Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բռնության մշակույթ. Այլընտրանքի բացակայությունը՝ որպես հասարակական կենսաձև

Հուլիս 27,2016 08:36

Հայաստանյան հասարակությանը մարգինալության մեջ մեղադրելն, իհարկե, նորաձև է, բայց նաև անազնիվ: Դժվար թե կարողանաք գտնել մեկ ուրիշ երկիր՝ այսքան փոքր, այսքան սակավամարդ, այսքան միատարր, բայց նաև այսքան պատրաստ՝ ասելու իր խոսքն ու ունենալու իր կարծիքը:

Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ անհնար է գտնել որևէ համապետական ընտրություն, որի պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել հետո փողոցներում, ցույցերի ժամանակ. գագաթնակետն, իհարկե, Մարտի 1-ն էր: Քաղաքական բազմամարդ ակցիաներից հետո, սակայն, հասարակությունը փոխեց բողոքի ձևն ու վեկտորը: Ինքնակազմակերպվեց ու անցավ քաղաքացիական բողոքի փուլին՝ «100 դրամ», «Մաշտոցի պուրակ», «Դեմ եմ», «ElectricYerevan»: Մի տարբերությամբ. Պայքարի ու հիասթափության, առաջնորդների փնտրտուքի ու կուռքերի անկման, երազանքների ու խաբվածության այս շրջափուլերը փոխեցին մարդկանց հոգեբանությունը և համոզմունքները: Ստեղծվեց մի վիճակ, երբ բռնությունը սկսեց ընկալվել որպես հարցի վերջնական լուծման հիմնական տարբերակ:

Բռնությունը՝ որպես այլընտրանքի բացակայություն. իշխանափոխության ֆետիշիզմ

Հայաստանյան ցույցերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բոլոր դեպքերում գործող իշխանություններին հաջողվել է, ի վերջո, վերահսկողություն սահմանել իրավիճակի նկատմամբ: 1996-ին, 2003-ին, 2004-ին , և անգամ 2008-ին, երբ նորանկախ երկրի պատմության մեջ առաջին անգամ սեփական երկրում ցույցերի ժամանակ սպանվեցին ՀՀ քաղաքացիներ, գործող իշխանությունները տեղի չտվեցին: Իշխանությունը փաստացի «հաղթեց» նաև գրեթե բոլոր խոշոր քաղաքացիական նախաձեռնությունների արդյունքում:

Այս հաղթանակների գործիքներն, իհարկե, տարբեր են. սեփական վարկանիշի համար ձևական զիջումներից, ընդդիմադիրներին «համոզելուց», կաշառելուց, ֆիզիկական բռնություններից մինչև ձերբակալություն: Այս դեպքում իշխանությունների համար կարևորը վերջնարդյունքն է:

Արդյունքում՝ ստեղծվեց համընդհանուր անվստահության մթնոլորտ, երբ հասարակության համար խաբված լինելու հանգամանքը ընկալվում է որպես հիմնակետ, իսկ գործող իշխանությունների և փոփոխվող ընդդիմության դերաբաշխումն այնքան արագ է կատարվում, որ մարդկանց համար միակ լուծումը դառնում է կտրուկ իշխանափոխությունը:

Այս դեպքում դրա որակական կողմն այդքան էլ կարևոր չէ, դա արդեն ինքնանպատակ է. դանակը ոսկորին է հասել:

Քաղաքական և ընդդիմադիր վերնախավը, կամ՝ հնաբնակները հակադարձում են, որ շատ ժամանակ նոր սերնդի «բարեփոխիչների» կոչերն ու պահանջները չափազանց ռոմանտիկ են, հաշվի չեն առնվում ստեղծված իրավիճակի հիմքերը, անբավարար կենսափորձը թույլ չի տալիս հասարակական պահանջ ձևավորել, որն արդյունքում դառնում է մաքսիմալիստական քմահաճույք, սակայն մյուս կողմից չափազանց ակնհայտ է իշխանության և ընդդիմության մեջ իրական փոփոխություններ իրականացնելու կամքի ու քաջության բացակայությունը, նաև՝ անկարողությունը: Իսկ ապրիլյան սահմանային թեժացումներից հետո քաղաքական էլիտան կորցրեց հանրային ցասման զսպման ամենազորեղ գործիքը՝ «ինչ անում ենք, բանակի համար ենք անում»:

Zara_Hovhannisyan«Այն, որ այսօր մեր հասարակական գիտակցության մեջ գերիշխում է այն մտայնությունը, որ բռնությունը դարձել է հարցի լուծման հիմնական կամ միակ տարբերակ, հստակ է: Նման դրսևորումների կարելի է հանդիպել հասարակական կյանքի բոլոր օղակներում՝ սկսած ընտանիքից: Բայց այսպիսի մթնոլորտը հենց այնպես չի ձևավորվել: Ի՞նչ եք սպասում մի հասարակությունից, որն իր անկախության 25 տարիների ընթացքում գոնե մեկ անգամ չի տեսել օրինակ, որ այս երկրում հնարավոր է մասնակցել որոշումների կայացմանը, որ որևէ փոփոխության կարելի է հասնել ընտրական գործընթացների, ազատ կամարտահայտման կամ խաղաղ բողոքի ցույցերի արդյունքում»,- պարզաբանում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանը:

«Իշխող քաղաքական էլիտան ամեն օր իր օրինակով ապացուցում է, որ հարցի լուծման այլ տարբերակ, քան բռնությունն է, չկա: Սկսած ընտանեկան բռնություններից, վերջացրած քաղաքացիական հավաքների ու ցույցերի բիրտ ճնշումներով. վերջին դեպքերից բավական է հիշել միայն ոստիկանության անմարդկային գործողությունները Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ, կամ ընդամենը մի քանի օր առաջ Խորենացի փողոցում:

Բռնության քարոզ է գնում բոլոր ուղղություններով ու բոլոր միջոցներով, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներով: Բռնության կուլտի քարոզի նման պայմաններում այս հասարակությանն այլ բան չի մնում, քան ապավինել նույն այդ բռնությանը, որովհետև մարդիկ այլևս չեն պատկերացնում այս իշխանությունների հետ հարաբերվելու այլ տարբերակ: Քաղաքացի-պետությունը հաղորդակցական շղթայի մյուս բոլոր բաղադրիչներն ուղղակի չեն գործում»,- հավելում է Հովհաննիսյանը:

Arshak-GasparyanԲռնության մշակույթի քարոզի մասին բարձրաձայնում է նաև հոգեբան Արշակ Գասպարյանը: Ըստ նրա հուզական, սթրեսային իրավիճակներից ելք փնտրող հասարակությունը հաճախ է ընտրում բռնությունը՝ որպես գործիք.

«Այս վիճակը միանգամից չի ստեղծվել: Սա հուզական էսկալացիայի արդյունք է: Սրա պատճառն այն սոցիալական անարդարությունն է, սպասելիքների ու իրականության այն կրկնվող բախումը, որի ականատեսն ու կրողն է լինում հասարակությունը: Երբ անընդհատ տեսնում ես խոսքի ու գործողությունների անհամապատասխանություն, երբ մարդը չի կարողանում գտնել ինքիրացման, ինքնառեալիզացիայի բավարար տարածք, առաջանում է դժգոհություն, հիասթափություն, որի գագաթնակետը նման գործողություններն են: Ինչ վերաբերում է բռնությանը, ապա այսօր դրա քարոզին կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Լրատվամիջոցները չեն դադարում բռնություն քարոզել՝ տարբեր ճանապարհներով՝ լինի պատգամավորի խոսքի, օլիգարխի պահվածքի կամ դիտումներ ապահովող լուրերի միջոցով»,- բացատրում է հոգեբանը:

Levon MargaryanՔաղաքական վերլուծաբան Լևոն Մարգարյանի կարծիքով, բռնությունն, իհարկե, միակ ելքը չէ, սակայն ինքնամփոփ իշխանությունների ու անընդհատ վերադասավորվող ընդդիմության մեջտեղում հայտնված հասարակության մեջ ցասումն այնքան է խտացել, որ իրավիճակի նման լուծումը ևս ընդունելի է դարձել սոցիումի համար.

«Դժվար է ասել, արդյոք հասարակությունը համոզվե՞լ է, որ միայն բռնությամբ և զենքով է հնարավոր ինչ-որ բաներ փոխել: Ցավոք, Հայաստանի անկախության ընթացքում այդպես էլ իշխանությունների մոտ չստացվեց ձևավորել ընտրական մեխանիզմների հանդեպ հանրային վստահություն, հասարակությունն իրեն այդպես էլ մասնակից չտեսավ քաղաքական կյանքին»,- ասում է Լևոն Մարգարյանը։

« Նորաստեղծ, բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներով երկրում, երբ հասարակության կարծիքը ստորադասվել է վերնախավերի նպատակահարմարությանը, բոլոր տեսակի խնդիրները խառնվում են իրար: Եվ երբ սրվում է սոցիալ-տնտեսական իրավիճակը, անկախ պատճառներից ու պատճառաբանություններից, հասարակության մոտ առաջանում է իշխանության հանդեպ կասկածամիտ, բացասական դիրքորոշում:

«Արդյունքում ունենք այն, ինչ ունենք հիմա: Ինքնաբավ, փակ իշխանություն և ցասման մեջ գտնվող, բայց ապոկալիպտիկ մտածողությամբ հասարակության ակտիվ հատված: Այս արանքում ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերը չեն կարողանում կողմնորոշվել: Մի դեպքում նրանք հանրության սիմպատիան գրավելու համար դիմում եմ տարածված ապոկալիպտիկ դիսկուրսին, հետո, հասնելով անհաջողության, կա՛մ մարգինալանում են, կա՛մ էլ որդեգրում են իշխանության համար ձեռնտու, խիստ կառուցողական դիրքորոշում: Այս ծայրահեղ պրագմատիզմի և ծայրահեղ իռացիոնալիզմի միջև էլ ձևավորվում է այն քաղաքական վակուումը, որն ունենք: Իսկ վակուումը կարող է լրացվել ցանկացած բանով: Ընդհուպ նաև զինված հարցեր լուծելու պրակտիկայով»,- բացատրում է քաղաքական վերլուծաբանը:

Հայրենիք, որ զինվորին փողոց է հանում. Պավլիկյան շարժում

88- ի շարժումն ու Արցախի ազատագրական պայքարը Հայաստանի նորագույն պատմության ոչ միայն ամենահերոսական դրվագներն են, այլև ամենաորոշիչը: Հենց այս շարժման վրա, ըստ էության, դրվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման հիմքը: Այս շարժումը փոխեց նաև մարդկանց մտածելակերպը. «Ոչ մի թիզ հող թշնամուն»-ը դարձավ ոչ միայն քաղաքական կատեգորիա, այլև՝ ազգային համախմբման եթե ոչ միակ, ապա գոնե առաջնային սկզբունքը:

Ազատամարտը սիրուն բառ է, հաղթանակը՝ ևս: Բայց հաղթանակները հասարակության վրա ծանրանալու հատկություն ունեն: Հատկապես, եթե դրանցից հետո անարդարություն է:

Դեռ երկու տարի առաջ, երբ ազատամարտիկներն ու Արցախյան պատերազմի վետերանները բողոքի ցույցեր սկսեցին Երևանում, մարդկանց համար անհասկանալի էր՝ ինչպե՞ս ստացվեց, որ խրամատը տեղափոխվեց սահմանից ներս, որ հայրենիքի զինվորը դուրս եկավ փողոց՝ ոչ հայրենիքի, բայց երկրի դեմ բողոքելու: Ազատամարտիկների այս նախաձեռնությունն ավարտվեց գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ազատազրկմամբ: Դրան հաջորդեց Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը:

10 տարի առաջ տված իր հարցազրույցներից մեկում ազատամարտիկ Պավել Մանուկյանը՝ Ապարանցի Պավլիկը ասում է. «էս երկիրը մերն է, իմ նման տղերքինը, որ մեր արածը երբեք նժարին չդրեցինք, չկշռեցինք ու չպահանջեցինք»:

Հուլիս 17-ին, երբ Երևանում սկսվեց «Պավլիկյան շարժումը», պարզ դարձավ՝ շատ բան է փոխվել: «Մեր անվտանգության երաշխավորը իմ չքնաղ թռչունն է (ցույց է տալիս ձեռքի ինքնաձիգը.- Ս.Մ.): Իմ արծիվն ու իմ բազեն»,- ասում է արդեն «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, ով իր մի քանի համախոհների հետ գրավեց Էրեբունու ՊՊԾ գունդը ու պատանդ վերցրեց ներսում գտնվող ոստիկաններին ու դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայի վարորդին: Գործողության ընթացքում զոհվեց ոստիկանության սպա, գնդապետ Արթուր Վանոյանը: Ստացվեց այնպես, որ Հայաստանում ազատամարտիկը ազատամարտիկի սպանեց:

«Մենք գրեթե միշտ անտեսում ենք այն հանգամանքը, որ պատերազմը անընդհատ սթրեսային վիճակ է, իսկ Արցախյան պատերազմի մասնակիցները՝ բոլորը, կրել են այդ սթրեսային իրավիճակի բոլոր հետևանքները՝ ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ ապրիլյան դեպքերի ժամանակ: Խնդիրն այն է, որ այս մարդկանց պոստտրավմատիկ վիճակով պետությունը չի զբաղվել: Արցախյան շարժման ժամանակ այդքան հոգեբաններ չկային, չնայած, որ հայկական հոգեբանության հիմքը դրվեց հենց 1988-ին՝ երկրաշարժից հետո: Այսպիսով՝ մի մեծ կտոր մենք բաց ենք թողել: Ի՞նչ պետք է անեին այդ մարդիկ պատերազմից հետո: Ինչպե՞ս պետք է իրականացվեր նրանց սոցիալիզացիան: Պատերազմից, նման հուզական լարվածությունից հետո, նրանք հայտնվեցին մի իրողության մեջ, երբ հայրենիքը նրանց կարիքն այլևս չուներ»,- ասում է Արշակ Գասպարյանը:

marine-petrosyanԳրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն այս թեմայով հարցազրույցներ չի տալիս, իրավիճակը փոփոխվում է, կոնտեքստը՝ նույնպես. փոխարենը գրում է իր կայքում.

«Հայաստանում արտակարգ իրավիճակ ա։ Առաջին օր, երկրորդ օր, երրորդ օր, չորրորդ օր, հինգերորդ օր։ Նախագահականից ձայն չկա, կառավարականից ձայն չկա, Ազգային ժողովի նախագահը չի խոսում։ Հասկանալի ա՝ ինչու չեն խոսում, եթե խոսեն, ավելի են շիկացնելու մթնոլորտը։ Սուտ ասեն՝ չեն հավատալու, ճիշտն ասեն՝ էլի չեն հավատալու։ Էն որ ասում էին՝ ոչ լեգիտիմ, ոչ օրինակարգ, սրան էին ասում։ Ոչ օրինակարգ նախագահը եթե խոսի օրենքի և կարգի պաշտպանության դիրքերից, կստացվի աբսուրդ, դրա համար էլ չի խոսում։ Ամեն կեղծված ընտրությունից հետո, երբ խոսք էր գնում լեգիտիմության պակասից, հանրապետականները երևի մտքներում անկեղծ խնդում էին՝ տո ի՞նչ լեգիտիմություն, ի՞նչ ֆլան ֆստան, ինչի՞ եք բարդացնում, ում զոռն ավելի շատ ա, նա էլ հաղթում ա, վերջ։ Հիմա տեսաք, որ ամեն ինչ ձեր պատկերացրածի պես չի, և զոռը գլխավոր սկզբունք դարձնելու դեպքում՝ զոռ բանեցնողի վրա զոռ բանեցնող կգա, երկիրն էլ կկանգնի ճգնաժամի առաջ»:

Ստոկհոլմյան սինդրոմ կամ երբ համակրում են զինյալներին

Ի՞նչ պատահեց, երբ նախկին ազատամարտիկները հանկարծ զինված խմբավորման անդամներ դարձան, երբ «հերոս» բառին փոխարինելու եկավ «ահաբեկիչ» եզրույթը:

