Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկություններ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին

Հուլիս 26,2016 21:52

Հայաստանում կյանքի որակը եւ տնտեսական զարգացման մոդելի արդիականացման անհրաժեշտություն: Մաս 4

Գիտահենք տնտեսություն:  Համաձայն ՄԱԿ-ի ներկայումս նորարարությունը գործունեության հիմնական շարժիչ ուժն է տնտեսական աճի և բնակչության կյանքի որակի բարձրացման: Շուկայական տնտեսության անցման ժամանակահատվածում պետությունը հանդես է գալիս որպես տնտեսական զարգացման նորարարական մոդելի գլխավոր հեղինակ ու  ինքնակարգավորվող մեխանիզմների և արդյունավետ ինովացիոն ինստիտուտների միջավայրի ձևավորող: Զարգացման գերակայությունները հանդիսանում են կենսատեխնոլոգիան, գենային ինժեներային, նանոտեխնոլոգիաները, մեքենաշինությունը, տեղատվական տեխնոլոգիաները (ՏՏ) և այլն: Զարգացած երկրներում առկա է միջազգային գիտական պոտենցիալի ավելի քան 90 % և իրենց կողմից վերահսկվում է բարձր տեխնոլոգիաների շուկայի 80%-ը, որի ընդհանուր ծավալը կազմում է $ 2,5 – 3 տրիլիոն, գերազանցելով հումքային և էներգետիկ շուկաների ծավալները: Տեխնոլոգիաների արտահանումից ստացած տարեկան շահույթը կազմում է ԱՄՆ-ում` $ 700, Գերմանիայում՝ $ 530, Ճապոնիայում $ 500 մլրդ, իսկ նրանց ծառայությունների շուկան կրկնապատկվել է հիմնականում ինովացիոն համակարգի հաշվին: Վերջին տարիներին արագ զարգացող Հարավ-Արևելյան Ասիայի պետությունները և Չինաստանը նույնպես ավելացրել են իրենց բաժինը համաշխարհային տեխնոլոգիական տարածքում: ԱՊՀ երկրների բարձր տեխնոլոգիական համալիրի վիճակը և զարգացումը հիմնականում չի համապատասխանում համաշխարհային զարգացման միտումներին: Համաձայն ՌԴ ԳԱ գնահատականի` երկրի գիտնականների ներդրումը համաշխարհային գիտական մշակումների ոլորտում կազմել է ընդամենը 2 % (համեմատության համար ԱՄՆ` 35%): Համաձայն ԱՊՀ կանխատեսումների՝ առկա բացասական գործընթացների շարունակման դեպքում որոշ երկրներ չեն կարողանա լուծել տնտեսության զարգացման խնդիրները սեփական գիտատեխնիկական պոտենցիալի միջոցով և հարկադրված կլինեն տեխնոլոգիաների և սարքավորումների ներկրումն իրականացնել զարգացած երկրներից` ընկնելով երկարաժամկետ տեխնոլոգիական ու ֆինանսական կախվածության մեջ, ինչը չի նպաստի նրանց ազգային անկախությանը և պետական անվտանգությանը:

ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին հայտարարեց 19.02.2015թ., որ Հայաստանի մրցակցության բարձրացումը հնարավոր է բացառապես գիտելիքահենք տնտեսության ու գիտելիքի հասարակության ազդեցիկ հիմքերի ստեղծմամբ, տնտեսական գործուն խթանների և պետական արդյունավետ կառույցների կայացմամբ: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը իր նախընտրական ծրագրում 2008թ. հայտարարել էր, որ «գիտելիքն է լինելու հարստանալու հուսալի ճանապարհը»: Այդ հիմքով 2009 թ. մեր ենթահանձնաժողովում հարուցվել է վարույթ և կատարվել  հարցում ՀՀ 10 նախարարություններին, Զարգացման հայկական գործակալությանը, ՀՀ գիտության ազգային ակադեմիային ու «Հայաստան» հիմնադրին գիտահենք տնտեսության զարգացման քայլերի մասին: Ստացված պատասխանների հիմքով կազմվել էր փորձագիտական եզրակացությունը «ՀՀ կայուն տնտեսական զարգացում ու աշխատատեղերի ստեղծում: ՀՀ կառավարության ինովացիոն քաղաքականության արդյունավետությունը և նրա ազդեցությունը տնտեսական զարգացման վրա», որը ներկայացվեց ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանին: Այնտեղ նշված էր, որ վարչապետներ Ա. Մարգարյանի  ու Տ. Սարգսյանի ղեկավարած կառավարություններին չհաջողվեց ինովացիոն քաղաքականությունում հասնել նկատելի բարեփոխումների (նորարարական համակարգի ձևավորման ՀՀ կառավարության լիազորված  մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը), քանզի ոչ արդյունավետ գործողություններ են կատարվել օրենքների պահանջներով և իրենց որոշումներով (ՀՀ կառավարության 28.09.2005 թ. N 1729-Ն, 19.10.2006 թ. N 1426-Ն  ու 02.08.07թ. N 878–Ն որոշումներ), բացակայում է ինովացիոն քաղաքականության գերատեսչությունների միջև համակցված աշխատանքը, արդյունավետ չի համակարգումը ու ֆինանսական ապահովումը, չկա մշակած ոլորտային քաղաքականություն, ինչով հնարավորություն չեն ստեղծվել մրցունակ արտադրությունների զարգացման համար: Զգուշացված էր, որ ՀՀ մրցակցության բարձրացումը հնարավոր է բացառապես գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ գրավիչ գործարար միջավայրում, ապահովելով գիտական մշակումների ստեղծման, ֆինանսավորման, ներդրման, իսկ այնուհետ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) միջոցով դրանց առևտրացման գործընթացը և այն նաև եզակի ռեսուրս է, որը կարող է կտրուկ ավելացնել աշխատատեղերը:

Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի գիտական ոլորտի ծախսերը կրճատվեցին  ՀՆԱ 2.5 %-ից մինչև 0.2%-ի: Նույն ցուցանիշը կազմում է Իսրայելում`4.5%, Շվեդիաում`3.8%, Ֆինլանդիայում`3.4%, Հարավային Կորեայում`3.2% ու ՌԴ-ում`1.1%: Կրճատվեց գիտահետազոտական աշխատանքներում զբաղվածների թիվը 1991թ. 25.3 հազարից մինչև 2012 թ. 5,6 հազարի, 102 գիտահետազոտական ինստիտուտներ մինչև 2011 թ. 72: Համաձայն ՀԶՌ ծրագրի ՀՀ պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների մոտ 80%-ը տրամադրվում է հիմնարար հետազոտություններին և միայն 20%-ը` կիրառական ուղղվածություն ունեցող մշակումներին: Մինչդեռ, օրինակ՝ ԱՄՆ-ում, միջոցների 16%-ն է հատկացվում հիմնարար հետազոտություններին, 26-28%-ը՝ կիրառական հետազոտություննե­րին, իսկ 56-58 %-ը` փորձակոնստրուկտորական աշխատանքներին և տեխնոլոգիա­կան մշակումներին: Խնդիրը ոչ թե նրանում է, որ փոխենք հատկացված միջոցների հարաբերությունը՝ առաջնահերթություն տալով կիրառական հետազոտություննե­րին, այլ ունենք հնարավորություն ուղակի ավելացնել կիրառական հաստատությունների ֆինանսավորման ծավալները՝ հատկացնելով նրանց կառավարությունների կողմից տրամադրվող տարբեր արտասահմանյան ընկերություններին փորձագիտությունների համար միլիոնավոր դոլարների գումարների բաժնից: Գիտության կառավարման ոլորտում անհրաժեշտ է ձեռնարկել զարգացմանն ուղղված քայլեր, կիրառելով ԱՄՆ-ի մոդելը, որը ավելի դեմոկրատական է և արդյունավետ որոշակի չափով բյուրոկրատային ԵՄ մոդելից, ինչի մասին տեղեկացրել եմ և ԵՄ ղեկավարությանը:

Նշված էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախկին նախարար Ն. Երիցյանի օրոք և նրա նախաձեռնությամբ կազմվել էին ծրագրեր, որոնք չեն նպաստել նորամուծությունների առևտրայնացմանը ու հիմնականում ուղղված էին պետական հատվածում ոչ անհրաժեշտ աշխատեղեր ստեղծելուն, չեն նպաստել մասնավոր ոլորտի կազմակերպմանն ու համապատասխան բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործմանը: 2012 թ. որպես ինովացիոն քաղաքականության համակարգման միջգերատեսչական մարմին ստեղծվեց  ՀՀ վարչապետին կից գիտատեխնիկական խորհուրդ, որը 2013 թ-ից հետո այն ընդհանրապես նիստեր չի գումարել: Վերջին տարիներին կառավարման համակարգի կողմից ոչ հիմնավոր սեփականաշնորհվել են ՏՏ ոլորտի նվաճումները և այն հաստատելու համար ստեղծվել են պետական հատվածում տարբեր խորհուրդներ, հանձնաժողովներ ու վարչություններ և այլ: Միաժամանակ ակնհայտ է, որ դա չի կարող լրացնել ընդհանուր բարձր տեխնոլոգիաների ոլորտների քաղաքականության բացակայությունը մարտահրավերներին դիմակայելու համար։

Մեր փորձագիտական եզրակացությունը եզրահանգումները հաստատվեցին 2014 թ. նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի վերլուծությունում «ՀՀ ինովացիոն զարգացման հետազոտություն», որտեղ նշվեց հետևյալը, որ 1) նորարարության կառավարման ոլորտում ներուժը մնում է թույլ, նորարարական ծրագրեր խթանելու բազմաթիվ մարմիններ կան, ինչը չի նպաստում արդյունավետ աշխատանքին ու անհրաժեշտ է հորիզոնական համագործակցություն (մեր կարծիքով նաև ուղղահայաց), 2) շատ քիչ ընկերություններ ի վիճակի են ինքնուրույն կատարել ամբողջ ցիկլը՝ նորարարության գաղափարից դեպի շուկա ու նորարարության բիզնեսի սահմանափակման պատճառն այն է, որ ոլորտում առկա է միջնորդների պակաս, 3) իշխանությունները պետք է ակտիվորեն խթանեն նորարարությունը մասնավոր հատվածում,  ՓՄՁ ոլորտում պետք է իրականացվի նորարարության աջակցության լայնամասշտաբ ծրագիր և այն պետք է ունենա հաստատուն տարեկան բյուջե, ընթացակարգեր և չափանիշներ, 4) գրեթե չկան նորարարությունը վաղ փուլերում ֆինանսավորելու հաստատություններ ու անհրաժեշտ է մշակել ֆինանսավորման համակարգ՝ ներգրավելով նաև գործարարներին, սփյուռքը և վենչուրային կապիտալը, 5) անուղղակի ցուցանիշները ինչպիսին են առևտրի կառուցվածքի փոփոխությունները, վկայում են, որ վերջին տասնամյակներում չկան նորարարության քաղաքականության  բարելավումներ ու 6) ՀՀ-ում ինովացիոն բիզնեսի դերը մնում է սահմանափակ, բացառությամբ ՏՏ ոլորտի: Պահանջվում է ներկայիս արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մեջ, բացի  ՏՏ ոլորտից ներգրավել նաև այլ բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել ոլորտային հատուկ ռազմավարություններ: Նորարարությունն ու տեխնոլոգիական արդիականացումը կխթանեն արտահանումը բարձր ավելացված արժեքով ապրանքներով, կավելացնեն նոր աճի աղբյուրներ և կհաղթահարեն տնտեսական զարգացման խոչընդոտները, կապված ներքին շուկայում փոքր չափի ու տրանսպորտային խնդիրների հետ:

