Դաղձն ունի տասնյակ տեսակներ։ Հիմնականում բաժանվում են երեք խմբի՝ լեռնային, ջրային եւ մշակովի։ Մշակովի երկար տերեւներով տեսակը կոչվում է անանուխ։ Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4-6, տերեւներում՝ 2.4 – 2.75, իսկ ցողուններում՝ մինչեւ 0.3 տոկոս: Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրման եղանակով: Նրա հիմնական մասը (41-65%) երկրորդային սպիրտ մենթոլ է: Բույսում կան նաեւ մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ եւ այլ արժեքավոր նյութեր:
Անանուխը օգտագործվում է հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը։
Տասնհինգերորդ դարի մեծ գիտնական, բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին դաղձի մասին գրել է հետեւյալը. «Օգնում է բերանացավին, բերանի խոցին եւ ջրգողությանը։ Եթե դաղձը մեղրով եւ աղով խմես, մաքրում է ստամոքսը բոլոր տեսակի ավելորդ խառնվածքից»։
Մեր ժամանակներում դաղձից ստացվող յուղն օգտագործում են բժշկության մեջ՝ գլխացավը եւ ջղերը հանգստացնելու համար։ Անանուխը նուրբ ու քնքուշ, անուշահոտ, անմիջապես ներգործող դեղամիոց է։ եթե սոխ, սխտոր ուտելուց կամ խմիչք օգտագործելուց հետո անանուխի 2 տերեւ ծամես կամ չոր փոշին բերանդ առնես, այն անմիջապես կվերացնի հոտը։ Անանուխն ունի մարմնի ներսում գտնվող մաղձերն ու օրգանական թույները վերացնող, մաքրելու հզոր հատկություն։ Օրական 200 գրամ, քաղցած ժամանակ, անանուխի ջուրը խմողը 40 օրում կարող է բուժել սրտի խփոցը, թուլությունը եւ ծակոցները: Անանուխը կանխում է գիշերը քնի մեջ վեր թռչելու երեւույթը: Դեռեւս միջնադարյան բժիշկներն ասել են. «Ով որ քաղցած ժամանակ անանուխ ուտի, ծարավի զգացողությունը կչեզոքացնի եւ մարմնի տաքությունը կիջեցնի։ Եթե անանուխի ջուրը կաթեցնեն ցավող աչքի կամ ականջի մեջ, ցավը կկտրվի»։
Այն ստամոքսը կարգավորող յուրահատուկ դեղ է։ Մեկ բաժին անանուխը ութ բաժին ջրի հետ եփելով՝ եփուկը օգտագործում են ջղերի, լուսնոտության, փորլուծության, փսխման, փքանքի եւ ստամոքսի ցավերի դեմ։
Անանուխի եփուկը քաղցած ժամանակ խմելիս կարգավորում է լարդի աշխատանքը։ Բնությունն անանուխը ստեղծել է որպես ուղեղը սնող, բուժող ու հզորացնող միջոց։ Մտավոր աշխատանք կատարողների համար անանուխը թարմացնող միջոց է, բայց, ցավոք, ոմանք օգտագործում են ոչ թե անանուխը, այլ ուղեղը գրգռված վիճակում պահող սուրճը։ Անանուխով բուժում են նաեւ ջրգողությունը եւ դեղնախտը։ Մխիթար Հերացին անանուխը օգտագործել է որպես թարմացնող եւ ցավազրկող միջոց, ինչպես նաեւ սրտխառնոցի, լուծերի, փսխման դեպքերում։
Ըստ Հ. Օղլուխանյանի, անանուխը բուժում է ստամոքսը, կարգավորում նրա աշխատանքը, դադարեցնում է վերջույթների դողը, կտրում հազը։
Ըստ Ն. Կովալեւայի, անանուխը լավ արդյունք է տալիս առատ դաշտանի, աթերոսկլերոզի, երիկամների եւ հիպերտոնիկ հիվանդության ժամանակ:
Անանուխը օգտագործվում է նյարդային համակարգի հիվանդությունների, ինչպես նաեւ անքնության դեպքում։
- Ջրաթուրմի պատրաստում. 4 ճաշի գդալ մանրացրած թարմ հումքը 30 րոպե թրմել 2 բաժակ եռման ջրում, քամել եւ գոլ վիճակում խմել կումերով: Օրը կարելի է խմել 1,5 բաժակից մինչեւ 2 բաժակ:
- Եփուկ պատրաստելու համար վերցնել 100 գրամ հումք, 15 լիտր ջրում եռացնել, որից հետո օգտագործել լոգանքների ձեւով:
- Անանուխի ջուրը պատրաստվում է 200 միլիգրամ ջրին ավելացնելով 3 կաթիլ եթերայուղ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
26.07.2016