«Հետաքրքիր մի բան նկատեցի՝ «Սասնա ծռերի» գործողությունից հետո, առաջին օրերին։ Երբ զրուցում եմ պարզ հայաստանցիների հետ, կամ ավելի լավ ա սենց ասեմ՝ ոչ ակտիվիստների հետ, բառիս լայն իմաստով, արձագանքը կատարվածին զարմանալի ռացիոնալ ա ու տրամաբանված, հիմնականում ասում են՝ լավ բան են ուզեցել անել տղերքը, բայց արդյունքում դժվար լավ բան ստացվի։ Իսկ երբ հանրային ակտիվություն ունեցող ընկերներիս արձագանքն եմ նայում ֆեյսբուքում, ակնհայտ ա ոգևորությունը։ Հասկանալի ա, որ զինված գործողությամբ սեփական կյանքը վտանգի տակ դնելու մեջ հերոսական պահ կա և, ըստ երևույթին, հենց դա ա ընկերներիս ոգևորել՝ որպես ապատիայից դուրս գալու ճանապարհ, բայց ես էդ ոգևորությունը հենց սկզբից չեմ կիսել…,- ասում է Մարինե Պետրոսյանը,- …Հայաստանի բնակչության մի մեծ մասը համակրում ա պատանդ վերցնողներին։ Որովհետև հայտնի, կռված տղերք են, որովհետև ժողովրդի ցավից են խոսում, որովհետև համբերության բաժակը լցվելու արդյունք ա իրանց արածը»։

«Մեր օրերի ֆիդայիներն են։ Ֆիդայական շարժում։ Զավթիչների դեմ։ Ազգային ազատագրական։ Գիտեմ, որ շատերին ոգևորում ա սա։ Հուզիչ ա։ Բայց վտանգավոր ա նաև։ Որովհետև վերադարձնում ա նախապետական ժամանակներին՝ էն ժամանակներին, երբ Հայաստանը պետություն չէր, երբ պետությունը մերը չէր»։

Իրավիճակի իրավական գնահատականը փակուղի մտավ հանրային ընկալման ու զինյալ խմբի անցած ճանապարհը գնահատելով, հոգեբան Արշակ Գասպարյանը կարծում է, որ «ազատամարտիկ» եզրույթը վերջին օրերին չափից շատ գործածվեց.

«Ես համոզված եմ, եթե «Սասնա ծռերի» փոխարեն ՊՊԾ գունդ ներխուժեին այսպես կոչված «քրեաօլիգարխիկ» կլանի, կամ որևէ պատգամավորի կամ օլիգարխի թիկնազորի անդամները, նրանց նկատմամբ «ահաբեկիչ» եզրույթի գործածումը ավելի միանշանակ կլիներ: Այս իրավիճակը պետք է մի քանի առանձին կտորով վերլուծել. Նախ, ազատամարտիկների նկատմամբ հանրային շատ հստակ ու որոշակի վերաբերմունք կա, այնքան, որ գրեթե անտեսվեց նրանց կողմից իրականացված սպանությունը, ի դեպ՝ ազատամարտիկի սպանությունը: Այսօր փողոց դուրս եկած մարդկանց մեծ մասի համար չափման միավորը հենց «Սասնա ծռերի» անդամների պատերազմական անցյալն է, նրանց՝ ով լինելը»:

«Բացի այդ՝ հանրության համար, որը չափազանց հիասթափված ու հոգնած է գործող իշխանություններից, շատ հրապուրիչ է նախագահի հրաժարականի պահանջը: Եվ երրորդ, ու չափազանց շահարկված գործոնը, որի մասին, ի դեպ, հենց խմբավորման անդամները որևէ անգամ չեն բարձրաձայնել, հողերի հանձնման մասին խոսակցություններն են: Բայց հենց այստեղ է ակնհայտ դառնում այն, որ հանրային այս ռեակցիան բացառապես հուզական հիմքի վրա է դրված: Հույզերը վաղ թե ուշ կմարեն, իսկ արդյունքի համար գործողություններ են պետք, որոնք այսօր չկան»,- բացատրում է քրեական արդարադատության հոգեբանը:

Քաղաքական վերլուծաբան Լևոն Մարգարյանը ևս համոզված է՝ «Սասնա ծռերի» անդամների հերոսացումը կապված էր նախ և առաջ նրանց մարտական անցյալի հետ, սակայն առկա սոցիալ-քաղաքական նախադրյալները ևս անտեսել չի կարելի.

