Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում վստահության ճգնաժամ է. Արթուր Սաքունց

Հուլիս 26,2016 22:22

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսեւորել ողջամիտ զսպվածություն…

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, ԱԱԾ-ի կողմից տարածված որակումները պետք է ունենան բավարար հիմքեր, ներկայացվեն փաստերը, թե ինչի հիման վրա են գտնում, որ զինյալների վարքագիծը հետզհետե դառնում է  վտանգավոր. «ԱԱԾ-ն իր նախորդ հայտարարությունում բոլորովին այլ մոտեցում էր դրսեւորում, չնայած ուներ վերջնագրի տեքստ, բայց մեղմ էր իր մոտեցմամբ, քրեական պատասխանատվության չենթարկելու հիմնավորումներ էին»:

Անդրադառնալով պաշտոնական լուրերին, թե զինյալների կողմից  կրակոցներ են եղել, պարոն Սաքունցն ասաց, որ այդ մասին միայն ԱԱԾ-ն է հրապարակում՝ ներկայացնելով միայն իր վարկածները. «Ամբողջական տեղեկատվության բացակայությունը հնարավոր կլիներ վերացնել, եթե զինյալների կողմից նույն իրավիճակի ու դեպքի մասին մեկնաբանություններ լինեին, քանի դեռ դա չկա, կարծում եմ՝ նման հայտարարությունն ու գնահատականն ունի ակնհայտ միայն մեկ միտում՝ հիմնավորել սեփական գործողությունները, ինչի համար միշտ էլ հիմնավորումներ կգտնեն… եւ վիճակը բարելավելու եւ վատթարացնելու բոլոր ռեսուրսների տիրապետողը այս իրավիճակում բանակցությունների վարման համար ունի իշխանությունները՝ հանձինս ոստիկանության ու ԱԱԾ-ի: Ես գտնում եմ, որ իշխանությունը բացարձակապես որեւէ սրացման չպետք է գնա, չհանգեցնի լարվածության բարձրացմանը: Այն գործողությունները, որ իրականացվում են մինչեւ հիմա, միտված են լարվածության մեծացմանը»:

Արթուր Սաքունցից նաեւ հետաքրքրվեցինք իրավական առումով զինյալ խմբի կատարած գործողությունները հանցագործություն չի՞ համարում. «Միանշանակ չեմ ողջունում զինված մեթոդի կիրառումը, բայց գտնում եմ՝ զինված մեթոդի կիրառման ընթացքում, ոստիկանության ուժերի հետ կրակահերթերի հետեւանքով մահացած ոստիկանի մահվան հանգամանքները քննությունը պետք է պարզի, իսկ ով է ասել, որ գնդապետը մահացել է հենց այնպես, ինչպես նկարագրում են: Գնդապետի մահվան փաստով քննություն պետք է իրականացվի ու որոշվի կոնկրետ մարդկանց մեղքի բաժինը: Բայց պետք է հիշեք, որ Հայաստանում արդարադատության նկատմամբ ցածր վստահության մակարդակի պարագայում նման քննության իրականացման նկատմամբ վստահությունն արդեն իսկ կասկածելի է, ովքեր են դատողները, եթե արդարադատություն իրականացնեին, ապա նման ծայրահեղ խնդիրների բարձրացման դրսեւորում չէր լինի:

Մարդիկ իրենց հայտարարել են ոչ թե բանդիտական խմբավորում, որոնք շենքը գրավել են գումարի, ունեցվածքի կամ հասարակությանն ահաբեկելու նպատակով, այլ հստակ քաղաքական խնդիրներ են հռչակել իրենց տեսակետից: Արհեստականորեն միայն իրավական գնահատական տալ խմբի գործողություններին՝ մոռանալով քաղաքական նպատակները, կլինեն ոչ լիարժեք»:

Նա նաեւ նկատեց, որ մինչեւ հիմա որեւէ ոստիկանի նկատմամբ չկա առաջադրված մեղադրանք՝ ապօրինություն թույլ տված լինելու, քաղաքացիների արժանապատվությունը նվաստացնելու, խոշտանգումների համար. «Այս տասը օրվա ընթացքում մի օրինակ չկա: Այսինքն, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ իրավական մեխանիզմները աշխատացնողները շարունակում են անպատիժ հակաօրինական գործողություններ կատարել»:

Ստեղծված իրավիճակը, իրավապաշտպանի խոսքով, քաղաքական ճգնաժամ է. «Վստահության ճգնաժամ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031