Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել եւ Արամ Մանուկյանները վերակենդանացման բաժանմունքում են՝ ծանր, բայց կայուն վիճակով (Տեսանյութ)

Հուլիս 27,2016 04:33

Հենց նոր  «Էրեբունի» բժշկական կենտրոնի մուտքի մոտ լրագրողներին մոտեցան բժիշկները եւ տեղեկություն տվեցին վիրավորների վիճակի մասին:

Հիվանդանոցի գործադիր տնօրեն Մանուկյան Միքայելն ասաց, որ այսօր՝ հուլիսի 27-ին, գիշերը  ժամը 1-ին «Էրեբունի» ԲԿ ընդունվել է երեք վիրավոր, որոնցից մեկը՝ ոստիկանության աշխատող, ունի սրունքի հրազենային վնավածք, կատարվել է միջամտություն, իրավիճակը կայուն է, նա հիմա գտնվում է հիվանդասենյակում:

Մյուս երկու վիրավորների վիճակն ավելի լուրջ է. Պավել եւ Արամ Մանուկյաններին անմիջապես տեղափոխվել են վիրահատարան, վիրահատություններ են կատարվել:

Վիրահատությունների մանրամասները ներկայացրեց Արմեն Ռաֆայելովիչ Հովհաննիսյանը՝ վիրաբուժության բաժանմունքի վարիչը: Նա ասաց. «Պարոն Մանուկյանը ընդունվել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքով, աջ ազդրոսկրի բազմաբեկոր կոտրվածքով, կատարվել է վիրաբուժական մշակում եւ ոսկրի ֆիքսացիա, որից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածքով, նույնպես կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ոսկրերի ֆիքսացիա, ներկայումս  գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»:

Թե ինչ վիճակում են հիվանդներն այս պահին՝ մանրամասնեց Հարություն Մանգոյանը՝ վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարը.«Այս պահին երկու տուժածների վիճակը գնահատում եմ ծանր, սակայն՝ կայուն եւ վերահսկելի, երկուսն էլ գտնվում են արհեստական շնչառության պայմաններում, կատարում ենք ցավազրկողների եւ քնաբերների ներարկում, որ մինչեւ առաավոտ հանգիստ լինեն: Էս պահին հիմնական վտանգները, որոնք կան, դրանց դեմ ուղղված միջոցառումներ են կատարվում»:

Լրագրողի հարցին, թե ո՞ւմ վիճակն է ավելի ծանր, պարոն Մանգոյանը պատասխանեց, որ ոստիկանի վիճակը՝ միջին ծանրության է, իսկ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, սակայն դեռ վաղ է կանխատեսել, թե ի՞նչ է սպասվում նրանց, պետք է համբերել առնվազն 48-72 ժամ  որից հետո հետո նոր կարելի կլինի կանխատեսումներ անել:

Վիրահատությունները տեւել են  երկու ժամ: Հարցին՝ նրանց կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, Արմեն Ռաֆայելովիչը պատասխանեց՝ այո, եթե հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում , ուրեմն կյանքին վտանգ է սպառնում, սակայն կատարվում են բոլոր գործողությունները՝ հիվանդների վիճակի բարելավման համար:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031