«Իհարկե, այսօր զինյալների գործողությունների մեթոդաբանությունն արդարացնողները քիչ են, բայց քիչ չէին նրանց ինտենսիվորեն հերոսացնողները, աջակցության համար հավաքվողները: Ես խոսում եմ բացառապես խնդրի սոցիալ-քաղաքական կոնտեքստի մասին, բուն քաղաքական, հաճախ՝ նաև աշխարհաքաղաքական երանգներին այս դեպքում անդրադառնալու կարիք չկա, եթե դիտարկում ենք բռնության մշակույթը: Այո, Հայաստանում տեղի ունեցած քիչ թե շատ հայտնի «զինված ընդվզումների, բռնության կիրառման ողբերգական փորձերի» հետևում կարելի է փնտրել ականջներ նաև դրսում, բայց դա հիմա մեր քննարկման համար հասանելի հարց չէ՝ թե՛ փաստերի բացակայության, թե՛ այդ դեպքերի առանձնահատկության պատճառով, դրանց շուրջ առկա ցենզուրայի պատճառով: Բայց բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ իր հիմնական էությունից, առաջ է բերում, դառնում է առիթ հանրային որոշակի տրամադրությունների ձևավորման համար, որոնք, կարծում եմ, քննարկելն առավել կարևոր է, քան կոնկրետ դեպքերը»,- ասում է նա:

Կեցցե այն Հայաստանը… Ո՞րը

Ի վերջո, ի՞նչ ունենք զինված ապստամբության փորձից ավելի քան մեկ շաբաթ անց: Նախորդ շաբաթվա ընթացքում առաջ քաշված պահանջները, կարծես, այլևս էական չեն, օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը զինյալների օրակարգում է, բայց այն այդպես էլ չդարձավ լայն հանրության օրակարգը։ Պատանդները, որ, ըստ էության, խմբավորման անվտանգության միակ երաշխիքն էին, ազատ են արձակվել: Քաղաքական ուժերը, որոնց մի մասը Խորենացիում հայտնվեց միայն վերջին 2 օրերին, ընդունելի չեն խմբավորման անդամների համար, միջնորդական որևէ նախաձեռնություն՝ ևս:

«Ես հստակ հասկանում եմ, որ, այո, փակուղային իրավիճակ է ստեղծվել: Բայց նաև ուզում եմ շեշտել, որ ինչպես էլ հանգուցալուծվի այս հարցը, հաղթողը բռնությունն է լինելու: Մի պարզ պատճառով. քաղաքական էլիտան մեր հասարակությանը դարձրեց բռնության մշակույթի կրողը, և, ուրեմն, այսուհետ ողջ պատասխանատվությունը հենց իշխանությունների վրա է. նախ, իշխանությունն ուներ բոլոր լծակները, որպեսզի թույլ չտար նման գործողություններ»:

«Նորմալ երկրներում նման գործողությունից հետո առնվազն երկու պաշտոնյա պետք է հրաժեշտ տար իրենց պաշտոններին՝ Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարները: Այսքանից հետո գործող իշխանությունների նման ոչ կոմպետենտ, անպատասխանատու պահվածքն ուղղակի անընդունելի է. Նախ, եթե նրանք, իրոք համարում են, որ ՊՊԾ գնդի ներսում ահաբեկիչներ են, զինված, ինչպես իրենք են հայտարարում՝ նարկոդիսպանսերներում գրանցված, զենքի հետ վարվեցողության կանոններ չիմացող, այդ ինչպե՞ս ռիսկ արեցին այդքան լրագրողների տանել նրանց մոտ ասուլիսի: Բացի այդ, գլոբալ իմաստով, իշխանությունների ձեռքում են գտնվում հասարակությանը կրթելու բոլոր լծակները, որոնք, սակայն, չեն օգտագործվում: Ես չեմ պատկերացնում իրավիճակի լուծումը, ուղղակի գիտեմ, որ այս իրավիճակում շահող կողմ չի լինելու»,- ասում է Զառա Հովհաննիսյանը:

Մարինե Պետրոսյանը, ով մշտապես պաշտպանել է ընդդիմադիր պայքարը, համոզված է՝ այսօրվա արդյունքը փակուղին է. «Էսօրվա վիճակով ունենք փակուղի։ Եթե ուզում ենք վաղը դուրս գալ էս փակուղուց, ճիշտ կլինի, որ մենք՝ ընդդիմադիր դիսկուրսի կրողներս, գիտակցենք, որ մեր պատասխանատվությունն էլ կա էս փակուղու մեջ։ Ընդդիմադիր դիսկուրսը թարմացման կարիք ունի՝ դուրս գալու համար նեգատիվիզմի ակնհայտ փոսից»:

Ս․Մ․

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031