Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերն» ու Խորենացի փողոցի «գրավումը»

Հուլիս 27,2016 15:30

Ո՞րն էր «Հիմնադիր խորհրդարանի» առաքելությունը

Անցյալ տարի ապրիլի սկզբին երկու ամսով կալանավորվեցին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, ինչպես նաեւ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանն ու Գեւորգ Սաֆարյանը։ Նրանք հայտարարում էին, որ քաղաքական հետապնդում է իրականացվում։ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներն ավելի վաղ չէին բացառում, որ մինչեւ ապրիլի 24-ը իրենք կարող են հայտնվել ճաղերի ետեւում։ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտարարում էր, որ համագործակցում են այն ուժերի հետ, ովքեր «ընդունում են ազգային-ազատագրական պայքարի բովանդակությունը», որ իրենք ոչ թե կուսակցություն են, այլ ազգային-ազատագրական շարժում: Նրանք համարում էին, որ «երկիրը գաղութացված է, եւ իրական կուսակցական համակարգ կարելի է ստեղծել երկիրը ազատագրելուց հետո», եւ «ժողովուրդը բարոյական առումով պարտավոր է վերահաստատել իր իշխանությունը»:

Ինչպե՞ս: Ընտրություններո՞վ: Ո՛չ: ՀԽ անդամները իրենց կայքում տեղադրված տեսահոլովակներում պարզաբանում էին. «Ընտրությունների միջոցով ռեժիմին հեռացնել հնարավոր չէ, քանի որ ընտրությունները կազմակերպվում եւ վերահսկվում են ռեժիմի կողմից, միակ ելքը ռեժիմի վերահսկողությունից դուրս պայքարն է, ՀԽ-ն այն ուժն է, որն առաջարկում է համակարգից դուրս պայքար»: ՀԽ-ն, այսպիսով, ոչ միայն Հայաստանի իշխանությունն է «անօրինական» համարում, այլեւ ողջ հայաստանյան քաղաքական դաշտը:

Ի՞նչ էր սպասվում, եթե իրականանար ՀԽ-ի` «ռեժիմը հեռացնելու» ծրագիրը: Նոր ընտրություննե՞ր, ապա հասարակությունն իր քվեով որոշելու էր, թե ո՞ր քաղաքական ուժն է ղեկավարելու Հայաստանը: Ո՛չ: ՀԽ ներկայացուցիչները բացատրում էին. «Ռեժիմի հեռացումից հետո «Հիմնադիր խորհրդարանը» կնքելու է պայմանագրեր քաղաքացիների հետ, որպեսզի ապահովի իր լիակատար լեգիտիմությունը»: Այսինքն՝ ոչ թե ընտրություններով, այլ քաղաքացիների հետ պայմանագրերով է Հայաստանում նոր իշխանություն ձեւավորվելու՝ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարմամբ: Սա ասվում էր քաղաքական մի խմբի կողմից, որ հասարակական հենարան չուներ, եւ դեռ անցյալ տարի ապրիլին ի պաշտպանություն կալանավորների աջակիցներ փողոց չէին դուրս գալիս:
Այժմ ունենք այն, ինչ ունենք: «Հիմնադիր խորհրդարանն», այսպիսով, իր «ազգային-ազատագրական պայքարն» իրականացրեց «Սասնա ծռերի» միջոցով` զինված գրավելով Երեւանի Պարեկապահակային ծառայության գունդը:

Պավել Մանուկյանը հայտարարում է, որ շարժումն այս անգամ ժողովուրդն է ղեկավարելու: Զինված խմբի անդամներից Սեդրակ Նազարյանն առաջարկում է. «Թող ճեղքեն, բենզինի շշերով, քարերով, հայերը լավ կռվել գիտեն: Թող չնստեն լոփո-լոփո պատերի տակ խոսեն, բենզինի շիշը վերցնեն, տան իր ճանապարհը փակողի գլխին, հարգելի ոստիկանները թող ճանապարհը բացեն»: Նա ասում է. «Մենք հանձնվողը չենք, իշխանափոխությունից հետո էլ մեր զենքերը վայր չենք դնելու: Վայր կդնենք այն ժամանակ, երբ իմանանք, որ իշխանություն ունենք, որը ծառայում են մեր ժողովրդին, չեն ղեկավարում»: Զինված խմբի անդամները նաեւ լրագրողներին են կոչ անում. «կամերան շպրտեք մի յան, հելեք փողոց, հելեք ջարդեք, վառեք, ջհուդ չեք, ձեր քաղաքացիական պարտքը կատարեք»:

Ինչո՞ւ էր բախում հրահրվում

ՊՊԾ-ն գրավելուց հետո զինված խումբն առաջին օրը հասարակական աջակցություն չուներ, սակայն դրանից հետո տեղի ունեցած զարգացումներն արդեն ակնհայտ դարձրեցին հասարակական ընդվզումն ուղղորդելու փաստը:

Անշուշտ, հասարակության մի մեծ հատված իր քաղաքացիական պարտքն էր համարում իր ներկայությունն ապահովել Խորենացի փողոցում, որպեսզի ՊՊԾ գնդում արյունահեղություն թույլ չտա` իշխանության հանդեպ իր բացասական վերաբերմունքը արտահայտելով, առաջ քաշելով ավելի արմատական պահանջներ: Սա պարարտ հող էր, որպեսզի ՊՊԾ գունդը գրավողներն ու նրանց թիմակիցները «տեր կանգնեին» հասարակական ընդվզմանը, բայց ոչ միայն: Պարզվեց, որ նաեւ Խորենացի փողոցը «թեժ պահելու» խնդիր է դրված: Հասարակական ընդվզումը անկառավարելի վիճակի չհասցնելու, ոստիկանության հետ ընդհարումները բացառելու հարցում Նիկոլ Փաշինյանը կոնկրետ դերակատարում ստանձնեց: Քիչ անց, սակայն, պարզվեց, որ կառավարելի վիճակն ուղղակի ձեռնտու չէ «Սասնա ծռեր» խմբավորմանը: Նրանց աջակիցներից մի աղջնակ, օրինակ, որը Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո իր ձեռքն էր վերցրել Խորենացի փողոցի «կառավարումը», շարունակաբար տարբեր լուրեր էր տարածում, որոնք պաշտոնապես հերքվում էին, կամ ոստիկանությանն անվերջ պահանջներ էր ներկայացնում, դրանք իրականացնելու համար րոպեներ էր սահմանում, որոնց չիրականացումն էլ փողոցում գտնվող անսթափ ու ոչ ադեկվատ անձանց որոշակի գործողությունների արդյունքում բացահայտ իրավիճակը թեժացնելու հիմք էր դառնում (խոսքը «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստ Անի Նավասարդյանի մասին է, որը ՊՊԾ գնդի տարածքը գրաված՝ «Սասնա ծռեր» խմբի Սմբատ Բարսեղյանի հորաքրոջ աղջիկն է, եւ որը ձերբակալվեց, այնուհետեւ ազատ արձակվեց, իսկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում խոստովանեց. «Բախումը սխալ էր, անշուշտ, իմ մեղավորությունը կա, անշուշտ»): Խորենացի փողոցում հավաքվածներից շատերը դեռ մինչեւ հիմա էլ գուցե չեն գիտակցել, որ իսկապես իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից, եւ որ իրենք, որպես ՊՊԾ գնդում արյունահեղություն կանխողներ, Խորենացի փողոցում հենց իրենք են հայտնվել վտանգի տակ, հստակ ու բավական անտաղանդ կատարմամբ քաղաքական մանիպուլյացիաների են ենթարկվում` Խորենացիում հավաքված բազմությանը «ճիշտ ուղղությամբ» տանելու ճանապարհին:

Հարց է ծագում. ինչո՞ւ էր բախում հրահրվում, որպեսզի իրավապահներ-ամբոխ ընդհարում լինի՞, ապա գրոհ ձեռնարկվի՞, ու ՊՊԾ-ն գրավածներն էլ մասնակցեն այդ բախմա՞նը…

Խորենացիում հարթակի «գրավումը»

Հուլիսի 21-ին՝ ՊՊԾ գունդը գրավելուց հինգ օր անց, Խորենացի փողոցում երեւացին Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները` «Համախմբում» կուսակցության անդամները` Վարդան Օսկանյանի ուղեկցությամբ: Պարզվեց՝ նախկին ԱԳ նախարարը թիմակիցների հետ եկել էր կոնկրետ «ուղերձով». «Սա քաղաքական ակցիա է եւ սրան պետք է տալ քաղաքական լուծում՝ լավ գիտակցելով, որ դա կունենա նաեւ իրավական որոշ հետեւանքներ՝ ընդունելի երկու կողմի համար էլ։ Իսկ եթե իշխանություններն այս կրիտիկական պահին ասեն՝ մենք հանցագործների, տեռորիստների հետ չենք բանակցի, ես հետեւյալ հարցն եմ տալիս՝ ուրեմն կարելի է, հա՞, բանակցել 1,5 մլն հայ սպանած թուրքերի, պատերազմ սանձազերծած, հայի գլուխներ, ականջներ կտրած ադրբեջանցիների հետ, իսկ այս տղաների հետ, որոնք Ղարաբաղ են ազատագրել, չի՞ կարելի»։ Օսկանյանը հավելեց, որ «Համախմբումը» պատրաստ է միջնորդի դեր ստանձնել։

Ուշագրավ է, որ Օսկանյանը համարում էր, որ իշխանությունները «շատ կոշտ դիրքորոշում» էին որդեգրել՝ այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը ՊՊԾ-ն գրոհելու հրահանգ այդպես էլ չի տալիս, ինչը, թերեւս, ոչ բոլորին էր դուր գալիս։ Օսկանյանի հետ Խորենացի փողոց ժամանած ազատամարտիկ Մանվել Եղիազարյանն էլ՝ Արաբոյի Մանվելը, հանգուցալուծման իր տարբերակն առաջարկեց. «Պետք է գոնե կառավարությունը ցրեն, ԱԺ-ն, որ ժողովուրդը մի քիչ իրեն լավ զգա…»: Իսկ Քոչարյանի նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունք ցուցաբերող «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Խորենացի փողոցում իր լուծումն առաջարկեց. «Թող բոլոր քաղաքական ուժերը անցյալը դնեն մի կողմ, հավաքվեն, ոչ թե մեկը ասի՝ դու անցյալում… ես եմ ընդդիմադիր, մյուսը ասի՝ ես եմ: Չէ, բոլորը պիտի իրար կողքի կանգնեն, իրար ձեռք բռնեն»:

Հետաքրքրական էր նաեւ, որ «Սասնա ծռերի» հետ բանակցելու համար բերված Օսկանյանի ուղերձը նույն հիմնավորմամբ կրկնեց նաեւ Անդրիաս Ղուկասյանը. «Մեր հերոսներին սպանել են, ոմանց գլխատել, մինչդեռ բանակցություններ են վարում Ալիեւի հետ, ու Սերժ Սարգսյանն ասում է՝ եթե չհամաձայնեք, կլինի պատերազմ: Սա եւս ծանր հանցագործություն է, «Սասնա ծռեր» խմբի տղաները գործում են ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, նրանց գործողությունները կարող ենք գնահատել միայն, երբ դիտարկում ենք քաղաքական, սահմանադրական, հոգեբանական ու մյուս երեւույթները»:

Այն բանից հետո, երբ ազատ արձակվեցին վերջին պատանդները եւ պարզ դարձավ, որ ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջամտությունը բանակցություններում դրական ուղղությամբ է ընթանում, ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարություններից հստակ երեւաց, որ «Սասնա ծռերին» ձեռնտու չէ նաեւ «խաղաղ բանակցային գործընթացը»: «Այսօրվա գլուխգործոցը Վիտալի Բալասանյանի հայտարարությունն էր առ այն, որ ինքը կես ժամ առաջ եղել է Սեֆիլյանի մոտ, ու վերջինս իրեն ասել է, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում: Այդ «կես ժամ առաջը» ես էլ եմ եղել այնտեղ, ու, ցավոք, պետք է ասեմ, որ Վիտալի Բալասանյանի խոսքն իրականության խեղաթյուրում է եւ մի արտահայտության կոնտեքստից դուրսբերում»,- Խորենացի փողոցում ասաց Ալեք Ենիգոմշյանը՝ ընդգծելով, որ անհնար է պատկերացնել, թե Սեֆիլյանը կամ «Սասնա ծռերը» կարող են հրաժարվել իրենց նպատակներից: Իսկ Վարուժան Ավետիսյանը «1in.am»-ին հայտնեց, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը իրենց համար միջնորդական առաքելություն չի իրականացնելու. «Մենք բանակցում ենք այլ անձանց հետ, որպեսզի նրանք լինեն միջնորդ: Անունը կհրապարակվի բանակցություններից հետո»: Ավետիսյանի խոսքով՝ Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում իրեն պահել է ոչ պատշաճ, ստանձնել է ոստիկանի գործառույթ եւ խոչընդոտել լրագրողների աշխատանքին: Այնուհետեւ Պավել Մանուկյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ Վիտալի Բալասանյանին կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ): Ըստ Պավել Մանուկյանի` «Վիտալիկն իրեն լավ չպահեց, հատկապես՝ լրագրողների հետ»:

Ոմանց, թերեւս, գիտակցված, ոմանց էլ գուցե միամտորեն Բալասանյանի գործունեությունն ու դրա արդյունքները ձեռնտու էր վերածել շոուի մի դրվագի, նրա` «հերոս-հակահերոս» կերպարի շուրջ քննարկումներ ծավալել` դարձյալ քաղաքական կոնկրետ շահեր հետապնդողների ջրաղացին ջուր լցնելով: Իրականում այդ մարդիկ չցանկացան արձանագրել, թե որքան լարված ու պայթյունավտանգ պայմաններում են աշխատում բոլորը: Մինչդեռ գերլարված նյարդերը հնարավոր էր խնայել, եթե լիներ գիտակցում, որ բոլորին է ձեռնտու իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը:
Ավելի ուշ Ենիգոմշյանը պարզաբանեց, թե Սեֆիլյանը պահանջում է հանդիպում Սերժ Սարգսյանի եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ։ Սեֆիլյանը, ըստ նրա, ասել է, որ այդ հանդիպման թեման լինելու է իրավիճակի հանգուցալուծումը, ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Սեֆիլյանը չի ասել, որ սկզբունքորեն հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։

Այժմ Խորենացի փողոցն ունի նոր հարթակ՝ հին ու նոր դեմքերով, որտեղ ձեւավորվել է համակարգող խումբ: Նրանք փորձում են «քաղաքական ճնշման» սեփական մեթոդներով հասարակական ընդվզումը ղեկավարել:

Ամփոփումը` «Առավոտ»-ի վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 26.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031