Այսօր Խորենացիում հանրահավաքը սկսվելուց առաջ ոստիկանները 3 քաղաքացու են բերման ենթարկել: Այդ մասին հանրահավաքին հայտարարեց Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Նա ասաց, որ տեսագրություններ կան, թե ինչպես են բռնի ուժով այդ քաղաքացիներին տարել. «Իբր թե սադրիչ են ու իբր թե ոստիկանները գործ են անում»:
Լեւոն Բարսեղյանը դիմեց Մարդու իրավունքների պաշտպանին եւ իրավապաշտպաններն, որ միջամտեն. «Այս ռեժիմը չհասկացավ, որ դա մեթոդ չէ: Առանց որեւէ փաստաթղթի թեւերը ոլորել, տարել են, փաստորեն: Առանց պետհամարանիշի մեքենաներով են եղել: Իրենց սովորությունն է, իրենց թվում է,դեռ ապրում են Սովետական միությունում»:
Դեպքը, ըստ նրա, տեղի է ունեցել ժամը 20-ի սահմաններում:
Կարդացեք նաև
Լեւոն Բարսեղյանը նաեւ ասաց, որ մի քանի հոգու այսօր կալանավորել են այն բանի համար, որ իր անձնական հեռախոսից զանգել է ապստամբի հետ կապ ունեցող մարդու. «Մարդու հեռախոսին զանգ է գալիս, մարդը քնած է լինում, հետ է զանգում, նրան 2 ամսվա կալանք են տալիս՝ իբր համագործակցել է ապստամբների հետ: Այս է Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