Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուրյանի աշխատանքները ի մի կբերվեն մեկ ցուցադրության շրջանակում

Հուլիս 27,2016 14:30

Հուլիսի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այն նվիրված է արվեստագետի ծննդյան 130-ամյակին: Առաջին անգամ մեկ ցուցադրության շրջանակներում կներկայացվեն հեղինակի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաեւ հնդկական ու պարսկական որմնանկարների ընդօրինակություններ:

Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի եւ Հնդկաստանի զանազան թանգարաններում, իսկ դրանց զգալի մասը պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Դրանք ժամանակին պատկերասրահին է փոխանցել նկարչի այրին՝ նկարչուհի Վավա Խաչատուրյանը:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը Սարգիս Խաչատուրյանին բնորոշեց 20-րդ դարի լավագույն նկարիչներից մեկը, որի արվեստը մեծ նշանակություն է ունեցել ինչպես Առաջին հանրապետության ժամանակ, այնպես էլ հետագայում: ՀՀ ժողովրդական նկարչի բնորոշմամբ, եթե վերցնենք թեկուզ միայն այն, որ առաջին հայկական դրոշմանիշը ստեղծել է Խաչատուրյանը, դա արդեն բավական է՝ ընդգծելու համար նրա խոշոր դերակատարությունը:

Sargis_Xachatryan_2 Sargis_Xachatryan_1

Սարգիս Խաչատուրյանն ականատեսն է եղել Եղեռնի արհավիրքների ու հարազատ ժողովրդի ողբերգության, եւ այդ ցավն էլ դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեմաներից մեկը: Պատահական չէ, որ Խաչատուրյանին Թումանյանը, Անդրանիկը եւ մյուսներն անվանել են Հայոց վշտի նկարիչ:

1931թ. Իրանի կառավարության հրավերով արվեստագետը մեկնել է Սպահան՝ վերականգնելու Սեֆյան շրջանի որմնանկարները, միաժամանակ կատարել պատճենահանումներ, որոնք ցուցադրել է Փարիզում եւ Եվրոպայի այլ քաղաքներում։ 1934 թվականին հենց Խաչատուրյանն է հիմնադրել Նոր Ջուղայի հայկական արվեստի թանգարանը:

Sargis_Xachatryan_4

1937թ. Խաչատուրյանն առաջինն է ձեռնամուխ եղել Հնդկաստանի եւ Ցեյլոնի VI – XII դդ. Վիմափոր տաճարների՝ արվեստագիտությանն անհայտ, անմատչելի որմնանկարների պատճենահանմանը։ 1942-ին արդեն այդ որմնանկարների պատճենները ցուցադրվել են Լուվրում եւ ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում։ Հատկապես հնդկական մշակույթի բացառիկ նմուշները Խաչատուրյանի շնորհիվ հարստացրին համաշխարհային արվեստի գանձարանը։
Փարավոն Միրզոյանի խոսքերով, այդ հրաշալի որմնանկարների եզակի ընդօրինակություններն արժեքավոր են, քանի որ դրանց մի մասը «դրսում» էլ լավ չի պահպանվել:

«Նա տարբեր ժանրերում է աշխատել՝ դիմանկար, բնանկար, կոմպոզիցիաներ եւ այլն: Խաչատուրյանը հայ կերպարվեստի նշանակալից դեմքերից էր: Նա այսօր էլ շարունակում է նույնքան հետաքրքիր լինել: Նրա կերպարվեստում կա եւ կուբիստական մոտեցում, եւ իմպրեսիոնիստական, եւ ռեալիստական դիմանկարի մոտեցում… Ափսոսում եմ, որ Խաչատուրյանը եւ իր նման այլ նկարիչներ երկար չեն ապրել հայ հողի վրա»,- հայտնեց Փարավոն Միրզոյանը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

26.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031