Լրահոս
Օրվա լրահոսը

Հակասություններ Խորենացիում. Հայրիկյանը հորդորեց ցուցարարներին տուն գնալ

Հուլիս 27,2016 01:43

Խորենացի փողոցում ցուցարարները այժմ սպասում են ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի հետ կապին: Մինչ այդ մի քանի ելույթներ եղան: Մասնավորապես՝ համակարգող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ Երեւանը ցույց է տվել, որ աջակցում է «Սասնա ծռեր» խմբավորման առաջադրած պայմաններին: Ըստ նրա՝ նման պայմաններում պետությունը չի կարող ուժ գործադրել:

«Ես վստահ եմ, որ անկախ նրանից, թե ինչ է կատարվում ՊՊԾ գնդում, մեր տղաները ամուր են, եւ ես հորդորում եմ բոլորին լինել հանգիստ: Սա ժամանակի հարց է, մենք կհաստատենք կապ եւ կճշտենք իրադրությունը, պետք չէ խուճապի մատնվել այդ հարցով: Այն տղաները, որոնք այնտեղ ապստամբություն են կազմակերպել, գիտեն՝ ինչ են անում, գիտեն ոնց են անում, եւ բնականաբար, պատրաստված են ցանկացած գործողությունների: Մի՛ մոռացեք՝ ովքեր են»,- ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանը կոչ արեց ցուցարարներին վստահել «Սասնա ծռերին». «Ես վստահում եմ: Ես գիտեմ, որ նրանք կկարողանան հաղթահարել ցանկացած բարդ իրավիճակ: Մեր խնդիրն այսօր եղել է ողջ հայ ժողովրդին ցույց տալ, որ ժամանակն է դուրս գալ փողոց: Այսօր տապալվեց իշխանությունների տարածած այն միֆը, որ այս ապստամբությունը չունի հանրային աջակցություն»:

Անդրիաս Ղուկասյանին հաջորդեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, նա հորդորեց ցուցարարներին տուն գնալ եւ վերադառնալ Խորենացու փողոց վաղը ժամը 19:00-ին, որպեսզի 19:30 գործողություններ սկսեն: Սակայն այս հայտարարությունը արժանացավ ոչ միայն ցուցարարների դժգոհությանը, այլ նաեւ հենց համակարգող խմբի անդամների:

Պարույր Հայրիկյանը մոտեցավ Ալեք Ենիգոմշյանին՝ ասելով՝ «Մենք նախապես քննարկել ենք, Ալեք ջան»: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բացականչեց, որ նման բան չի եղել: Թամար Հովհաննիսյանն էլ  խնդրեց նման բան չանել: Շուտով հայտարարվեց, որ ցուցարարները շարունակելու են մնալ Խորենացու փողոցում, եւ խնդրեցին ներողամիտ գտնվել հակասություն պարունակող ելույթների նկատմամբ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031