Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ սոպրանոները կվերադառնան՝ շատ դերերգերի ու համարժեք հոնորարի դեպքում

Հուլիս 27,2016 14:00

Թուրինում 1896թ. Պուչինիի «Բոհեմը» (ըստ Հ. Մյորժեի «Բոհեմի կյանքի տեսարաններ» վիպակի) պրեմիերայով գրանցած հաջողությունից հետո դարձավ համաշխարհային օպերային խաղացանկի ամենահայտնի եւ սիրված գործերից մեկը: Երեւանի օպերային թատրոնում «Բոհեմը» առաջին անգամ բեմադրվել է 1936թ. (բեմադրող դիրիժոր՝ Մ. Թավրիզյան, ռեժիսոր՝ Լ. Քալանթար): Գլխավոր՝ Միմիի եւ Ռուդոլֆի դերերգերով հանդես են եկել Հայկանուշ Դանիելյանը եւ Արսեն Ավագյանը: Երկրորդ անգամ այս օպերան բեմադրել են դիրիժոր Մ. Մալունցյանը եւ ռեժիսոր Գ. Մելքումյանը: Վերջին անգամ օպերային թատրոնում «Բոհեմը» ներկայացվեց 1985թ. (դիրիժոր՝ Յու. Դավթյան, ռեժիսոր՝ Ն. Սարգսյան): Մինչ այսօր էլ օպերասեր հանդիսատեսը երանությամբ է հիշում Հասմիկ Պապյանի (Միմի) ու երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանի (Ռուդոլֆ) դերերգերի փառահեղ մեկնաբանությունները:

Bohem_1

Տեսարաններ «Բոհեմի» բեմականացումից:

31 տարի անց, այս գարնանը «Բոհեմին» անդրադարձավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) օպերասեր գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Օպերան ներկայացվեց ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի թատերականացված մատուցմամբ («Առավոտ», 04, 2016): Հիշեցնենք միայն, որ այդ նեկայացումից հետո Հասմիկ Պապյանը կարծիք հայտնեց, որ «Բոհեմի» այս կատարումը պետք էր ձայնագրել եւ թողարկել DVD:

Bohem_5
ՀԱՖՆ-ն օրերս իր համերգաշրջանը փակեց «Բոհեմով»: Շուրջ 4 ամիս հետո երկու անգամ կրկին ներկայացված այս օպերայի հանդիսականով լեփ-լեցուն դահլիճը ապացույցն էր, որ մենք իսկապես ունենք բարձրարվեստ օպերայի հանդիսատես: Գերմանիայից Միմիի դերերգի կատարման համար հրավիրված էին սոպրանոներ, մեր հայրենակիցներ Անի Յորենցը եւ Հրաչուհի Բասենցը: Ի դեպ, վերջինս միակ օպերային երգչուհին էր, որ ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում՝ Հռոմի պապի պատվին կայացած համերգին: Ռուդոլֆի կերպարը մարմնավորեց տենոր Լիպարիտ Ավետիսյանը, Մյուզետինը՝ սոպրանո Հասմիկ Թորոսյանը, փիլիսոփայինը՝ ռումինացի բաս Լեոնարդ Բերնադը: Իսկ մյուս կերպարների մեկնաբանմանը հանդիսատեսը ծանոթ էր նախորդ «Բոհեմից»՝ Մարսել՝ բարիտոն Դավիթ Բաբայանց, Շոնար՝ բարիտոն Գուրգեն Բավեյան (Գերմանիա), Բենուա՝ բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան եւ Ալսինդոր՝ բաս Հովհաննես Ներսեսյան:
Մշակութային ոլորտի չինովնիկներից մեկը, որը փորձերին լսել էր Գերմանիայից ժամանած Անի Յորենցին ու Հրաչուհի Բասենցին եւ հիացել կատարումներով, մեզ հետ զրույցի ժամանակ ասաց. «Տեսնես ինչ է հարկավոր, որ նրանք վերադառնան հայրենիք ու ստեղծագործեն այստեղ»:

Bohem_4
Այդ հարցն առանձին-առանձին ուղղելով վոկալիստներին, ստացանք նույն պատասխանը. «Շատ-շատ դերերգեր»: Ռեպլիկին՝ իսկ հոնորարի կամ աշխատավարձի չա՞փը, պատասխանեցին՝ «Հենց այդ շատ-շատը ակնկալում է շատ հոնորար կամ աշխատավարձ»:

Bohem_2
Ինչ վերաբերում է բարձր աշխատավարձին, ճանաչված արվեստագետներից մեկը, որը խնդրեց չհրապարակել անունը, ասաց. «Խորհրդային տարիներին մեր օպերային թատրոնի անվանի մեներգիչներից մեկը՝ տարիներ շարունակ բնակվելով եւ ստեղծագործելով արտերկրում, Երեւանում ստանում էր բարձր աշխատավարձ, ինչը ամսեամիս կուտակվում էր, իսկ երբ հրավիրում էին նրան, վճարում էին նաեւ ամենաբարձր հոնորարները»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

26.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031