Համաձայն եվրոպական փորձագետների զեկույցի չկա նաև գործող համընդհանուր միջնաժամկետ ՓՄՁ ռազմավարություն: Գերփոքր ձեռնարկությունները՝ (10 աշխատող) կազմում են գրանցված բոլոր ՓՄՁ-ների 92%-ը ու հիմնականում զբաղվում են մանրածախ և մեծածախ առևտրով, չնայած քաղաքականության՝ արտահանմանն ուղղված տնտեսական աճի ապահովման միտվածությանը, ՓՄՁ միջազգայնացումը Հայաստանում շարունակում է սահմանափակ մնալ  (ՓՄՁ քաղաքականության համաթիվ արևելյան գործընկերության երկրներ 2016. Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի իրականացման գնահատում): Փոքր ձեռնարկությունների ընդամենը 6.9%-ը և միջին ձեռնարկությունների 7.8%-ն է (իրացման ծավալների առնվազն 1%) ուղղակի կամ անուղղակի արտահանում է կատարում (տարածաշրջանային՝ համապատասխանաբար 15 % և 25.6 % միջին ցուցանիշի համեմատ) (ՎԶԵԲ, 2014թ.):

Այդպիսով կարելի է եզրահանգել, որ նախկին տասնամյակներում ոլորտի կառավարումը կատարվել է ոչ արդյունավետ, կառավարիչները չեն  տիրապետել  անհրաժեշտ գործիքակազմով և այդ պատճառով մինչ օրս մենք չունենք ոչ մի տեղական առևտրայնացած ինովացիոն ծրագիր արդյունաբերության ոլորտում, ոչ էլ տեխնոպարկ և այլ ու չենք ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործում: Միևնույն ժամանակ ՀՀ արտահանման քաղաքականության մեջ բացակայում է գիտության հաշվին արտադրությունում ավելացված արժեք ստեղծելու և արտահանելու բաղադրիչը: Համաձայն ՀԶՌ ծրագրի 2011-2013 թթ. մրցունակության համաշխարհային զեկույ­ցում նորարարությունների ցուցանիշով Հայաստանը 144 երկրների շարքում զբաղեցրել է 105-112-րդ տեղերը: Բայց չնայած առկա մեծ կորուստներին՝ միջազգային գնահատականով ՀՀ նորարական ներուժը որոշող Գլոբալ ինովացիոն ցուցանիշով (GII – 79 ցուցանիշների ընդհանրացում) 144 երկրի շարքում ՀՀ դեռ ունի բավականին բարձր դիրք ու տարածաշրջանում զիջում է միայն ՌԴ-ը և Թուրքիային (ՌԴ՝ 42, Թուրքիա՝ 58, Հայաստան՝ 61, Վրաստան՝ 73, Ադրբեջան՝ 93  տեղ (Հայաստանի ցուցանիշները` ներկայցված արտոնագրային հայտերի ազգային արտոնագրային գրասենյակից – 18, գիտական և տեխնիկական ամսագրային հոդվածների – 27, կապ, համակարգչային և տեղեկատվական ծառայություններ արտահանումը – 21, բայց բարձր և միջին բարձր տեխնոլոգիաների արտադրանքի – 91 ու բարձր տեխնոլոգիաների զուտ արտահանում – 93, իսկ ներմուծում- 87 դիրք) (The Global Innovation Index 2015. Effective Innovation Policies for Development): Այսինքն, առկա են ժամանակակից արդյունավետ ինովացիոն տնտեսություն ստեղծելու նախադրյալներ, իսկ եղած նորարարությունների առևտրայնացմամբ կարող ենք դառնալ գոնե տարածաշրջանի առաջատար, բայց չենք օգտագործում մեր առավելությունը բոլոր ոլորտներում, չենք կատարում արդյունաբերության ոլորտում նորարարությունների  առևտրացում տնտեսության զարգացման համար ու չենք նպաստում տեղական առաջադեմ «քայքայիչ» նորարարությունների մուտքին միջազգային շուկաներ: Ակնհայտ է, որ ներկայիս տնտեսական փուլում նորարարական գործունեության և տեխնոլոգիական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը պետք է լինի իշխանության կարևորագույն խնդիրը, բազմաճյուղ տնտեսություն կառուցելու և արտահանման կառուցվածքը բարելավելու համար:

 

Եզրակացություն: Վերագրյալից ակնհայտ է, որ պետական մարմինների կողմից տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված քաղա­քա­կա­նութ­յունները և կոնկրետ միջոցառումները պետք է ունենան դրանց արդյունավե­տության գնա­հատման հստակ գործընթացներ: Այդ հաստատվում այն փաստերով, որ անգամ տնտեսական ոլորտի նախարարությունները տարեկան հաշվետվություններում չէին ներկայացրել կատարվող ծախսերի արդյունավետությունը: Մյուս կողմից չկա և պետական մարմինների համակցված աշխատանք, քանզի անգամ վերջերս  քննարկմանը ներկայցված Հարկային օրենսգրքի բացատրություններում բացակայում էր ռիսկերի գնահատում, այդ թվում ինչպես հարկային բեռի ավելացումը չի նպաստի արտագաղթի աճին, բնակչության գնողունակության և այլ կյանքի որակի ցուցանիշների նվազման: Եվ այդ կատարվում է այն հանգամանքում, որ այս տարի առաջին անգամ 1970 թ-ից Հայաստանի բնակչության քանակը կազմում է 3 մլն ցածր թիվ: Դրա համար պետական մարմինների կողմից տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված քաղա­քա­կա­նութ­յունները և ծրագրերը պետք է ունենան արդյունավե­տության գնա­հատման հստակ գործընթացներ, այդ թվում աշխատեղերի ստեղծման և արտագաղթի նվազման ու պատասխանատվության ենթարկելու ընթացակարգեր: ԱՄՆ-ի կառավարման համակարգը պարտադիր ապահովում է իր գործընթացների թափանցիկությունը, ուղղված է և հանրության հետ փոխգործողության խթանմանը, ինչը նպաստում է գործառնական արդյունավետությանը (the President Memorandum “Open Data Policy — Managing Information as an Asset”, 9.03.2013; M-13-13 Memorandum for the heads of executive departments and agencies): Մեզ մոտ հանրությունը չի ստանում ամբողջական տեղեկատվություն կառավարական համակարգից, որը նպաստում անպատասխանատվության մթնոլորտի ձևավորմանը, առկա է «գիրք կարդալով» ծրագրեր կազմելու պրակտիկա, որոնց կատարողականը ցածր է, ինչը նպաստում է անվստահության մթնոլորտի ձևավորմանը և պետական միջոցների վատմանը: Այդպիսով, մեզ չպիտի գոհացնի այն վիճակը, որ այսօր առկա է ՀՀ տնտեսությունում և բացասաբար է ազդում մեր պետական ու տնտեսական անվտանգության և հանրության կյանքի որակի վրա:

Գիտության և  բարձր տեխնոլոգիաների հիմքի վրա մրցակ­ցային առավելությունների ստեղծումն ու զարգացումը պետք է դառնան առաջնահերթ նախապայման, որոնք կհանգեցնեն տնտեսական աճի որակապես նոր գործոնների առաջացմանը ու հանրության կյանքի որակի բարձրացման: Կա, իհարկե, այլ ելք, բայց դրա համար ՀՀ կառավարությունը պետք է որոշում ընդունի, պարտադրելով մյուս պետություններին, ստեղծել աշխատատեղեր հայաստանցիների համար` հիմնավորվելով, որ նրանք այդ երկրների համար ստեղծում են մեծ հարստություն ու դրա միայն մի փոքր մասը ուղարկում են մասնավոր տրանսֆերտների տեսքով: Որոշման գրավչությունը բարձրացնելու համար կարելի կենաց ասել՝ բարձրացնելով գինով կամ մրգային օղով լի բաժակը ու որպես նախուտեստ միայն պահածոներ, մսամթերք, ձկնատեսակներ ու ձկնամթերք մատուցելով, միաժամանակ բյուջեի միջոցները կենսաթոշակային բարեփոխումների վերնագրով արտասահմանյան հիմնադրամներին օտարելով, և այդ գործիքով մասնավոր հատվածի գնողունակությունը իջեցնելով: Այդ դեպքում իհարկե Հայաստանի տնտեսությունը չի հզորանա, բայց արդեն կառավարությունը կկարողանա մեկ տնտեսական ճգնաժամից մինչև մյուսը հանգիստ ապրել ու ճգնաժամերի մեղքերն  օրինականորեն բարդել այլ պետությունների կառավարման համակարգերի վրա: Վերջերս հնչում են մեղադրական պահանջներ՝ ուղղված մեր տարբեր բարեկամ պետություններին, որոնց հետ արդյունավետ արտաքին քաղաքականության ներքո հաջողվում է պահպանել և զարգացնել հարաբերությունները: Այստեղ պետք է հիշել մեր բոլորի կողմից սիրված Շարլ Ազնավուրի մեջբերումը «սեփական գերանն անտեսելուց և ուրիշի աչքի փուշը մատնացույց անելուց պետք է խուսափել»:

Ընդհանրապես մեր հետխորհրդային պատմությունը վկայում է, որ հանրության խոշոր հատվածները հիմնականում անվստահությունն են արտահայտում  գործող կառավարման համակարգին հենց ընտրական գործընթացների ժամանակահատվածներում: Մեկ տարուց պակաս ՀՀ մտնում է ընտրությունների նոր կարևորագույն փուլ տնտեսական ճգնաժամի պայմաններում և դրանից բխող հանրության ռադիկալ տրամադրությունների աճով: Հաշվի առնելով նաև արտաքին մարտահրավերները, մեր պետական անվտանգության ու ներքին կայունության պահպանման խնդիրները, 2008 թ. ընտրությունի արյունոտ դեպքերի կրկնության կանխարգելման համար՝ խիստ  անհրաժեշտ է անհապաղ կիրառել պետական մտածելակերպ ու դիմել  կարդինալ քայլերի բնակչության կյանքի որակի բարձրացման և ապագայի տեսլականի լավատեսության ավելացման ուղղությամբ: Հայաստանում ստեղծված նոր իրողությունը պարտադրում է ամբողջ հանրությանը, կառավարող և այլ քաղաքական ու հասարակական առողջ ուժերին ներդնելու նոր տնտեսական ծրագրեր և յուրահատուկ մոտեցումներ, միտքն ու գիտելիքներն է պետք ծառայեցնել դրան ու մենք պարտավոր ենք երկրի ներսում հասնել սոցիալական համերաշխության և վստահության մթնոլորտի առկայությանը (ՀՀ նախագահ Ս. Սարգսյան, 2016 թ.):

Առաջարկություններ: Վերագրյալ հիմքով առաջարկում եմ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին հետագա կայուն զարգացման համար անհապաղ իրականացնել հետևյալ բարեփոխումները.

  1. Անցում կատարել բանանային, գաղութային և ռենտային տնեսության մոդելներից դեպի արդիական գիտահենք տնտեսության մոդելի: Առաջնություն պետք է տրվի երկրում արդեն մշակած նորարական արտադրական ծրագրերի առևտրացմանը, մասնավոր հատվածում նորարարություններին օժանդակող ենթակառուցվածքների ստեղծմանը, ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացմանը և այդ հիմքերով գործարանների գործարկմանը՝ նոր արտադրատեսակներով:
  2. Ապահովել ՀՀ Սահմանադրության 49 հոդվածի անմիջական գործողությունը, Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 13, 71 հոդվածների կանոններով ու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան խորհրդակցությունում 28.09.2011թ. դիրքորոշումով դադարեցնել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ու Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի լիազորությունները: Օրենքի գերակայություն ամրապնդման, գործարար միջավայրի բարելավման, ՕՈՒՆ ներգրավման, մարդու իրավունքների պաշտպանության ու դատական համակարգում արդարության որակի և մատչելիության բարձրացման և դատավորների ներքին անկախության բարձրացման համար ստեղծել դատական համակարգից դուրս «Դատավորների գնահատման հանձնաժողով»,  բոլոր ընդունած վճիռները գնահատելու և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորություններով: Հանձնաժողովի կազմում ընդգրկել միայն ՀՀ նախագահի վերահսկողության  ծառայության, ՀՀ կառավարության ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ դատախազության և ՀՀ պետական անվտանգության  ծառայության և հավասար չափով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ փաստաբանական պալատի և հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ապահովել պայմաններ նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպանին լիարժեք կատարելու իր պարտականությունները և որպես առաջին քայլ հանձնաժողովին հանձնարարել վերանայել նախկին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումները՝ ապահովելով քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:
  3. Դիտարկել համատիրությունների գործելու հետագա անհրաժեշտությունը, նրանց գործունեության օրինակությունը և վերացնել հանրության կյանքի որակի և գնողունակության վրա այդ ոլորտի ազդեցությունը:
  4. Էներգետիկայի ոլորտում կատարել կառուցվածքային և այլ բարեփոխումներ՝ ապահովելով սակագնային քաղաքականության գործիքներով հանրության կյանքի որակի բարելավում ու վերացնել սակագնային քաղաքանության խոչընդոտների բացասական ազդեցությունը ՀՀ տարբեր ոլորտների մրցունակության վրա:
  5. Բնապահպանության ոլորտում բնական պաշարների անխնա թալանի դեմն առնելու համար անմիջապես ձեռնարկել միջոցներ բնապահպանական և բնօգտագործման վնասների փոխհատուցման վճարների բարձրացման, ապահովելով բյուջետային մուտքերի ավելացում և բնակիչների կյանքի որակի վրա բացասական ազդեցությունների նվազում, ներկայացնելով ՀՀ Ազգային ժողով լիարժեք օրենսդրական փաթեթ այդ նպատակներին հասնելուն:
  6. Վերլուծության ենթարկել «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառման ազդեցությունը պետբյուջեի դեֆիցիտի և աշխատեղերի ավելացման, քաղաքացիների գնողունակության,  կյանքի որակի նվազման և համապատասխան միգրացիոն հոսքերի, ծնելիության ու ընդհանրապես ճգնաժամային ժողովրդագրական իրավիճակի վրա: Համեմատել արդյունավետությունը պետբյուջեի միջոցների  հատկացման ընտրված սցենարով և տնտեսական զարգացման  սցենարների հետ, որը կարող է ապահովել և ժամանակակից տնտեսության կայացումը, և համապատասխանաբար կենսաթոշակառուների իրավիճակի բարելավումը:
  7. Օրենքով սահմանել ՀՀ կառավարության կողմից մշակվող ծրագրերի և հաշվետվությունների, ինչպես նաև օրենքների նախագծերի հիմնավորումների կառուցվածքը: Որպես պարտադիր պայման դիտարկել սպասվող և վերջնական արդյունքի գնահատումը: Օրենքով ամրագրել պատասխանատվության ընթացակարգեր՝ արդյունքի մեծ բացասական շեղման դեպքում: ՏՏ միջոցով լիակատար ներկայացնել հանրությանը կառավարման մարմինների կողմից կատարվող աշխատանքների  սպասվող և վերջնական արդյունքները (օրենքների նախագծեր, ծրագրեր և այլն):

    Արմեն Բ. ԱՎԱԳՅԱՆ
    Հոդվածի 1 մասին կարող եք ծանոթանալ այս հասցեով , 2 մասին , 3 մասին այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031