինիկ կոմունիստական-կագեբեական նոմենկլատուրայից: Երկրորդը «տոգորվեց» առաջինով (այսինքն` կարելի է գողանալ եւ կաշառք վերցնել ու լինել «հայրենասեր»), եւ մենք ունեցանք Երրորդ հանրապետություն: Վերը նշված երկու միտումներն էլ պետք է հաղթահարել:

1/ Մենք ասում ենք` «ֆիդայի», «երկրապահ», «ազատամարտիկ», ինչպես որ առաջ ասում էին` «մաուզերիստ», «խմբապետ»: Եվ դա ավելի «հպարտ է հնչում», քան «զինծառայողը» եւ «պատերազմի վետերանը»: Որովհետեւ վերջին երկուսը պետք է տեղավորվեն պետական որոշակի կանոնների մեջ, իսկ «ֆիդային» եւ մնացածը ենթադրում են որոշակի կամայականություն՝ «բա ես ազգիս հմար արյուն եմ թափել» համոզիչ արդարացմամբ` «տղերքի ջոկատներով», տանը պահվող անօրինական զենքով եւ այլն: Պատրոնդաշը, փափախը, ազգասիրության մասին քնարական զեղումները` 19-րդ դարի ազգային-ազատագրական պայքարի այդ «անտուրաժը», գրեթե անփոփոխ տեղափոխվել են 21-րդ դար` ձեւավորելով հասարակական եւ քաղաքական ոչ միայն հռետորաբանություն, այլեւ մտածելակերպ: Ֆիդայականությունը, ազգային-ազատագրական մտածողությունը բավարար է ցեղասպանության խնդիրը երկրի ներսում եւ դրսում ներկայացնելու համար: Դրանք բավարար էին` Արցախյան առաջին պատերազմում հաջողությունների հասնելու համար, փառք ու պատիվ մեր հերոսներին:

Բայց մտածողության այս մակարդակը խիստ անբավարար է նոր պատերազմում, որը մեզ սպասվում է` քառօրյա պատերազմը մեզ դա հուշեց: Նոր պատերազմը լինելու է ավելի տեխնոլոգիական, ավելի տնտեսական եւ ավելի, եթե թույլ տրվի ասել, պետական: Իսկ դրա համար պետք են տեխնոլոգիաներ, պետք է տնտեսություն եւ ամենակարեւորը` պետություն: Ֆիդայականությամբ պետություն չես կառուցի: Առանց պետության այս դարում մենք չենք կարողանա հաղթել:

2/ «Հետխորհրդային» էլիտան խորհրդայինից տարբերվում է նրանով, որ ավելի կոռումպացված է եւ ավելի ցինիկ, գումարած դրան` յուրացրել է ազգային-ազատագրական բառապաշարը: Բացահայտ շուկայական հարաբերությունների, «երկաթյա վարագույրի» բացակայության եւ խոսքի հարաբերական ազատության պայմաններում այն ժամանակի ընթացքում դառնում է ավելի ու ավելի ոչ ադեկվատ եւ նմանվում է բրեժնեւյան քաղբյուրոյի կերպարներին: Նրանք նույնպես բացարձակապես չեն համապատասխանում այսօրվա մարտահրավերներին:

Այսօր թվում է, թե առաջինը կռվում է երկրորդի դեմ: Իրականում երկուսի ժամանակն էլ անցել է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. չինովնիկից զզվող says:

    «Հետխորհրդային» էլիտան խորհրդայինից տարբերվում է նրանով, որ ավելի կոռումպացված է եւ ավելի ցինիկ, գումարած դրան` յուրացրել է ազգային-ազատագրական բառապաշարը: Շատ ճիշտ եք անվանել այսօրվա ՀՀ վարչակազմը, որի անգամ ամենացածր օղակները կազմված են նողկանք առաջացնող կոռումպացված, բարոյալքված, ցինիկ կոմունիստական-կագեբեական՝ նաեւ տգետ նոմենկլատուրայից: Ոնց ազատվես էս մղձավանջից: Որ մեկին փոխես, ինչքան ժամանակում: Նախարարությունների վարչության պետեր, տեղակալներ, տարբեր կատարողներ, գործավարներ: Չնչին բացառություններ կան միայն: Այս ամենը մետաստազներով ուտում է Հայաստանը:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Սա ոչ թե վերլուծություն է, այլ երկու երևույթների գրեթե օբյեկտիվ նկարագրություն, մինչդեռ պատճառահետևանքային կապի մասին չկա և ոչ մի խոսք:
    Մեզ մոտ ընտրությունները կեզծվել են 1996-ից սկսած, և եթե խոսում ենք զինված ապստամբության հնարավոր վնասակար նախադեպ լինելու մասին, ինչո՞ւ չենք նշում արդեն ավանդույթի վերածված պղծված ընտրությունների և քվեարկությունների մասին, ինչը պարզապես երկիրը երկիրը խեղդամահ է անում:
    Եթե փորձենք պարզել հասարակության ընդվզման ՛՛ֆիդայական բաղադրիչի՛՛ դինամիկան, ապա կտեսնենք, որ այն սկիզբ է առնում 2008-ից, այսինքն այն պահից, երբ պետական կառավարման արատները սկսում են սպառնալիք դառնալ ինչպես ազգի, այնպես էլ պետականության գոյության համար, և այսօր, հասարակական պայքարում ձեռք բերելով դոմինանտ դիրք, այն դրսևորվում է ՛՛Սասնա Ծռերի՛՛ խելահեղ-հերոսական քայլով և դրան հետևող հասարակական հզոր աջակցությամբ:
    Գրեթե հռետորական հարց.
    Իսկ ովքե՞ր եմ մեղավոր, որ այսօր կանգնած ենք պետական կառավարման ճգնաժամի և նույնիսկ պետության կորստի վտանգի առջև: Ինձ համար պատասխանը միանշանակ է.
    ամենակեր իշխանական վերնախավը՝ նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ որևէ այլ բացատրություն ըստ իս՝ կամ փարիսեցիություն է, կամ՝ պալատական սազանդարություն:

    • Աշոտ says:

      Հայաստանում ընտրությունները կեղծվել են ՄԻՇՏ:
      Իսկ թե ովքե՞ր են մեղավոր, որ այսօր կանգնած ենք պետական կառավարման ճգնաժամի և նույնիսկ պետության կորստի վտանգի առջև, պատասխանն այո, միանշանակ է. ամենակեր իշխանական վերնախավը՝ նախագահի աթոռին նստած ԼՏՊ-ի, հետո Քոչարյանի, իսկ հիմա էլ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մնացածը՝ ինչպես տեքստում:

      • Մարգար Մախսուդյան says:

        Հարգելի Աշոտ, ցավոք ՛՛Առավոտը՛՛ տեխնիկական հնարավորություն չի տալիս մեզ խմբագրել մեկնաբանությունների մեր սխալներն ու բացթողումները, ինչն իրոք՝ ազդում է մեր գրառումների որակի վրա, և եթե ես այդ հնարավորությամբ օժտված լինեի, ապա իմ նախնական տեքստում 1996-ը կփոխարինեյի 1995-ով, ո՛չ ավելի, քանի որ համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանի առաջին ընտրությունների արդյունքը հիմնականում համապապատասխանում էր ընտրողների տրամադրություններին, թեև այն ժամանակ էլ արձանագրվեցին բռնություններ / նկատի ունեմ Պառավաքարի դեպքը /:
        Համաձայնելով այն մտքի հետ, որ առաջին և երկրորդ նախագահներն էլ մեղսակից են այս ստեղծված իրավիճակի համար, ավելին, պատրաստ եմ հանգամանալի անդրադառնալալ նրանցից յուրաքանչյուրի ՛՛ցանած բողկերին՛՛, սակայն իմ մեկնաբանության հիմնական միտքն այն էր, որ ազատամարտում կոփված մեր մարտիկններն ու հրամանատարները սկսեցին զանգվածաբար ընդվզել 2008-ից սկսած, ինչը, բնականաբար կապված էր ՛՛Առաջ Հայաստան՛՛ և ՛՛Դեպի ապահով Հայաստան՛՛ կարգախոսների՝ իրական կյանքում փուչ ու վիրավորական լինելու հետ, դե իսկ խղճուկ արտաքին քաղաքականությունն ու բանակում տիրող բազմահարկ կոռուպցիայի վերջին բացահայտումները լցրեցին համբերության բաժակը:

        • Հարգելի պրն Մարգար Մախսուդյան: Եթե Դուք գրեիք՝ մենք կուղղեինք մեկնաբանության մեջ առկա վրիպակը:

          • Մարգար Մախսուդյան says:

            Հարգելի տիկին Իսրայելյան, շնորհակալ եմ և զգացված Ձեր պատրաստակամության համար, և եթե չեք մոռացել, նախկինում ես և իմ ընկերը այդպես էլ վարվում էինք, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դա սխալների ուղղման արդյունավետ ձև չէ. նկատի ունեմ թե՛ ձեզ գործից կտրելը, և թե վրիպակների երբեմն անկարևոր լինելը, ուստի սկսեցի ձեռնպահ մնալ նման իրավիճակներում ձեզ անհանգստացնելուց:
            Ես ինձ իրավունք չեմ վերապահել նաև նման հնարավորություն ստեղծելու պահաջ-խնդրանքով դիմել խմբագրությանը, քանի որ գիտակցում եմ, որ դա կարող է կապված լինել լրացուցիչ ծախսերի հետ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031