Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Այժմ, երբ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը ընտրել են իրենց փոխնախագահի թեկնածուներին, հայ դեմոկրատները պնդում են, որ սենատոր Թիմ Քեյնն ավելի լավ դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, իսկ հանրապետական հայերը պնդում են, որ այս հարցում նախընտրում են նահանգապետ Մայք Փենսին: Սակայն ավելի կարևոր է հարց տալ, թե դա ի՞նչ կարևորություն ունի:
Կարդացեք նաև
Ռիչմոնդի քաղաքապետ և Վիրջինիայի նահանգապետ եղած տարիներին, Թիմ Քեյնն աջակցել է տարբեր հայկական հարցերում, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման: Որպես սենատոր, նա չի հովանավորել Հայոց ցեղասպանության բանաձևը, սակայն կողմ է քվեարկել դրան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2014 թ. ապրիլին, սակայն միայն Թուրքիայի մասին բոլոր հիշատակումները բանաձևից հանելու պահանջից հետո: Նա ցանկանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը առանց Թուրքիայի կառավարությանը վիրավորելու… Սենատոր Քեյնը նաև չի աջակցել ներկայումս քննարկվող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:
2014 թ. սենատոր Քեյնը ստացել է միջին թվանշան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, որովհետև նա.
- Պնդել է, որ մեղմացնեն Հայոց ցեղասպանության բանաձևի տեքստը նախքան դրա օգտին քվեարկելը.
- Ելույթ չի ունեցել Սենատում ի հիշատակ Հայոց ցեղասպանության.
- Չի մասնակցել Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը.
- Չի հովանավորել Հաիթիի և Հայաստանի անտառապատման որոշումը:
Դոնալդ Թրամփի փոխնախագահի թեկնածուն՝ Ինդիանայի նահանգապետ Փենսը, ևս փոփոխական դիրքորոշում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, երբ Կոնգրեսի պատգամավոր էր 2001-2013 թվականներին: Որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, նա 2005 թ. քվեարկեց Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին, սակայն դեմ քվեարկեց դրան 2007 և 2010 թվականներին՝ մտահոգված, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա: 2012 թվականին, Կոնգրեսում իր վերջին տարում, Փենսը ստացավ միջին թվանշան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից:
Ստորև ներկայացված են հատվածներ կոնգրեսական Փենսի ելույթից Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2010 թ. մարտի 4-ին.
«…. Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրականացվել անցյալ դարասկզբում և այն երբեք չպետք է մոռացվի…. Այն փաստը, որ ավելի քան մեկ միլիոն քրիստոնյա է սպանվել, կորուստը ինձ համար դառնում է ավելի անձնական»:
Կոնգրեսական Փենսը շարունակեց. «Թեև մենք երբեք չպետք է մոռանանք այս ցեղասպանությունը և կորուսյալ կյանքերը, ինչպես նաև մինչև օրս դեռևս դառնացած կյանքերը, ցավոք, ես չեմ կարող աջակցել այս բանաձևին…. Հիմա ժամանակը չէ այս Հանձնաժողովի և ԱՄՆ Կոնգրեսի համար այս հարցով զբաղվելու…. Թուրքիան ռազմավարական գործընկեր է Իրաքում և Աֆղանստանում մեր շարունակական ջանքերում: Նրանք կիսում են մեր շահերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում…. Ես այսօր հարգանքով կանգնած եմ այս բանաձևին ընդդիմացողների շարքում, սակայն խոր հարգանք եմ տածում բոլոր նրանց հանդեպ, որոնք այս Հանձնաժողովում են և նրանց, որոնք մեզ հետևում են, որպեսզի հայ ժողովրդի ձայնը լսելի դառնա այս հարցում: Թեև ես չեմ կարող աջակցել այս բանաձևի ընդունմանը, սակայն նրանք գոնե թող իմանան, որ այս ամերիկացին հասկանում է իրենց կորուստը, ճանաչում է տարիներ առաջ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները և իր ցավակցությունն է հայտնում ընտանիքներին, որոնք դեռևս կրում են այն բեռը, որն ըստ էության ցեղասպանություն էր: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին դեմ քվեարկել այս բանաձևին….»:
Ծանոթանալով այս հարցի վերաբերյալ երկու թեկնածուների դիրքորոշումներին, պետք է հաշվի առնել, որ.
- Փոխնախագահները չեն որոշում քաղաքականությունը, այլ նախագահները…
- Կարիք չկա վիճել, թե որ թեկնածուն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն բազմիցս ճանաչվել է ԱՄՆ կառավարության կողմից.
ա) 1951 թվականին պաշտոնական փաստաթուղթ է ներկայացվել միջազգային դատարան.
բ) 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական Հռչակագիր է ստորագրել.
գ) Ներկայացուցիչների պալատը երկու բանաձև է ընդունել՝ 1975 և 1984 թվականներին:
Հետևաբար, այսուհետև հայերը պետք է ձգտեն ոչ թե Ցեղասպանության ճանաչման, այլ արդարության: Թեկնածուների դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ կարևոր է միայն այն դեպքում, եթե նրանք անցյալում հերքել են Հայոց ցեղասպանությունը կամ խոստացել են ճանաչել այն, բայց դրժել են իրենց խոստումը…
Սակայն, կան հայերին հուզող մի շարք այլ կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն քաղաքական թեկնածուների հետ, դրանք են՝ աջակցություն Արցախին, ճնշում Թուրքիայի վրա հայերի բռնագրավված սեփականությունը վերականգնելու համար, ամերիկյան ավելի մեծ արտաքին օժանդակության տրամադրում Հայաստանին և Արցախին, որակավոր ամերիկահայերի պետական աշխատանքի ընդունում, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների բարելավում Հայաստանի Հանրապետության հետ:
Ցավոք, անկախ հարցերի բնույթից, երբեք չես կարող վստահ լինել, որ նախագահի թեկնածուները կհիշեն ու կկատարեն քարոզարշավի ընթացքում տված իրենց խոստումները, հենց որ նախագահն ընտրվի և հարմարավետ տեղավորվի Սպիտակ տանը…
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի