Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանցի կալանավորը փորձել է դատարանում պարանոցը վնասել

Հուլիս 27,2016 15:00

Կալանավորի բողոքի քննությունն ավարտվեց

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն իրականացրել էր Մոհամմադ Ռեզա Լատիֆի Ազիզի եւ Մոհամմադի Հոսեյնիի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, քրեական գործի դատաքննությունն ընթացել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատարանն այս տարվա հունվարի 11-ին 5 տարվա ազատազրկման էր դատապարտել Լատիֆի Ազիզին, իսկ 6 տարվա ազատազրկման էլ Մոհամմադ Հոսեյնիին: Ի դեպ, երկուսն էլ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ էին:

Մոհամադ Ռեզա Լատիֆի Ազիզը եւ նրա պաշտպանությունն իրականացնող ճանաչված փաստաբան Հովիկ Արսենյանը բողոքով դիմել էին վերաքննիչ քրեական դատարան, ուր օրեր առաջ ավարտվեց բողոքի քննությունը, առաջին ատյանի դատավճիռը մնաց անփոփոխ, իսկ Լատիֆին էլ զայրացած իր ձեռքի տակ գտնվող կրակվառիչով փորձեց կտրել վիզը: Մեր տեղեկություններով՝ հետաքննություն է կատարվում ինքնավնասման փաստի առթիվ:

Հիշեցնեմ, որ իրանցիները մեղադրվել են «Նախնական համաձայնությամբ, խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ, ԻԻՀ տարածքում գործող իր՝ Հոսեյնիի տուրիստական ընկերության միջոցով եվրոպական երկրներ մեկնելու ցանկություն ունեցող ԻԻՀ քաղաքացիներին հավաքագրելու, համապատասխան գումարի դիմաց ՀՀ-ում «Շենգենյան համաձայնության» երկրների դեսպանություններից օրինական մուտքի արտոնագիր ստանալու եւ եվրոպական երկրներ ուղեւորության մեկնելու գործընթացը կազմակերպելու, վերոհիշյալ անձանցից 2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ԻԻՀ-ից Երեւանում ժամանակավորապես վարձակալված բնակարաններում տեղավորելու, սակայն ուղեւորությունները կազմակերպելու ուղղությամբ որեւէ գործողություն չկատարելու, առանձնապես խոշոր չափերի՝ 88.910.669 ՀՀ դրամին համարժեք 49.520 դոլար, 81.300 եվրո եւ 1.400.000.000 ռիալ գումարներ ստանալու համար»:

Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ Հայաստանում կալանավորված իրանցին բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին, խնդրելով իր քրեական գործի վարույթը վերցնի հսկողության տակ, հայտնելով, թե. «Ձեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունում գործը սկսվեց իմ դեմ տուժողներ «սարքելով», իսկ այնուհետեւ ազդեցիկ ու կիսաքաղաքացիական անձանց կողմից ուղղորդվեց մինչեւ այն աստիճան, որ չնայած օրենքով սահմանված կարգով հետազոտված փաստաթղթերի, ապացույցների եւ փաստական հանգամանքների առկայությանը, ես մեղավոր ճանաչվեցի»։

Նա նաեւ գրել էր, թե. «Բանն այն է, որ օրինական ստացականի կամ օրինական հիմնավոր փաստաթղթի բացակայության պայմաններում, եւ չնայած դատարանում, ինչպես նաեւ ԱԱԾ-ում նախաքննության ընթացքում տուժողների հայտարարություններն առ այն, որ իմ նկատմամբ գումարային պահանջ չկա, ընդհուպ տուժողներից մեկը դատարանում հստակ եւ պարզ հայտարարում է, որ ինձնից որեւէ գումար չի պահանջում, բայց դատավորն իր դատավճռով ինձ պարտավորեցնում է փոխհատուցում վճարել, որը նույնպես Ձեր երկրի Քաղաքացիական օրենսգրքի խախտում է։ Միաժամանակ գործում առկա են շատ հակասություններ, որոնք հեշտությամբ կասկածի տակ են դնում գործով վկա եւ տուժող անձանց ցուցմունքներն ու պնդումները»:

«Առավոտի» հարցին, թե Վճռաբեկ դատարան կդիմի՞ իրանցու պաշտպանը, զրուցակիցս՝ Հովիկ Արսենյանն ասաց, թե դիմելու է:

Arsenyan

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, պաշտպան Հ. Արսենյանն ամփոփելով առաջին երկու դատական ատյաններում կատարվածը՝ ասաց. «Խնդիրն այն է, որ Իրանի քաղաքացիները պայմանագրեր են կնքել Իրանում ինչ-որ տուրիստական կազմակերպության հետ: Հոսեյնին եղել է այդ կազմակերպության պատասխանատուն: Միմյանց հետ պայմանագիր են կնքել, գումարը վերցրել, քաղաքացիների բերել են Հայաստան: Հետո չի ստացվել, ինչ-ինչ պատճառներով, իրանցի քաղաքացիները գնում են ԱԱ ծառայություն, դժգոհում, թե իրենց խաբեությամբ բերել են, գործ է հարուցվում: Հոսեյնին երեւի ունեւոր էր, որպեսզի դուրս պրծնի, ասում է, թե ինձ խոստացել է Լատիֆին օգտակար լինել, որ դրանց շենգեն վիզաներ վերցնեի: Այն դեպքում, երբ քրեական գործի նախաքննության, դատաքննության ընթացքում գեթ մեկ տող չկա այն մասին, որ Լատիֆը իրանցիների հետ խոսակցության մեջ է մտել, անձնագրեր, տեղեկանքներ ուզել, ե այս կամ այն դեսպանատուն մտնելու համար»:

Ի դեպ, Հ. Արսենյանի տեղեկացմամբ, Իրանում հարուցվել է քրեական գործ՝ Հոսեյնիի եւ նրա եղբոր նկատմամբ:

Ըստ փաստաբանի. «Իմ պաշտպանյալը որեւէ փաստաթուղթ չի ուզել, նույնիսկ պատճենը գոյություն չունի: Բոլորը Հոսեյնիի հետ է կապված եղել: Վերջինն ասել է, բա գիտեք, ես 100 հազար եվրո եմ տվել, թե դոլար, որ Լատիֆին դա կազմակերպեր: Լատիֆիին բռնել են, նույն հոդվածը դրել երկուսի վրա հավասարապես: Ավարտվել է քննությունը, ինքս չմասնակցելով նախաքննությանը, դատարաններում բարձրաձայնեցի՝ հարգելիներս, այն քաղաքացիները, որոնք գումար են տվել, վճարել են, տվյալ գումարը նստա՞ծ է , դո՞ւրս է գրվել Հոսեյնիի ընկերության հաշվին, հաշվից: Եվ եթե գումարն այնտեղ է, ապա ընկերությունը պետք է գումարները վերադարձնի: Լատիֆը երրորդ անձ է, ոչ մի կապ չունի կատարվածի հետ: Նրանք, ովքեր պայմանագիր են կնքել ու գումար տվել, Լատիֆն այդ ժամանակ Հոսեյնիին չի ճանաչել»:

Զրուցակցիս գնահատմամբ, կատարվել է սուտ մատնություն, եւ Լատիֆին հայտնվել է անազատության մեջ: «Մենք նույնիսկ ալիբիներ բերեցինք, չեմ կարողանում հասկանալ Հայաստանի դատարաններին ու նախաքննությունն իրականացրած մարմնին, հանցագործությունն այնտեղ՝ Իրանում է կատարվել, հետեւաբար, նյութերը ստեղծել եք, ուղարկեք այնտեղ քննեն»:

Հովիկ Արսենյանը հարցնում է. «Դատապարտեցինք խարդախության համար, Հայաստանի հասարակական կարգը պահպանվե՞ց, հանցագործությունների դեմ պայքարի համար կանխարգելիչ միջոցառում կատարեցի՞նք»:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

26.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031