«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ու «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամն այսօր փոխըմբռնման հուշագիր կնքեցին Տավուշի մարզի Կողբ գյուղում «Թումո» կենտրոն բացելու մասին:
«Հայաստանի տարբեր վայրերում բնակվող պատանիների համար «Թումո»-ն գնալով ավելի հասանելի է դառնում: Շատ ենք կարևորում «Կողբ» հիմնադրամի հետ այս համագործակցությունը, քանի որ այն, միավորելով մի քանի համայնքներ, հնարավորություն կտա «Թումո»-ն տարածել ավելի փոքր բնակավայրերում: Կողբի «Թումո»-ն կընդգրկի ոչ միայն տեղի, այլև Նոյեմբերյանի, Բերդավանի և մոտակա գյուղերի պատանիներին, որոնք կկարողանան մասնագիտանալ, ժամանակակից հմտություններ ձեռք բերել, ինչպես նաև ապագայում աշխատել տեղում՝ ոչ միայն չլքելով իրենց ծննդավայրը, այլև զարգացնելով այն»,- ասաց «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանը:
Նախաձեռնությունն իրականություն կդառնա «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի ու «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համագործակցության, ինչպես նաև արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրօղլու, Նշան Դևեդջյանի և այլ բարեգործների աջակցության շնորհիվ:
«Կողբում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ժամանակակից կենտրոնի բացումը կնպաստի Կողբի, Նոյեմբերյանի, Բերդավանի և մոտակա գյուղերի երեխաների արտադպրոցական կրթությանն ու մրցունակությանը, ինչպես նաև այդ համայնքներում ընդհանրապես կյանքի որակի բարելավմանը»,- նշեց «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը:
Կենտրոնի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա սեպտեմբերին, իսկ ուսումնական գործընթացը՝ 2018 թվականին: Այնտեղ սովորելու հնարավորություն կունենա 12-18 տարեկան առնվազն 600 ուսանող։ Ինչպես Երևանի, Դիլիջանի, Գյումրու և Ստեփանակերտի «Թումո»-ներում, այնպես էլ այստեղ, ուսումն անվճար կլինի:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